Վիճակը շատ ծանր է, թվում է՝ անելանելի, բայց Արցախն ընտրած ուղուց չի շեղվելու․ նպատակը հստակ է, մնում է շատ ճիշտ հաշվարկել քայլերը․ Արմեն Սարգսյան

Ադրբեջանի նպատակն Արցախին տիրանալն է և դրա համար օգտագործում է ցանկացած հարմար պահ։ Ի տարբերություն հայկական դիվանագիտության՝ թշնամու դիվանագիտությունը շատ հստակ է․ նրանք բաց չեն թողնում առաջ գալու, գերիշխող դիրք գրավելու ոչ մի հնարավորություն։ Եվ արդեն ինչքան ժամանակ է՝ քայլ առ քայլ առաջ են գալիս՝ ավելի ու ավելի անելանելի դարձնելով մեր վիճակը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Սարգսյանը։
«Ադրբեջանը, մի կողմից օգտվելով աշխարհաքաղաքական վիճակից՝ խոշոր խաղացողների հակասություններից, մյուս կողմից՝ ՌԴ-ի՝ Ուկրաինայով զբաղված լինելուց, խորանում է մեր տարածքներում։ Ադրբեջանի հաջողություններին նպաստում է նաև ՀՀ քաղաքականությունը։ Նրանք շատ լավ հաշվարկել են ՀՀ-ից սպասվող քայլերը․ Տեղի դեպքերը ևս դա ապացուցեցին։ Գիտեին, որ Հայաստանը որևէ գործնական քայլով չի հակադրվելու իրենց։ Արցախի հարցում էլ, վստահ են, որ ՀՀ ղեկավարությունն առավելագույնը հայտարարություններ է անելու»,-ասում է Սարգսյանը։
Ոչ արևմտամետության, ոչ էլ ռուսամետության հետ չի համակերպվում Սարգսյանը։ Ասում է՝ ամեն ինչ պետք է արվի՝ ելնելով բացառապես սեփական շահից ու նպատակահարմարությունից։ Կոնկրետ այս իրավիճակում Արցախն, ըստ նրա, տարբեր ձևաչափերով պիտի աշխատի ՌԴ-ի և Արևմուտքի հետ, որպեսզի չխորտակվի նրանց՝ հետզհետե խորացող հակասությունների պատճառով։
Քաղաքական գործիչը մեր այսօրվա վիճակի գլխավոր պատճառներից մեկը համարում է միասնական դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն չունենալը։ Ուշադրություն հրավիրելով այն ցավոտ իրողության վրա, որ ՀՀ իշխանությունն Արցախը դիտարկում է Ադրբեջանի կազմում ՝ Սարգսյանը շեշտում է․ «Արցախը չի ուզում հակադրվել մայր Հայաստանին, բայց այս՝ Արցախի կարգավիճակի հետ կապված հարցում, բացառվում է, որ Հայաստանի իշխանությունների հետ նույն դիրքորոշումն ունենանք։ Արցախի վիճակն, իրոք, շատ ծանր է․ ռեսուրսները քիչ են, մայր Հայաստանի ու Սփյուռքի օգնության կարիքը շատ է զգացվում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Համենայնդեպս, մեր ընտրած ճանապարհից՝ ճանաչման համար պայքարից, չենք շեղվելու»։
Այն, որ ազգովի, միասնական ուժերով պայքարելու դեպքում շատ ավելի հեշտ ու հավանական կլինի հաջողելը, Սարգսյանը կասկած չունի, բայց այս վիճակում էլ համոզված է, որ այլ տարբերակ Արցախն, ուղղակի, չունի։
«Արցախն, ըստ էության, մենակ է մնացել, բայց մի կարևոր հանգամանք կա․ հստակ սահմանված է նպատակը, որին ուզում ենք հասնել․ մնում է մշակենք ուղիները, որոնք թույլ կտան հասնել դրան։ Այդ ուղղությամբ դեռ լրջորեն պետք է աշխատենք, հարմար պահը կարողանանք օգտագործել․․․ Ինչ էլ լինի, մի բան միանշանակ է․ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով Արցախը չի կարող գտնվել։ Այդ կարմիր գիծը վաղուց գծված է ու որքան էլ դժվար լինի ճանապարհը, պիտի անցնենք»,-շեշտում է Սարգսյանը։
Այսքանով հանդերձ, քաղաքական գործիչը լավատես է․ հիշեցնում է ՀՀ առաջին հանրապետության հռչակման ժամանակ առկա իրավիճակը, երբ թշնամին հասել էր Սարդարապատ, Եղեռնից հրաշքով փրկված մեր հայրենակիցներն էլ լցվել էին գյուղերն ու քաղաքները, բայց Հայաստանն անկախություն ձեռք բերեց։ Նման ծանր իրավիճակում անկախանալու հնարավորությունը, Սարգսյանի համոզմամբ, հաջողվել էր պայքարելու շնորհիվ։
Տարբեր ժամանակներում աշխարհաքաղաքական գործընթացներն ու զարգացումները վերլուծելով՝ Սարգսյանը եկել է այն համոզման, որ միասնաբար, համատեղ ուժերով միշտ շատ ավելի հեշտ է եղել պայքարելն ու հաջողելը, քան անջատ։ Հույսը, որ այդ գիտակցումն, ի վերջո, կարմատավորվի մեր ազգի մոտ և կձևավորվի միասնական հայկական դիվանագիտություն, Արմեն Սարգսյանը չի կորցնում։
Աղբյուր` Փաստինֆո