Հողի մշակն իրավունք չունի սոված մնալ
Գլխավոր » Լրահոս » Հողի մշակն իրավունք չունի սոված մնալ

Հողի մշակն իրավունք չունի սոված մնալ

Երկիրը սեր է, հողը` կյանք… Հո՞ղ, ավելի ճիշտ կլինի ասել՝ սուրբ նշխարհ, որովհետև նրա գրկում են ամփոփված հազարավոր հայորդիների անմեղ սրտեր, նրանց արյամբ ու քրտինքով է դարեր ի վեր սնուցվել հող հայրենին։ Հայոց սուրբ հողը մեր հարատևության խորհրդանիշն է։ Մենք կանք, քանի դեռ կա մեր հողը, որովհետև այս քարակոփ հողում են ամրացած մեր արմատները, այստեղ, այս քարքարոտ հողում է մեր տունը, մեր դրախտը, մեր էությունն ու մեր հայրենիքը։
Մեզ ստիպում են արյամբ հագեցնել մեր հողի ծարավը, մինչդեռ նա այնքան կարոտ է ջրի, վար ու ցանքսի, մշակի գուրգուրող ձեռքերի։
Դարեր ի վեր արցախցին ապրել է իր հայրենի Արցախ աշխարհում՝շենացնելով ու ծաղկեցնելով այն, սակայն թշնամիները հաճախ են հարձակվել, ավերել ու ավարել, ու ամեն անգամ արցախցին ավելի շատ է սիրել իր հողը, ավելի ամուր կառչել նրանից։
Հայոց հողը շատ պատերազմներ է տեսել, գերեվարվել, ու խենթացած այսօր աղաղակում է հայ հողագործին սպասելով։
Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Օրերը գլորվում են, փոխվում է տարին, եղանակը, ամիսը։ Արդեն գարուն է, իսկ դա նշանակում է, որ հայոց հողի սիրահար մշակները պետք է իրենց ջերմությունն ու սերը փոխանցեն մայր հողին, քրտինք խառնեն հողին ու հողից կյանք ստանան։
Արցախցին ուժեղ է իր հայրենիքով, հայրենիքը՝ իր արարչագործ զավակներով։ Հայրենի հողից շունչ առնող, նրա սիրով ապրող անհատներից է Ալյոշա Գաբրիելյանը, ով իր երկարամյա վաստակի ընթացքին զուգահեռ՝ գրչի հետ միասին ձեռքին ունեցել է նաև բահը։
Ալյոշա Գաբրիելյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից է, եղել է Ասկերանի նախաձեռնող խմբի անդամ։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը, դասավանդել է տարբեր դպրոցներում, ծառայել է խորհրդային բանակում։ Ամուսնացել է Լյուդմիլա Գրիգորյանի հետ ու տեղափոխվել Ասկերան։
Խորհրդային տարիներին, երբ սկիզբ էր առել Արցախյան շարժումը, նա եղել է կրթության շրջանային բաժնի պետ, սակայն հանուն շարժման ակտիվության նա թողել է զբաղեցրած պաշտոնը՝ ղեկավարության կողմից ճնշումների չենթարկվելու համար։
1989-ից առ այսօր Դաշնակցության շարքերում է։ Եղել է ԱՀ ԱԺ 3 գումարումների պատգամավոր։ 75 տարեկանում նրա հիմնական զբաղմունքը հողագործությունն է։
Հողագործությամբ նա դեռ երիտասարդ տարիներից էր զբաղվում։ Հայրը հողի մեծ մշակ էր, ումից և ձեռք է բերել հողի հետ աշխատելու հմտություններ։
«Դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանից՝ Գորբաչովյան վերակառուցման տարիներից զբաղվել եմ գյուղատնտեսությամբ, հիմնականում՝ ջերմոցային տնտեսությամբ, ունեմ նռան և արքայանարնջի այգի»,-ասել է Ալյոշա Գաբրելյանը։
Նա հիմնականում զբաղվում է կանաչեղենի, լոլիկի, վարունգի և սմբուկի աճեցմամբ։ Հիմնական եկամուտը ձեռք է բերում հողի հետ աշխատանքից՝ վաղ գարնանն ու ուշ աշնանը ստացված բերքն իրացնելով։
«Պատերազմից հետո կառավարությունն ուներ ջերմոցային տնտեսությունների հիմնադրման ծրագիր, որից և օգտվել եմ։ Այսօր ունեմ 730 ք/մ տարածքով 2 ջերմոց։ Հոսանքի և գազի բացակայության պայմաններում չունեմ ջեռուցման համակարգ, սակայն փորձում եմ օգտագործել արևի էներգիան։ Այս պայմաններում ես կարողանում եմ հիմնական բաց գրունտում ստացվող բերքից 1-2 ամիս առաջ շուկա դուրս հանել ջերմոցում աճեցվող բերքը»,- նշել է նա։
Գարնանային այս օրերին այգիներում արդեն սկսվում են նախապատրաստական աշխատանքները։ Ալյոշա Գաբրիելյանի այգում ևս նախապատրաստական եռուզեռ է, որին ընգրկված են նրա ընտանիքի բոլոր անդամները։


«Սածիլների աճեցմանը դեռևս հունվարից եմ նախապատրաստվում։ Սածիլները հատուկ պայմաններում են աճեցվում, որպեսզի չցրտահարվեն։ Սրանք սերմեր են, հիբրիդներ են, որոնք շրջափակման պայմաններում դժվարությամբ եմ ձեռք բերել և աճեցրել, իսկ մարտի 20-ին արդեն աճեցված սածիլները պետք է տեղափոխեմ ջերմոցներ։
Այգում ունեմ ծառեր, որոնք պահանջում են հատուկ մշակություն, ինքս պետք է մշակեմ, իսկ մյուս աշխատանքները կատարում են ընտանիքիս անդամները։
Ասկերանը իր բնակլիմայական պայմաններով շատ նպաստավոր է, քանի որ հնարավորություն է ընձեռում աճեցնել չոր արևադարձային մրգեր։ Գերադասում եմ օրգանական պարարտանյութեր օգտագործել, ունեմ ոռոգման լավ համակարգ, որն առատ բերքի ստացման կարևոր նախապայմաններից է»,- ասել է Ալյոշա Գաբրիելյանը։
Արցախում շատ այգիներ այսօր դարձել են սահմանամերձ, գտնվում են թշնամու նշանառության տակ, և հենց թշնամու աչքի առջև է արցախցին մշակում իր հողը։ Այդպիսին է նաև Ալյոշա Գաբրիելյանի այգին։ Ա. Գաբրիելյանը համոզված է, որ դա չպետք է վախեցնի իրենց՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում, հակառակը՝ թշամուն պետք է ի ցույց դրվի այս հողում ապրելու արցախցու կամքն ու համառությունը։
«Դիրքերը շատ մոտ են, թշնամու նշանառության տակ ենք։ Տղայիս հողատարածքն ավելի շատ է դիտարկվում։ Ասկերան քաղաքից ընդամենը 500 մ հեռավորության վրա արդեն նշանառության տակ են այգիները։ Այս ուղղությամբ դեռ կրակոցներ չեն եղել, բայց Խրամորթի և Նախիջևանիկի ուղղությամբ վերջերս կրակոցներ եղել են։ Ամեն դեպքում, կարևոր է հողի մշակությունը՝ թեկուզ նշանառության տակ, որովհետև իրենք փորձում են վախեցնել. գիտեն՝ վաղվա մեր բերքն այսօրվա աշխատանքի մեջ է, ուստի փորձում են ամեն կերպ խանգարել այդ աշխատանքներին»,-նշում է հողագործը։
Շրջափակումը ստիպեց, որպեսզի մարդիկ հասկանան, որ պարենամթերքի պակասը իրենց՝ հողը չմշակելու մեղքի արդյունքն է։ Ալյոշա Գաբրիելյանը համոզված է, որ հողի մշակն իրավունք չունի սոված լինելու։ «Եթե սիրում ես հողն ու մշակում ես այն, նա քեզ պահում է: Դու էլ պետք է պահես ու պաշտպանես այդ հողը», -ընդգծել է Ալյոշա Գաբրիելյանը։
Նրա կարծիքով՝ շրջափակման պայմաններում, երբ մարդկանց մի մասը հուսահատվել են, հողի հետ աշխատանքը փրկություն է մարդկանց համար։


