Հերոսի թիկունքը հերոս կինն է
Գլխավոր » Հասարակական » Հերոսի թիկունքը հերոս կինն է

Հերոսի թիկունքը հերոս կինն է

Կան մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով սրբագործում են իրենց կենսագրությունները՝ այն թողնելով սերունդներին  որպես անջնջելի պատմություն, որպես հպարտություն: Այդ մարդիկ ապրում են սովորական կյանքով, նրանց ամենամեծ հատկանիշը, սակայն, նվիրումն է, որով առանձնանում են շրջապատից: Այդ նվիրումը հերոսացնում է նրանց եւ նրանց անցած ճանապարհը…Սմբատ Թաթոսյանն այդ եզակիներից  էր…

 

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանողից նա պիտի զինվոր ու հրամանատար դառնար, գրիչը փոխարիներ զենքով եւ զենքով կերտեր կենսագրության կարևորագույն  էջերը:

 

Երբ հնչեց պատերազմի կոչնակը, Սմբատն առաջիններից էր, ով միացավ հող հայրենի պաշտպանությանը: Կազմակերպեց Արարատի մարզի կամավորական ջոկատները, դարձավ զինվորների ոգին, առաջնորդեց տասնյակ մարտերի, նրանց հետ անցավ դժվարություններով ու հաղթանակներով լի ուղի: Զինակիցների հետ մարտնչեց Երասխավանի պաշտպանական մարտերում, 1990 թվականից մասնակցեց Շահումյանի եւ Բուզլուխի կռիվներին:

 

Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո, ում հետ շատ մտերիմ էր,  Սմբատը դարձավ նույն ջոկատի հրամանատարը: Թաթուլ Կրպեյանի զոհվելու բոթը մեծ ազդեցություն ունեցավ Սմբատի վրա: Երկար ժամանակ տանջվում էր. «Ինչու՞ հենց Թաթուլը, նա դեռ շատ անելիքներ ուներ մեր ազգի համար…Ինչու՞  նրա փոխարեն ինձ չխլեց թշնամու գնդակը»…

 

Սմբատն 1992-ին մասնակցեց Խոջալույի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը: Գետաշեն-Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք-զինամթերքի պատասխանատուն Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատարը…

 

Թվում էր՝ այսքան երկար ճանապարհից հետո նա պիտի վայելեր հաղթանակի բերկրանքն ու ապրեր այն հողի վրա, որտեղ կերտել է իր փառավոր մարտական ուղին:

 

Սվետա Ագիյանը, ով պատերազմի տարիներին եղել է Քերոլայն Քոքսի թարգմանչուհին, նաեւ շատ մոտիկից ճանաչել է Սմբատին ու նրա զինակից ընկերներին, պատմում է. «Սմբատը քչախոս էր, համեստ, չէր սիրում մի բանը մի քանի անգամ կրկնել: Նա պատկառելի կերպար էր, բոլորը սիրում էին նրան: Սմբատի հետ առաջին անգամ ծանոթացա 1992-ի ապրիլին: Իր ընկերոջ՝ Արշավիրի հետ Հայաստանից նյութական օգնություն էին բերել Ստեփանակերտ, ինձ ճանաչելով ու վստահելով՝ հանձանարարեցին բաժանել կարիքավոր ընտանիքներին:

 

Հրավիրեցի տուն, ռմբակոծության տարափի ձայների տակ երկար զրուցեցինք տղաների հետ: Նրանք ՀՅ Դաշնակցության զինվորներ էին, եկել էին կռվելու հանուն Արցախի: Սմբատը կատակասեր էր, բայց նաեւ զուսպ, ժպիտով խոսում էր: Ասում էր,որ  հավանում է Դաշնակցության գաղափարախոսությունը, Ծրագիրը, ասում էր, որ հավատում է Միացյալ Հայաստանի ստեղծմանը:

 

Տղաները հարցնում էին, թե ոնց են Ստեփանակերտի բնակիչները դիմանում այս վատթար պայմաններին, հարցնում էին նկուղներում ծվարած երեխաների վախի ու սարսափի մասին, ամեն ինչից անհանգստացած էին: Նրանք հնարավորինս օգնություն էին հայթայթում նկուղների մանուկների ու ծերերի համար՝ուտելիք, գուլպաներ, մոմ, լուցկի եւ այլն: Բերում էին, բաժանում էի: Նրանց աչքերում տխրություն էի տեսնում, խոր տխրություն, բայց  նաեւ հավատ կար նրանց աչքերում, նրանք հավատում էին գալիք հաղթանակին: Ես հպարտություն եմ զգում, որ ճանաչում եմ Սմբատին ու նրա ընկերներին: Նրանց հայրենասիրությունը սահմաններ չուներ: Այդ օրերին նրանք արդեն նախապատրաստվում էին Շուշիի գործողությանը, շտապում էին»:

 

Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին Սմբատը ծանոթացավ ապագա կնոջ՝ Մարինեի հետ: Նույն կուրսում էին սովորում: Այնքան նման էին իրար, որ շատերը հարցնում էին՝քույր ու եղբայր ե՞ք: Ամուսնացան, 1986-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Նելլին:

 

Մարինեն ամեն հարցում ամուսնու կողքին էր, թև ու թիկունք էր նրան: 1987-ից զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ: 1988-ից  Մարինեն անդամագրվեց Հայ օգնության միության շարքերը:  Միության աշխատանքներին միանալով՝ նպատակ ուներ իր ներդրումն ունենալ հայրենիքի օգնության, հայրենակիցներին օժանդակության, մարդասիրական ծրագրերին:

 

«Պատերազմի ավարտից հետո մենք  ընտանիքով տեղափոխվեցինք  Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնք,-պատմում է դուստրը՝ Նելլին,-հայրս դարձավ համայնքի ղեկավարը, ծնողներս շարունակեցին իրենց մանկավարժական գործունեությունը: Քաշաթաղ տեղափոխվելու հայրիկի որոշմանը հարազատները դեմ էին՝ասում էին՝ ի՞նչ կա այնտեղ, մարդ չկա համարյա, խի ՞ հենց այնտեղ: Հայրս պատասխանում էր՝ իսկ ո՞վ պիտի շենացնի մեր ձեռքով ազատագրված տարածքները, եթե ոչ մենք ինքներս:

 

Իմ ծնողներն ինձ համար օրինակելի կերպարներ են, նրանք միասին ուժ էին, կարողանում էին հաղթահարել ամեն մի խոչընդոտ, չեղածից մի բան ստեղծել, իրենց օրինակով ոգևորել ինձ ու երկու եղբայրներիս: Ես հորս աջ ձեռքն էի, ասում էր՝ դու իմ մեծ տղան ես, պիտի իմ գործը շարունակես: Ես ժպտում էի՝շատ հաճախ չհասկանալով նրա խոսքերի իմաստը: Հիշում եմ՝ երբ եկանք Քարեգահ, ոչ ճանապարհ կար, ոչ էլ՝ կարգին շինություններ, գյուղի դպրոցն էլ չէինք գտնում: Հայրս բարձրացավ մի բարձր տեղ եւ նայեց շուրջբոլորը, որպեսզի դպրոցանման մի շենք գտնի: Ես  այդ  ժամանակ 5-րդ դասարանում էի սովորում: Դպրոցում  5-րդ դասարան չկար, աշակերտ չկար: Երբ  դպրոց գնացի, 5-րդ դասարան բացվեց, մենակ էի սովորում դասարանում»:

 

Նելլին հպարտությամբ է հիշում հորը, հպարտությամբ շեշտում, որ տեսքով ու բնավորությամբ շատ նման է հայրիկին:  «4-5 տարեկան աղջնակ էի, բայց այսօրվա պես հիշում եմ այն պատկերը, թե ինչպես էին առնական ու խրոխտ զինվորները յարխուշտա պարում մեր տանը: Աչքերիս առաջ նրանց հայդուկային կերպարանքներն են, ականջներումս՝ նրանց պարն ու ոտքերի ուժեղ հարվածները»,-պատմում է:

 

Արդեն ազատագրված հող հայրենիում Սմբատը պիտի շարունակեր մանկավարժի եւ ազատագրված տարածքը շենացնելու իր ընտրած ուղին, սակայն նրա նվիրական կյանքը ընդհատվեց ողբերգական ավտովթարի պատճառով:

 

Սմբատ Թաթոսյանը հետմահու արժանացել է «Արիության», «Շուշիի ազատագրման համար» եւ «Երախտագիտության» մեդալների:

 

Անդառնալի կորուստն անզոր եղավ կոտրելու կնոջը: Մարինեն պատվով շարունակեց հերոս ամուսնու կիսատ թողած գործը: Ոչ միայն մենակ տարավ ընտանիքի ամբողջ բեռը, մեծացրեց   երեք զավակներին, այլեւ շարունակեց այն դրվատանքի արժանի գործը, որ սկսել էր ամուսինը:

 

2001 թվականին Մարինեն դարձավ Քարեգահ համայնքի ղեկավարը՝փորձելով կիրառել ամուսնուց ձեռք բերած  ղեկավարի փորձը, իրականացնել նրա կիսատ աշխատանքներն ու ծրագրեը: Մինչ այսօր Մարինեն ղեկավարում է գյուղի համայնքը: Նրա աշխատասիրության շնորհիվ համայնքն այսօր համագործակցում է մի շարք բարեգործական հիմնադրամների հետ, ինչպիսիք են «Հայրենիք» միությունը, «Մոնթե Մելքոնյան»,«Բարի նպատակ»,«Թուֆենկյան» եւ այլն:

 

Քարեգահ համայնքն իր զարգացվածության աստիճանով համարվում է Քաշաթաղի շրջանի լավագույն համայնքներից մեկը: Շրջանի տնտեսության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ  ավանդի համար Մարինե Պետոյանը բազմիցս արժանացել է պատվոգրերի:  2005 թվականին  ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

 

Մարինեն նաեւ շարունակել է ամուսնու գաղափարական ճանապարհը.նա այսօր ՀՅԴ անդամ է:

Ասում են՝ ամուսնու պատիվը պահողն ու բարձրացնողը կինն է: Այս առումով Մարինեն արժանի է ակնածանքի, քանզի ոչ միայն ողջ կյանքում սատար է եղել ամուսնուն, այլեւ այսօր պատվով շարունակում է քայլել ամուսնու որդեգրած ճանապարհով՝ ինքն էլ իր բաժին ներդրումն ունենալով հայրենիքի շենացման ու զարգացման պատասխանատու գործում:  

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

 

1