Հարափոփոխ պաշտոններ Արցախում
44-օրյա պատերազմից հետո Արցախի ներքին քաղաքական կյանքը բավականին հեղհեղուկ էր. մի քանի անգամ լրիվությամբ փոխվել է կառավարության կազմը, նշանակվել են նոր պետական նախարարներ ու նախարարներ: «Ապառաժ»-ը հակիրճ ներկայացնում է նրանց պաշտոնավարման ժամկետները և մեջբերումներ հանրային խոսքից:
Արցախի Հանրապետության պետական նախարարներ
Գրիգորի Մարտիրոսյան. Պաշտոնավարել է 2018թ. հունիսի 6-ից մինչև 2021թ. հունիսի 1-ը: Համատեղությամբ նաև ֆինանսների նախարար էր:
«Օրենսդրական նախաձեռնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկություններին տրամադրվել են հարկային արտոնություններ` ձևավորելով առավել դյուրին և մրցունակ միջավայր: Հարկային դաշտի բարեփոխումներով նաև պարզեցվել են գործող ընթացակարգերն ու մեղմացվել վարչարարությունը, թեթևացվել է փաստաթղթաշրջանառության բեռը, ընդլայնվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակը»,- 17.06.2019թ. «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Այժմ՝ Գ. Մարտիրոսյանը «Ֆիդես» հիփոթեքային ընկերության խորհրդի նախագահն է:
Արտակ Բեգլարյան. Պաշտոնավարել է 2021թ. հունիսի 1-ից մինչև 2022թ. նոյեմբերի 3-ը։ Համակարգել է չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
«Ես աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ Հայրենիքին ու ժողովրդին: Ի ԳՈ՛ՐԾ…»,- 02.06.2021թ. իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանն այժմ Արցախի նախագահի խորհրդականն է:
Ռուբեն Վարդանյան. Պաշտոնավարել է 2022թ. նոյեմբերի 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը:
Նա համակարգում էր հետևյալ նախարարների գործունեությունը՝ առողջապահության նախարար, արդարադատության նախարար, արտաքին գործերի նախարար, գյուղատնտեսության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, քաղաքաշինության նախարար, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
«Ես չեմ տեսնում հնարավորություն, որ ինչ-որ հրաշք է լինելու, մեզ շատ ծանր ճանապարհ է սպասում, մենք ունենք 900-ից ոչ ավելի օրեր, որոնք մենք պետք է արդյունավետ օգտագործենք այն փոփոխություններն անելու համար, որպեսզի անվտանգության և զարգացման հարցերը լուծենք»,- 04.10. 2022թ. հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:
Ազատվելուց հետո Ռուբեն Վարդանյանը պետական պաշտոն չի զբաղեցնում:
Գուրգեն Ներսիսյան. Նշանակվել է 2023թ. մարտի 1-ին:
Համակարգում է բոլոր նախարարությունների աշխատանքը՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների:
«Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են՝ անկախ պետական մարմինների հանդեպ դրանից ծնվող արհեստական ու ուղղորդված դժգոհությունից, անկախ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններից:
Անընդունելի եմ համարում պետական մարմինների ծանրագույն աշխատանքը թերագնահատելն ու նսեմացնելը: Հանրությունը պետք է աջակցի պետական մարմիններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն չունեն, ավելի լավ է չխանգարեն»,- 20.03.2023թ. իր ֆեյսբուքյան էջում գրել է Գուրգեն Ներսիսյանը:
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լուսինե Ղարախանյան. Պաշտոնավարել է 2020 թվականի մայիսի 26-ից մինչև 2022թ. փետրվարի 7-ը:
«Կրթության համակարգի խնդիրներն ու մարտահրավերներն այսօր բազմապատկվել են, հետևաբար մեր պայքարն էլ ավելի է դժվարացել։ Ազնվասեր, գրագետ ու հայրենասեր սերունդ կրթելուց զատ, մենք պետք է կարողանանք ստեղծել անվտանգությունը երաշխավորող
գիտելիք՝ ինքնակառուցման
հրամայականով։ Սա է ժամանակի
բացատրագիրը»,- 2021թ. սեպտեմբերի 1-ի ուղերձում նշել է նախարարը:
Լուսինե Ղարախանյանն այժմ ԱՀ նախագահի խորհրդականն է:
Անահիտ Հակոբյան. Պաշտոնավարել է 2022թ. փետրվարի 7-ից մինչև 2022թ. նոյեմբերի 22-ը:
«Ակնհայտ է, որ կրթական համակարգի խնդիրներն ու հարցերը օրեցօր բազմապատկվում են՝ բոլորից պահանջելով մեծ ջանք ու եռանդ առկա մարտահրավերների դիմակայման գործում։ Վստահ եմ, որ այս զրկանքներն ու դժվարությունները մեզ ավելի կկոփեն, և մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները՝ ստեղծելով ամուր և ճկուն կրթական համակարգ, որը կդառնա հայրենիքի ազատության ու անվտանգության պատասխանատուն»,- 2022թ. սեպտեմբերի 1-ի ուղերձում նշել է նախարարը:
Այժմ աշխատում է որպես ԱՀ նախագահի խորհրդական
Պաշտոնից Անահիտ Հակոբյանի ազատվելուց հետո ԱՀ ԿԳՄՍ նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։
Նորայր Մկրտչյան. Նշանակվել է 2023թ. մարտի 16-ին: Իր պատասխանատվության ոլորտների մասին նախարարն այս ընթացքում հրապարակային ելույթներ չի ունեցել:
Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն, նախկինում՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն
Միքայել Վիրաբյան, պաշտոնավարել է 2020թ. հուլիսի 15-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 2-ը:
«Ցանկացած պարագայում կարևոր է քաղաքացիների դիմում-խնդրանքների մանրամասն ուսումնասիրման անհրաժեշտությունն ու բավարարումը, ընդունելության կազմակերպման հասանելիությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական իրավունքի իրացման առումով նախարարությունը պատասխանատվություն է կրում»,- 04.08.2020թ. խորհրդակցության ժամանակ ասել է Մ. Վիրաբյանը:
Այժմ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի պետն է:
Մանե Թանդիլյան. Պաշտոնավարել է 2020թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 1-ը:
«Շատ կարևոր է, որպեսզի ոչ թե մարդկանց հավաքագրենք ու գրանցենք, այլ ունենանք աշխատատեղերի ստեղծման հնարավորություն: Եվ որպեսզի Արցախում ստեղծվեն աշխատատեղեր, պետք է լինեն խթանիչ հանգամանքներ, իսկ պայմանները դառնան այնքան գրավիչ, որ բիզնեսը ինքը գա Արցախ: Այս առումով նախագահ Հարությունյանի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք, մեր գնահատմամբ, կարող են խթան հանդիսանալ և աջակցել գործատուներին, ինչպես նաև պայմաններ ստեղծել նորերի գալու համար»,- 10.12. 2020թ. ասել է Մանե Թանդիլյանը:
Նախքան պաշտոնին հրաժեշտ տալը Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ իր ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում:
Արմինե Պետրոսյան. Պաշտոնավարել է 2021թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2022թ. նոյեմբերի 23-ը:
«Մենք մշակել ենք սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներ՝ միտված աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող անձանց աջակցությունների տրամադրմանը»,- 08.04. 2022թ. ասել է Արմինե Պետրոսյանը:
Արմեն Մանգասարյան. Պաշտոնավարել է 2023թ. հունվարի 10-ից մինչև մարտի 8-ը:
«Զարգացման ծրագրերի իրականացումը կշարունակվի նաև ընթացիկ տարում»,- 14.02. 2023թ. հարցազրույցում ասել է Ա. Մանգասարյանը:
Վահրամ Առաքելյան. Նշանակվել է 2023 թվականի մարտի 8-ին:
«Իմ և նախարարության աշխատակիցների կողմից կներդրվեն հնարավոր բոլոր ջանքերը՝ այս բարդ ու պատասխանատու շրջանը պատվով ու հաջողությամբ հաղթահարելու նպատակով»,- մարտի 9-ին նշել է նախարարը:
Շարունակելի
Հոդվածը պատրաստել է Տաթևիկ Աղաջանյանը՝
ԱրՊՀ Լրագրություն 4-րդ կուրսի ուսանողուհիներ
Ալյոնա Ավագիմյանի, Մարսելա Ստեփանյանի և Իլոնա Բաղդասարյանի հետ համագործակցաբար