Վիգեն Գրիգորյանի նահատակության 30-ամյա տարելիցն է
Գլխավոր » Լրահոս » Վիգեն Գրիգորյանի նահատակության 30-ամյա տարելիցն է

Վիգեն Գրիգորյանի նահատակության 30-ամյա տարելիցն է

Արդեն երրորդ տարին է, ինչ Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, դաշնակցական Վիգեն Գրիգորյանի հարազատները, մարտական ու կուսակցական ընկերները, նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նրա ծննդավայրից հեռու:

30 տարի առաջ՝ 1993թ. ապրիլի 5-ին է զոհվել հայտնի հասարակական, ռազմական ու քաղաքական գործիչը: Այս օրը Արցախի Ազգային ժողովում նրա հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ու ծաղիկներ դրել Վիգեն Գրիգորյանի զավակները, ընկերները, կուսակցական ու մարտական ընկերներ, ԱՀ ԱԺ պատգամավորներ:

Դստեր՝ Ալենուշ Գրիգորյանի համար ցավալի է, որ չեն կարողանում այցելել հոր շիրիմին: Ամեն տարի ապրիլի 5-ին հայրենի գյուղում միջոցառում էր կազմակերպվում, ծաղիկներ էին դնում Վիգեն Գրիգորյանի գերեզմանին, իսկ վերջին պատերազմից հետո Եղբայրական գերեզմանոց են այցելում: «Այս տարի, կապված շրջափակման հետ, մայրս հարսների ու թոռների հետ այսօր Եռաբլուր է գնում, ես և եղբայրներս այստեղ՝ Եղբայրական գերեզմանոց: Բոլորն էլ մեր հայրենիքի համար են իրենց կյանքը նվիրել ու միշտ ծաղիկներ էի դնում բոլորի համար, փնտրում «Վիգեն» անունով նահատակված հերոսի, հետո մեր հարևան Տումի գյուղից Վիգենի գերեզմանաքարը տեսա ու ամեն անգամ առաջինը նրա շիրմաքարին եմ ծաղիկ դնում»,- ասում է նա:

Դստեր համար Վիգեն Գրիգորյանը մարդկային ամենաբարձր արժանիքների հավաքական կերպար էր՝ հայրենասեր, նվիրյալ, ազնիվ, բարի: «3-4 տարեկան էի, եղբայրներիս հետ երգում էինք «Դաշնակ Դրո»-ն, ՀՀ հիմնը, սիրում էր երգեցնել ինձ: 1988թ. շարժման սկզբնավորումից  հետո թեկուզ փոքր էի, բայց շատ են տպավորվել հորս հետ կապված հիշողությունները: 1988թ. փետրվարի 20-ի նախօրյակին, երբ կարմիր, կապույտ ու ծիրանագույն կտորներ էր տուն բերել, մտածեցի, թե մայրս ինձ համար ինչ-որ գունավոր զգեստ է կարելու, այնինչ կարվեց մեծ եռագույն: Գյուղում չէինք կարող մեքենան դրոշով ծածկել, քանի որ հարևանությամբ ազերիներ էին բնակվում, ուստի գյուղից դուրս գալուց հետո դրոշը հանում ենք ու մինչև Ստեփանակերտ ծածանում: Ինձ համար դրանք անմոռանալի զգացողություններ են և ամբողջ կյանքում ինձ հետ կմնան»,- պատմում է Ալենուշը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի կարծիքով Վիգեն Գրիգորյանը խորությամբ չուսումնասիրված կերպար է: «Ես այն երջանիկներից մեկն եմ, ով առիթ է ունեցել իր հետ երեք հարթակներում լինելու՝ նախ որպես առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև պատերազմական դաշտ և կուսակցական գործունեություն: ՀՅԴ Արցախի Կենտրոնական անդամներ էինք, շատ ծանր էր իրավիճակը ոչ միայն պատերազմով պայմանավորված, այլ նաև քաղաքական առումով: Այդ օրերին լինել խորհրդարանական, զինվորական ու դաշնակցական, շատ դժվար էր: Վիգեն Գրիգորյանի թողած հետքը ուսանելի է: Նա այն եզակիներից մեկն էր, որ խորհրդային տարիներին ստացել էր համապատասխան դաստիարակություն, բայց կարողացել է պահել իր արժեհամակարգը: Նրա որդեգրած արժեհամակարգը պետք է մեզ համար ուղեցույց դառնա, և մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա Վիգենի թողած հետքը, ավանդը իր համար դարձնել գործելաոճ»,- ներկաներին ուղղված իր խոսքում նշել է Դավիթ Իշխանյանը:

Վիգեն Գրիգորյանը ծնվել և հասակ է առել Հադրութի շրջանի Տող գյուղում: Ստացել է մանկավարժական կրթություն և երկար տարիներ դասավանդել Տողում ու Հադրութի շրջանի այլ գյուղերում: Ինչպես փաստում են ընկերները՝ վճռական էր, խելացի, հավասարակշռված, հայրենասեր, իսկական առաջնորդ ու ոգևորող:

1988թ.-ին ստեղծել է «Վրեժ» հայդուկային ջոկատը: Ապրելով Տող գյուղում՝ մասնակցել է ողջ շրջանի ու այլ վայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Մասնակցել է Հադրութի (Տող, Սարինշեն, Հողեր, Ծամձոր և այլն), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի շրջանների մարտերին: 1991թ. դեկտեմբերի 28-ին Տողի թիվ 36 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

Տողի միջնակարգ դպրոցը կրում էր նրա անունը, մարմինն ամփոփված է հայրենի գյուղում:

1