Մենք պիտի իրար թիկունք լինենք, որպեսզի հարատևենք. Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն
Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Համազգայինի Արևելյան ԱՄՆ Շրջանային Վարչության համատեղ նախաձեռնությամբ Նյու Յորքում կայացավ հանդիպում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, հեղինակ Հերմինե Ավագյանի հետ, որին ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Լագիսյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության Արևելյան ԱՄՆ ներկայացուցիչ Արևիկ Գաբրիելյանը, ՀՅԴ Արևելյան ԱՄՆ ԿԿ ներկայացուցիչ Անի Չաղլասյանը, Համազգայինի և ՀՕՄ-ի շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր։
Միջոցառման ընթացքում ներկաներն առիթ ունեցան ծանոթանալու Համազգայինի Արցախի գրասենյակի գործունեությանը, «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» նախաձեռնությանը, դիտելու նախաձեռնության մասին պատմող տեսանյութ։ Այն ուղեկցվեց Համազգայինի Արցախի գրասենյակի նկարչության խմբի մանուկների քսան գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով։
Այնուհետև կայացավ Հերմինե Ավագյանի «Օրացույցից պոկված օրեր» և «Վազում եմ, սպասիր» գրքերի շնորհանդեսը։ Հեղինակն իր ցանկությամբ բերել էր նաեւ Արցախի գրողների միություն անդամ այլ հեղինակների գրքեր, որոնք ևս ներկայացրեց ներկաներին: Գրքերը նաև նվիրվեցին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին և այսուհետև երկրի կարևորագույն գրադարանի մնայուն հավաքածուի մաս կկազմեն։
Միջոցառումն իր ողջույնի և օրհնության խոսքով բացեց Տեր Մեսրոպ քահանա Լագիսյանը։ Համազգայինի Կենտրոնական Վարչության անդամ Արևիկ Գաբրիելյանը նախ շնորհակալություն հայտնեց Համազգայինի Արցախի և ՀՀ գրասենյակներին աշխույժ գերծունեության համար, ապա նշեց Կենտրոնական Վարչության բազմաթիվ ծրագրերը՝ ընդգծելով, որ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր համայնքի մասնակցությունը։
Համազգայինի Արեւելյան Ամերիկայի Շրջանային Վարչության ատենապետուհի Հասմիկ Աբրահամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց օրվա գլխավոր բանախոս Հերմինե Ավագյանին։
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը ներկաներին ծանոթացրեց Համազգայինի Արցախի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին։
Այնուհետև ներկաներն առիթ ունեցան հյուրասիրության շուրջ և մտերմիկ մթնոլորտում զրուցելու, ծանոթանալու Հ.Ավագյանի գրական ստեղծագործություններին, խոսելու այսօր Արցախում ստեղծվող գրականության մասին, ինչպես նաև դիտելու Համազգայինի նկարչության խմբի արցախցի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը։
Անդրադառնալով մանուկների աշխատանքների ցուցահանդեսին՝ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրենը շեշտեց. «Սփյուռքը միշտ և միշտ Հայրենիքի, գլխավորապես Արցախի թիկունքն է եղել՝ իր ամբողջ ներուժը ծառայեցնելով Հայրենիքի բարօրությանը, կրթական և մշակութային կյանքի զարգացմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։ Համազգայինի 95-ամյա կառույցը նույնպես իր էական ներդրումն ունի այդ նվիրական աշխատանքներում։ 44-օրյա պատերազմի օրերին Համազգայինը կյանքի կոչեց «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որի արդյունքում ավելի քան 400 արցախցի երեխաներ այսօր այդ ծրագրի մասնակիցն են։ Մեր փոքրիկ նկարիչները, ովքեր ստեղծագործում են թշնամու կողմից շրջափակված Արցախում, ցանկություն ունեն իրենց ձեռքով գծած նկարների վաճառքի համեստ հասույթը նվիրատվություն անել Համազգայինի Կենտրոնական վարչությանը, որպեսզի իրենք ևս իրենց ներդրումն ունենան Համազգայինի ծրագրերի շարունակականությանը։ Սա կարևոր գիտակցում է մեր մանուկների համար․նրանք գիտեն, թե ինչ վիճակում են Սիրիայում ապրող իրենց հասակակից հայ երեխաները, գիտեն, թե Լիբանանում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում ինչպես են Համազգայինի ճեմարանն ու մանկապարտեզը պայքարում հայ երեխային հայ կրթելու համար եւ առհասարակ այն դժվար ու պատասխանատու աշխատանքը, որն իրականացնում է Համազգայինի ազգանվեր կառույցը։ Այս պայմաններում մենք պիտի իրար թիկունք լինենք, որպեսզի հարատևենք»։
Միջոցառումն անցավ ընկերական ու անմիջական մթնոլորտում։
Համազգայինի Արցախի գրասենյակ