Մեր օրակարգը չի փոխվել․ Փաշինյանի հեռացումը մեկ գործողություն չէ, պետք է բացահայտենք այս իշխանությունների մնացած խոստումների սնանկությունը․ Արծվիկ Մինասյան
Գլխավոր » Լրահոս » Մեր օրակարգը չի փոխվել․ Փաշինյանի հեռացումը մեկ գործողություն չէ, պետք է բացահայտենք այս իշխանությունների մնացած խոստումների սնանկությունը․ Արծվիկ Մինասյան

Մեր օրակարգը չի փոխվել․ Փաշինյանի հեռացումը մեկ գործողություն չէ, պետք է բացահայտենք այս իշխանությունների մնացած խոստումների սնանկությունը․ Արծվիկ Մինասյան

-Մենք նախորդ անգամ կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցանք և նաև ելույթներ, նույնը շարունակվելու է այսօր, ունենալու ենք հարցեր, քաղաքական, արտաքին, ներքին։ — Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա հնարավորություն է զեկույցի շրջանակներում շատ հարցեր շարունակելու, որոնք դեռևս կիսատ են մնացել։ Մենք նախորդ քննարկման ժամանակ մտանք բովանդակային քննարկման դաշտ։ Այս պահի դրությամբ այլ բան չունենք որոշված, հատկապես մարզային այցերը, որոնք որ մեր խմբակցությունը կազմակերպում է, բազմաթիվ հարցադրումներ բնակիչների կողմից բարձրացվում են, սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սոցիալ-տնտեսական բնագավառից»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե իրենք ա՞յլ օրակարգով էին եկել խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենց օրակարգը շարունակվում է․ «Դուք հնչեցնում եք գնահատական, որն արդեն քաղաքական գործչի գնահատական է, մեր օրակարգը չի փոխվել, հեռացումը մեկ գործողություն չէ, որ ճտցնես հեռանա, հետևողականորեն մենք պետք է  բացահայտենք այս իշխանությունների մնացած խոստումների սնանկությունը։ Անընդհատ պետք է հիշեցնել՝ դուք, ձեր նախընտրական ծրագրում սա եք ասել, հիմա իրականացնում եք ուղիղ հակառակը, ժողովո՛ւրդ, ընտրողնե՛ր, դուք, որ ձայն եք տվել այս մարդկանց, սրա՞ համար եք տվել, որ գան ձեզ հրապարակային խաբեն։ Մեր քաղաքացիներից շատերը տեղյակ էլ չեն սրանից, թեև մենք անընդհատ բարձրաձայնում ենք, բայց հասարակության մեջ շարունակվում է այն պատկերացումը, որ իշխանությունը անում է այն, ինչ խոստացել էր»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ հասարակական կարծիքը միշտ էլ կարևորել են, բայց մտածել և միայն այդ կարծիքով են առաջ գնացել՝ այդպես չէ․ «Շատ ենք կարևորել հանրության շրջանում ամբողջական տեղեկատվության ներկայացումը։ Ի վերջո մեր օրակարգային հարցերը առանց փոփոխելու, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համոզված կերպով պաշտպանեն ընդդիմության տեսակետը,  որ այս իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել, բայց դա կարևոր է նրանով, որ մարդիկ ոչ թե էմոցիայի, ոչ թե պոռթկման հիման վրա, այլ՝ խորապես գիտակցելով, որ այս իշխանությունը կործանարար է, փորձում ենք դա բացատրել, առանց լուրջ հետին մտքի, մեր նպատակը պարզ է՝ այսօր հայրենիքը հայտնված է ծանրագույն վիճակում, և փրկության միակ բանալին մեր ժողովրդի ձեռքում է, և եթե ժողովուրդը չհամախմբվի, դա կդառնա անհնարին։ Պատճառներից մեկը նա է, որ իշխանության ապատեղեկատվության ներքո կա ճնշող մեծամասնություն, հատկապես մարզաբնակները, որտեղ մարդիկ մտածում են, թե իշխանությունը կատարում է  իր խոստումները։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղեկատվությունը, մեր քարոզչական արշավները, մեր կառավարությանը հարցումներով բացահայտելու իրենց թերությունները, սխալները, մենք այս մասով թերացել ենք»,- ասաց նա։

yerkir.am

1