Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումից Թուրքիայի տագնապներն ամենևին էլ չեն մարել

Ապրիլի 26-ին Երկիր մեդիա հեռուստատեսության «Երկրի հյուրասրահ»-ը հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Խոսելով վերջին երկու շաբաթների ընթացքում Միջին Արևելքի երկրներ` Սիրիա և Լիբանան կատարած այցելությունների մասին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է տեղի ունեցած համայնքային հանդիպումները, որոնց ժամանակ ներկայացվել է Սիրիայի և Լիբանանի հայության զորակցության և օժանդակության ուղղությամբ ՀՅԴ մեծ ընտանիքի գործունեությունը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Սիրիայի քաղաքական շրջանակների հետ հանդիպումներին: Քննարկվել են ավերիչ երկրաշարժից տուժած շրջանների հայությանը պետական մակարդակով ցուցաբերված օժանդուկության և հետագա աջակցության հնարավորությունները` նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Պատասխանելով հարցին` ինչով կբացատրեք այս տարվա ապրիլին Թուրքիայի դրսևորած անհամեմատ հանդարտ կեցվածքը, Հակոբ Տեր- Խաչատուրյանը նշել է, որ դա միայն արտաքուստ է այդպես, և Թուրքիան ամենևին էլ չի մոռացել իր տագնապները Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կապակցությամբ: Իսկ այն, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններին չեղան բուռն արձագանքներ Թուրքիայի կողմից, կարելի է բացատրել թերևս Թուրքիայի նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների վարած մեղմ, ընդհուպ երկդիմի քաղաքականությամբ, նաև Ցեղասպանություն քաղաքական եզրույթը պաշտոնական ուղերձում Հայոց եղեռն բառակապակցությամբ փոխարինելու փաստով:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրի հետագա կարգավորման հարցերին: