Շրջափակման պայմաններում էներգետիկ ճգնաժամը մեզ նոր մարտահրավերներ է նետում

Շրջափակման պայմաններում էներգետիկ ճգնաժամը մեզ նոր մարտահրավերներ է նետում, ունենք արևային ջրատաքացուցիչների և էլեկտրական կայանների մեծ պահանջարկ, որը կարող է թեթևացնել էներգետիկ բեռը: Այս մասին ապրիլի 27-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը՝ պատասխանելով ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանի հարցին:
Պատգամավորը նշել է, որ գալիք ձմռան նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նպատակահարմար կլինի նաև էներգետիկայի ասպարեզում որոշ ձեռնարկումներ իրականացնել, մանավանդ արևային էներգիան օգտագործելու համար: «Ժամանակն է մի քիչ արագաթափ աշխատանք կատարել այս առումով: Եկող ձմռանն ավելի վատ վիճակում հայտնված կլինենք, մանավանդ այսօրվա կացության պայմաններում»,- ասել է Վահրամ Բալայանը՝ հիշեցնելով, որ ՀՕՄ-ի կողմից 100 ջրատաքացուցիչներ են տեղադրվել, որին պետք է հաջորդեր կառավարության նմանօրինակ աշխատանքը, սակայն առ այս պահը ոչինչ չի արվել:

ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ ջրատաքացուցիչների տեղադրման ծրագիրը գործում է. «Շրջափակմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ ջրատաքացուցիչները հնարավոր չէ ներկրել այս պահին, ունենք հայտեր, հնարավորության դեպքում կներկրվեն: Նաև համայնքներում և հասարակական, վարչական շենքերում արևային, էլեկտրական կայանների տեղադրման ծրագիր ունենք, որը ևս ճանապարհը բացվելու դեպքում կյանքի կկոչվի»:
Հարցին արձագանքել է նաև ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ քննարկումներ են ունեցել բարեգործական կազմակերպությունների հետ, որոնցից մի քանիսը ստանձնել են Մարտակերտի շրջանի մի քանի համայնքներ արևային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչներով ամբողջովին ապահովելը: «Բյուջեով այդ ուղղությամբ օգտագործելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամի չափով ֆինանսական միջոց: ՀՕՄ-ի ծրագրի հետ կապված խնդրի մասին մի քանի օր առաջ եմ տեղեկացել, կփորձեմ պարզել՝ ինչն է խնդիրը: Այստեղ ամենամեծ խնդիրը ոչ թե կամքի կամ միջոցների բացակայությունն է, այլ անհրաժեշտ սարքավորումները ՀՀ-ից Արցախ տեղափոխելը»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը: