Խաղաղության համաձայնագրի պարանաձգությունը շարունակվելու է. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
— ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ կա դրական հնարավորություն, որ թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ձեր տպավորությամբ, առկա իրադրությունը հաշվի առնելով, հնարավո՞ր է գնալ խաղաղության պայմանագրի կնքմանը։
— Խիստ տարակուսելի է դրական հնարավորության մասին խոսելը, երբ Ադրբեջանը զորք է կուտակում, կրակում է, շարունակում է սպառնալ և խոսել «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Մյուս կողմից, խաղաղության պայմանագրի նախագիծը երթևեկում է Բաքվի և Երևանի միջև։ Բայց փորձենք հայտարարությունը դիտարկել ամերիկյան տեսանկյունից։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Բլինքենը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև կարգավորմանը նպաստելու՝ Վաշինգտոնի փորձերը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։ Եվ, հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։ Երբ նշվում է մեկ կողմ և ասվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին չի պարտադրում ստորագրել, դա նշանակում է, որ նախագիծը ադրբեջանական խմբագրում ունի, այլապես կնշվեր «կողմերին չի պարտադրում»։ Մյուս կողմից, ստիպում է Բաքվին՝ բացել միջանցքը։ Ստացվում է այսպիսի բանաձև․ միջանցքի բացում՝ խաղաղության պայմանագրի դիմաց։
— Ինչպես Դուք էլ նշեցիք, Բլինքենն ասել է, որ փորձում են ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս է փորձում ազդել այսօր և ինչու՞ դա չէր անում ավելի վաղ։
— Եթե մարդասիրական նպատակը գերադասվեր, ավելի վաղ կարող էր ճնշել և ապահովել միջանցքի բացումը։ Իհարկե, խնդիրը այլ է․ ցույց տալ, որ Ռուսաստանի ջանքերը, իբրև խաղաղապահ և երաշխավոր, չեն արդյունավորվում, և փաստորեն միջանցքը չի բացվում։ Չմոռանանք, որ Լավրովը խոսել էր միջանցքի մոտալուտ բացման մասին։ Չբացելով միջանցքը՝ Ադրբեջանը հարվածում է տարածաշրջանում Ռուսաստանի դերին, ինչը բխում է ԱՄՆ շահերից։ Հիմա հակառակ ուղղությամբ է գնում պրոցեսը։ Վաշինգտոնն ուզում է փաստել, որ Մոսկվայի չկարողացածը Վաշինգտոնը կանի։ Կարծում եմ՝ պարանաձգությունը կշարունակվի։
— Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է, որպեսզի Երևանի ու Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, որի համատեքստում պետք է անդրադարձ լինի նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայության իրավունքներին և անվտանգությանը։ Կարելի՞ է ենթադրել, որ խաղաղության պայմանագրում դրույթ կլինի նաև ԼՂ մասով։
— Չի բացառվում, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը ներառվի փաստաթղթում։ Խնդիրն այն է, որ այնպիսի կետ պետք է ձևակերպվի, որը որևէ կերպ չընկալվի Արցախը Ադրբեջանի կազմում։
— Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ն իսկապե՞ս շահագրգռված է լուծել 30-ամյա կոնֆլիկտը, թե՞ ամեն բան արվում է Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում։
— Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցման գործողությունների աշխուժացման շարժառիթները պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հարաբերակցությամբ։ Մի կողմից ռուսական գործոնի չեզոքացման կամ դրա հակակշիռ գոտիների ստեղծման առաջադրանքն է, մյուս կողմից՝ Իրանի շրջապատումը, հակառակ նրան, որ տեսանելի են Իրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականության մեղմացման միտումները։ ԱՄՆ պետդեպը նախատեսում է 700 հազար դոլարով աջակցել Ադրբեջանին ռազմակրթական ծրագրեր իրականացնելու համար։ Հիմնավորումը հետևյալն է. Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի, մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա կարող է նպաստել զինվորականների արևմտյան կողմնորոշմանը։ Սա ոչ միայն Ադրբեջանի ռազմական ոլորտում ռուսական գործոնի ազդեցության դեմ է ուղղված, այլ նաև՝ թուրքական գործոնի։ 44-օրյա պատերազմի օրերին ռուսական և թուրքական ռազմական ոլորտում ազդեցության գոտիների միջև նկատելի էր մրցակցություն։ Հիմա տեսանելի է դառնում երրորդ ուղղությունը։ Մի խոսքով՝ հակամարտությունները օգտագործվում են նման խնդիրների լուծման համար։
Հայկ Մագոյան