«Կարծես վերանում ես ամեն ինչից, երբ քո ձեռքով ինչ-որ բան ես աճեցնում։ Ձգում է հողը: Ինչպե՞ս թողնեմ այս հողն ու գնամ, չէ՞ որ այստեղ ներդրում եմ կատարել, սա իմ սեփականությունն է, իմ ընտանիքն այստեղ է արմատներ գցել, իմ զավակներն ու թոռներն այստեղ են։ Հողը ձգող հատկանիշ ունի, և ասում է՝ ինձ մշակիր և ընտանիքդ պահիր։ Այս հողերը չի կարելի կորցնել. մեր հողերը բերրի հողեր են»,-ասել է նա։
Ալյոշա Գաբրիելյանը շրջափակման մեջ է արդեն 2-րդ անգամ։ Նման կացության մեջ հայտնվել է նաև Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներին, որը, նրա խոսքով, ավելի ծանր ու խիստ էր։
«Եթե համեմատություն անցկացնեմ՝ 88-ից հետո շրջափակումն ավելի սաստիկ էր, սակայն այն ժամանակ օդով՝ ուղղաթիռներով, առաջին անհրաժեշտության պարագաներ՝ վառելիք և զինամթերք էին տեղափոխում: Բացի դրանից, կոլտնտեսություններ կային, որոնք ունեին անասուններ, պարենամթերք։ Այն ժամանակ ստեփանակերտցիները դուրս էին գալիս գյուղեր սնունդ գտնելու համար, որովհետև գյուղերում կյանք կար, մթերք կար։ Այն տարիներն ավելի խիստ են եղել: Եթե հիմա ժամանակ առ ժամանակ անջատում են գազն ու էլեկտրականությունը, ապա այն ժամանակ ո՛չ գազ կար, ո՛չ հոսանք, վառելափայտ էինք օգտագործում։ Արտաքին աշխարհի հետ ընդհանրապես կապ չկար, լուրերը լսում էինք «Ազատության ձայն»-ի ալիքով»,- հիշում է Ա. Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ թեև պայմանները ծանր էին, սակայն տղաները կռվում էին գիտակցաբար։
«Այն ժամանակ միասնություն, ընդհանուր գաղափարախոսություն կար, շարժման մաքրություն կար։ Հայությունը միասնական էր՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: Հայաստանից, սփյուռքից հայորդիներ էին այստեղ կռվում, որի արդյունքում էլ կարողացանք հաղթանակ տանել։ Հիմա մի քիչ այլ է. միասնություն էլի կա, սակայն այն համահայկական բնույթ չի կրում։ Կարելի է ասել, որ արցախցիները միայնակ են մնացել թշնամու դիմաց և բոլոր դժվարություններին դիմակայում են միայնակ։ Պետք է դիմակայենք, ուրիշ տարբերակ չունենք, չենք կարող դարերով մեզ ժառանգված մեր պապենական հողից հրաժարվել։ Սերունդները մեզ չեն ների, Աստված ու մեր հետնորդները կանիծեն մեզ, եթե մենք չպայքարենք, թողնենք այս հողն ու գնանք»,-ասել է Ա. Գաբրիելյանը։
Նա պատմում է, որ թեև խորհրդային տարիներին ժողովուրդը գաղափարապես հասունացած չէր, որովհետև կոմունիստական կուսակցությունն այլ քարոզչություն ուներ, սակայն մարդկանց մոտ կար ազատ ապրելու, սեփական հայրենիքն ու ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ցանկություն։ Ժողովուրդն այն համոզմունքին էր, թե կարելի է վերակառուցման քողի ներքո իրագործել այդ ծրագիրը, որովհետև ժողովրդավարությանը բնորոշ այնպիսի տարրեր էին նկատվում, ինչպիսիք էին՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն և այլն, ու հենց դա էլ ստիպեց մարդկանց բարձրաձայնել իրենց իրավունքների մասին,սակայն հանդիպեցին մի մեծ պատնեշի:
«ԽՍՀՄ-ը, ի դեմս կոմունիստական կուսակցության, որոշեց, որ ժողովուրդները պետք է ինտերնացիոնալ դաստիարակությամբ միասին ապրեն ու Ղարաբաղի հարցը սոցիալ-տնտեսական խնդիրների անվան տակ լուծվի։ Որոշակի գումար են հատկացրել՝ իբրև թե այդ խնդիրները լուծելու համար, սակայն տեսանք, որ դա հնարավոր չէ, և հասկացանք, որ ինքնուրույն պետք է լուծենք մեր հարցերը, ու դուրս եկանք փողոց։ Մենք սկզբից միացման գաղափարով ու պահանջով էինք դուրս եկել փողոց, սակայն հետագայում մեզ շեղեցին այդ ճանապարհից։ Մենք պետք է սկզբից միանայինք Հայաստանին, ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ընդուներ Արցախին իր կազմի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը և իշխանությունները գտան, որ անկախության ճանապարհով պետք է հասնել վերամիավորման, որը բերեց հասցրեց մեզ այսօրվան, երբ մեր ինքնորոշման իրավունքը հարցականի տակ է դրվում, ՀՀ իշխանություններն ընդհանրապես այդ մասին չեն խոսում, մեզ տեսնում են Ադրբեջանի կազմում»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը։
Բայց պայքարը շարունակվում է, պետք է պայքարել՝ վստահ է Ալյոշա Գաբրիելյանը։ «Աշխարհը կարծես արձագանքում է, որ ինքնորոշման իրավունքը սկզբունքային նշանակություն ունի և պետք է հարգվի, իսկ դրա համար պետք է պայքարենք։ Դա մեկ օրվա հարց չէ։ Արցախի հարցը դարերի պատմություն ունի, և այդ ամբողջ ընթացքում կարողացել ենք մեր ինքնությունը պահել՝ մեր մելիքների, մեր եկեղեցու, մեր հավատի շնորհիվ»,- ասել է Ա. Գաբրիելյանը։
Նրա խոսքով, այսօր սակայն այլ է իրավիճակը՝ ի համեմատ 88-յան տրամադրությունների։ Եթե այն ժամանակ գերիշխում էր միասնությունը, նվիրվածությունը, ապա այսօր կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են սեփական շահերով՝ հաշվի չառնելով, որ այս ժողովուրդը պատերազմի ու զրկանքների միջով է անցել, որ այս հողի համար մեր լավագույն տղաներին ենք կորցրել, ընտանիքներ են դժբախտացել, զավակներ են որբացել։ Նա Արամ Մանուկյանի խոսքերն է մեջբերում, որ մենակ պետք է պայքարենք և՛ արտաքին, և՛ ներքին ճակատներում, որովհետև արցախցին ամուր թելերով է կապված իր հայրենիքին, իր հողին։
«Ի՞նչն է կապում արցախցիներին այս հողին։ Ինչո՞ւ ենք այսքան զրկանքների միջոց անցնում՝ հանուն այս հողի։ Որովհետև այս հողը բարեբեր հող է, եթե չմշակենք էլ, մեր անտառները մեզ կպահեն, այսպիսի տարածք չեք գտնի ուրիշ ոչ մի տեղ։Կարծես մի օազիս լինի Արցախը՝ Աստծո շնորհ, դրա համար այս հողի համար ուժեղացել է պայքարը։ Այս հողը մեզ պահել է ու պահում է։ Մենք դարերով մշակել ենք այս հողն ու նրա քաղցրությունը զգացել ենք աշխատելու ընթացքում։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կարող եմ գնալ ու ինձ հարազատ ուրիշ հող գտնել։ Չեմ պատկերացնում։ Այս հողը մեզ կերակրում է, պահում է, շունչ է տալիս, հույս է ներշնչում ու խնդրում իրեն բաց չթողնել։ Ովքեր էլ որ գնում են այստեղից, կարծում եք՝ուրիշ տեղ կյա՞նք են գտնում»,-ասում է հողը գուրգուրելով հասակ առած արցախցին։
Ալյոշա Գաբրիելյանը զրույցն ավարտում է լավատեսությամբ ու հաստատ համոզմունքով, որ նոր սերնդի մեջ բազմաթիվ հայրենասեր երիտասարդներ կան, ովքեր հասկանում են հողի գինը, ովքեր պատրաստ են պայքարել հանուն այդ հողի. վկան 35-ամյա մեր պայքարում իրենց կյանքը չխնայած հայորդիներն են։

«Մեր պահանջն այն է, որ մեր իշխանությունները խաղեր չխաղան, նորմալ բանակցեն ու կարմիր գծերը չհատեն, հակառակ դեպքում կարժանանան դավաճանի կոչմանն ու արժանի դատավճռին»,-եզրափակել է Ալյոշա Գաբրիելյանը։

Զրուցեց Վահագն Խաչատրյանը

1