«Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը
Գլխավոր » Լրահոս » «Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը

«Հայաստան» խմբակցությունն ամփոփել է խորհրդարանական շաբաթը

Այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթը և պատասխանեցին լրագրողների հարցերին:

-Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ներառյալ Նիկոլ Փաշինյանի, շատ ավելի լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, դրա համար ինքը երկրորդ պահանջն է առաջադրում, միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում: — Իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը:

-Փաշինյանը շարունակաբար, անընդհատ Արցախը մղում է դեպի Ադրբեջան, վտանգավոր հայտարարություններ է անում՝ անջատում հանուն փրկության կամ ժողովրդի ինքնորոշման իրավունքի կոնցեպտը գլխիվայր շուռ տալով։

Հիմա էլ սկսել է մանիպուլյացնել Մադրիդյան սկզբունքները. գլխիվայր շուռ տալով՝ փորձում է հիմա էլ մի այլ փորձանքի մեջ գցել հայ ժողովրդին։ Ինչի՞ համար է դա անում։ Այս հարցի պատասխանը երևի իրենք պետք է տան,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան հաղորդմանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց.

-Դատախազությունը՝ որպես այսօրվա իշխանության ամենաարտահայտված կառույց, հստակ որդեգրել է երկակի ստանդարտ, և այդտեղ մշտապես տուժում է այն հատվածը, որը չի կիսում այս իշխանությունների տեսակետը: Դատախազությունը և իրավապահ ողջ համակարգը ծառայում են օրվա քաղաքական իշխանության նույնիսկ ապօրինի վարքագիծն օրինականացնելուն:

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ առավոտյան լուրերն ասում էին, թե կա առաջընթաց կամ ըմբռնում հայ-ադրբեջանական բանակցություններում. ինչքան այս իշխանությունները բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:

-Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է՝ ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել և ստեղծել ինչ-որ մի պետություն, որի ապագան նույնիսկ իրենք չեն պատկերացնում, — ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, թե ունեն լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։

Ինչ երեկ փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը, ավելի շատ սազական էր գիտագործնական սեմինարի։

-Փաշինյանի ասածն այն էր, որ պետք է փոխենք մեր պետության և հայրենասիրության մոդելը, այսինքն՝ փոխենք այն, ինչի վրա հիմնված է այս հանրապետությունը, որովհետև նման մտավարժանք 33 տարի առաջ օգոստոսին էր, երբ ձևավորվում էր Հայաստանի անկախ պետականությունը, երբ մշակվում էր անկախության հռչակագիրը։ Այդ պետականության մոդելի առանցքում Արցախի խնդիրն էր, Ցեղասպանության խնդրի միջազգային դատապարտումն էր։ Այնտեղ կետ կա, որ ՀՀ-ն շարունակում է կամ կրողն է Առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների։ Կար պետական մոդել, իսկ հիմա Փաշինյանն ասում է՝ այս ամենը քանդենք և ստեղծենք մեկ այլ հայրենասիրական մոդել, և դա նշանակում է վերջ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, և ինչ ուզում է լինի մենք խաղաղություն ենք ուզում։ Մեզ խփեն, լրացուցիչ պահանջներ ներկայացնեն, մենք ասում ենք՝ չէ, մենք որևէ բան չենք անում և գնում ենք խաղաղության։ Իսկ այն, որ ցանկացած զիջում բերում է նոր պահանջների՝ ակնհայտ է․ հիշեք՝ երբ ադրբեջանցիները փակեցին Լաչինի միջանցքը, առաջին պահանջը եղավ Կաշենի հանքը, դա փակվեց, բայց շրջափակումը չվերացվեց, հաջորդը եղավ Ռուբեն Վարդանյանի պաշտոնից զրկումը, նա պաշտոնանկ արվեց, և՞․․․ Սա թուրքական քաղաքականությունն է, սա թուրք-ադրբեջանական պետության էությունն է՝ հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ, և ինչքան դու ընկրկում ես, այնքան իրենք լկտիանում և պահանջներ են ներկայացնում,- ասաց նա։

arfd.am

1