Դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը կասկածի տակ է դնում ԱՀ ԱԺ հայտարարությունները

ԱՀ Ազգային ժողովի՝ ապրիլի 27-ին կայացած նիստի ժամանակ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ԱՀ ԱԺ պատգամավորները իրեն սովորաբար լավ չեն հասկանում և այս անգամ էլ ճիշտ չեն հասկացել:
«Ազգային ժողովի հայտարարությանը ծանոթ եմ։ Անկախ նրանից, թե ում կողմից ինչ բնույթի և ինչ նպատակ հետապնդող հայտարարություն է արվում, ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը կասկածի տակ է դնում Արցախի կամքն արտահայտող մեր 30-ամյա պատմությունը, որը որևէ կերպ կասկածի տակ է դնում ԱՀ ԱԺ հայտարարությունները՝ կապված արցախյան խնդրի հետ, որը կասկածի տակ է դնում մեր պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի ճակատագրի հետ կապված»,- մասնավորապես ասել է պետական նախարարը:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարց է ուղղել նաև ՀՀ վարչապետի այն հայտարարության շուրջ, թե Լաչինի միջանցքի անվտանգությունը երաշխավորելու համար պետք է լայն մանդատով միջազգային խաղաղապահներ ընդգրկել՝ դրանով իսկ ստվերելով ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը: «Հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե Արցախի Հանրապետության իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով կատարվող բոլոր գործընթացներին, Դուք և՞ս համամիտ եք և կիսում եք այս մոտեցումը»,- հարցրել է պատգամավորը:
Ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների կողմից արվող որևէ հայտարարություն իր հետ չի քննարկվել: «Ես պասիվություն եմ տեսնում ԱՀ կողմից իրականացվելիք աշխատանքների հետ կապված, և քանի որ արտաքին գործերի ոլորտն իմ համակարգման ոլորտը չէ, ես այդ աստիճան ներգրավված եմ այդ գործին, բայց խորհրդատվական բնույթի միջնորդություններով եմ հանդես գալիս ԱՀ արտաքին գործերի նախարարության հետ: Կարծում եմ՝ անհամեմատ ավելի շատ անելիքներ ունենք մենք»,- ասել է նա: