Պետք է դիմել Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը
Գլխավոր » Լրահոս » Պետք է դիմել Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը

Պետք է դիմել Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը

Արցախի շրջափակման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծավալած աշխատանքների շուրջ է «Ապառաժ»-ի զրույցը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ:

-Երեք ամսից ավելի է՝ շարունակվում է Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից: Ըստ Ձեզ, արդյո՞ք բոլոր հնարավոր միջոցները գործադրվել են հումանիտար աղետի մասին ահազանգելու համար, և արդյո՞ք համարժեք են միջազգային արձագանքները:

-Կդժվարանամ պնդել, թե մեթոդներն ու բոլոր խողովակներն օգտագործվել են, որովհետև դա մշտական աշխատանք է և պետք է հետևողականորեն «տաք» պահել թեման: Ընդհանուր առմամբ եթե գնահատենք, թե ինչ միջոցներ ու խողովակներ են օգտագործվել, կարող եմ ասել, որ բավական ակտիվորեն աշխատել են և՛ Արցախի կառույցները, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, և՛ հայաստանյան կառույցները, և՛ հայկական սփյուռքի մեր կազմակերպությունները, որոնք  այսօր էլ շարունակում են նույն խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ աշխատանքները: Բայց ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ սա չդադարող աշխատանք է: Այն, որ շրջափակումը դեռ շարունակվում է, և մեր ցանկալի արդյունքին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և ստիպելու, որ ապաշրջափակի Արցախը և հետևի իր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, չենք հասել, կարող եմ ասել, որ աշխատանքը պետք է շարունակվի, և մեծ հաշվով մինչև այդ խնդիրը չլուծվի, որևէ բավարարվածություն չենք կարող ունենալ:

-Միջազգային արձագանքների առումով՝ արդյո՞ք երկակի ստանդարտներ չեք նկատում մեր հարցի և նմանատիպ այլ խնդիրների հետ համեմատություն անցկացնելով:

-Ոչ միայն նկատում ենք, այլ նաև դրա մասին բարձրաձայնում ենք, և ոչ միայն հրապարակային, այլև փակ հանդիպումների ժամանակ: Ես այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպելու միջազգային պաշտոնյաների հետ, որոնց հետ հանդիպումները միշտ փակ են լինում: Եվ անգամ այն հանգամանքը, որ նրանք չեն համաձայնում այդ հանդիպումների՝ բաց լինելուն, խոսում է հենց այդ երկակի ստանդարտների և միջազգային դերակատարների մոտ համարձակության բացակայության մասին, որ վեր դասեն մարդու իրավունքների օրակարգը քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ շահերից: Մշտապես խոսում ենք այն մասին, որ հատկապես այն երկրները, որոնք առաջնորդվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության կարևոր արժեքներով, մի պարագայում ամբողջությամբ այլ կերպ են արձագանքում, մեր պարագայում՝ այլ: Իհարկե, դրականորեն պետք է արձանագրել այն, որ շրջափակման ընթացքում մեր իրավիճակի մասին նրանց տեղեկացվածությունը և նրանց վերաբերմունքը որոշակի վերափոխման է ենթարկվել:

Եթե մինչև շրջափակումն ընկած ժամանակահատվածում նման հանդիպումների ժամանակ նշում էի, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է որդեգրել ու վարում, շատ հաճախ տեսնում էի որոշակի կասկածամտություն կամ կարծիք, թե իբր ուռճացվում է իրավիճակը կամ ավելի բարդ է ներկայացվում, բայց շրջափակումը շատ հարցերի պատասխան տվեց և նրանք ևս համոզվեցին մեր պնդումների ճշմարտացիության և արդարացիության մեջ: Նաև խոսույթի հստակ տարբերություն եմ նկատել մինչև շրջափակումը իմ հանդիպումների և դրանից հետո ընկած ժամանակահատվածում տարբեր հանդիպումներից: Եվ կարծես թե տարբեր դերակատարների մոտ կա այն համոզմունքը, որ Ադրբեջանի արածը նպատակաուղղված է Արցախի հայ բնակչությանն իրենց հայրենիքից զրկելուն, և այստեղ է գալիս այն հրամայականը, որ այդ համոզմունքը պետք է վերածվի հստակ գործողությունների. եթե չի վերածվում հստակ գործողությունների, ուրեմն գործ ունենք երկակի ստանդարտների հետ:

Եթե կա համոզմունք, որ Ադրբեջանի կողմից վարվում է էթնիկ զտման քաղաքականություն, և միջազգային հանրությունը հավուր պատշաճի չի արձագանքում դրան, ուրեմն՝ սին և դատարկ են բոլոր այն խոսակցությունները, որոնք գեղեցիկ դահլիճներում միշտ բարձրաձայնվում են: Սա այն կարևոր ուղերձն է, որը և՛ իմ հրապարակային ելույթներում, և՛ փակ հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում եմ տաբեր միջազգային պաշտոնյաների առաջ՝ հույս ունենալով, որ ի վերջո նրանց միջամտությամբ և աջակցությամբ ավելի բարձր մակարդակում որոշում կայացնողներն ի վերջո կհանգեն հստակ գործողություններ ձեռնարկելու եզրակացությանը:

44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ՄԻՊ հաստատությունը բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի հանցավոր գործողությունների մասին, բայց, ցավոք սրտի, դրանք արձագանք չէին գտնում անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Շրջափակման ժամանակահատվածում առնվազն երեք ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններ իրենց հստակ դիրքորոշումը հայտնել են՝ պնդելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերացնի շրջափակումը: Որոշում կայացնողները մշտապես հղում են անում նաև իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներին, այսինքն՝ դրանք ծառայում են որպես ահազանգեր տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների համար: Հիմա այդ ահազանգը կա, ընդ որում՝ շատ դերակատարների կողմից, և մենք ակնկալում ենք, որ դա ի վերջո իր գործնական արդյունքը կունենա:

-Բոլորս մեծ ակնկալիքներ ունեինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Հաագայի դատարանի որոշման հետ կապված, բայց իրականում կարծես միայն կոչերի մակարդակում են դրանք: Արդյո՞ք դատարանի որոշումը գործադրելու միջոցներ չկան:

-Մեզ մոտ մշտապես այն ակնկալիքը կա, որ հարցն անմիջապես լուծում կստանա, բայց, ցավոք սրտի, միջազգային համակարգն այդպես չի աշխատում, և եթե համեմատական տանելու լինենք, ապա պետք է կուտակման էֆեկտի մասին խոսենք: Պետք է ինչ-որ թեմայի շուրջ ազդակներն այնքան կուտակվեն, որ միջազգային հանրությունը գնա կոնկրետ գործողությունների: Համենայն դեպս, մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Իհարկե, այդտեղ կան քաղաքական, տնտեսական շահեր, որոնք մեր օգտին չեն այս պահին աշխատում և կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մեր օգտին էլ չեն լինելու: Բայց մենք ունենք մի կարևոր խաղաքարտ. այն է, որ այս պայքարում մենք արդարացի ենք, ճշմարտությունը մեր կողմն է, և ինչպես նշեցի, միջազգային տարբեր դերակատարների և պաշտոնյաների մոտ համոզմունք կա, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրել իր հողի վրա, կա արձանագրված խտրականություն և կան մարդկանց կյանքի իրավունքի նկատմամբ Ադրբեջանի կողմից անընդհատ ոտնձգություններ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ գրեթե բոլոր անդամները նախ որևէ ձևով չեն լեգիտիմացրել Ադրբեջանի բնապահպանական պահանջները, այսինքն՝ անտեսել և կեղծ են համարել Ադրբեջանի բնապահպանական մտահոգությունները, բացառությամբ մեկ-երկու երկրի: Հստակ նշել են, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է ապահովել: Սակայն հարցը Անվտանգության խորհրդում քաղաքական տարբեր շահերով, գործընթացներով պայմանավորված փաստաթղթի չվերածվեց: Բացի դրանից, այնուհետև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հարցը քննության վերցվեց և դատարանի որոշումը կայացվեց 2023թ. փետրվարի 22-ին՝ հստակ արձանագրելով, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժը:

Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը բացահայտ և անթաքույց հայտարարում է, որ չի պատրաստվում հետևել միջազգային կոչերին: Ալիևը բազմաթիվ հայտարարությունների և հարցազրույցների ժամանակ ասել է, որ չկա միջազգային իրավունք: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Բայց այնպես չէ, որ դատարանի որոշումը չկատարելը չպետք է իր հետևանքները չունենա: Միջազգային իրավունքով կա սահմանված ընթացակարգ. եթե կողմերից մեկը չի կատարում դատարանի որոշումը, ապա մյուս կողմը պետք է նման հարցով դիմի Անվտանգության խորհուրդ, որը պետք է որոշի դատարանի որոշման կատարման հետագա քայլերը: Այդ քայլերի մեջ կարող են լինել պատժիչ, պարտադրող գործողություններ: Հիմա մենք հենց այդ փուլում ենք. մոտ քսան օր է անցել որոշման հրապարակումից և Ադրբեջանը չի կատարում այն, և ժամանակն է, որ այդ հարցով նորից Անվտանգության խորհրդի նիստ գումարվի: Կարծում եմ, որ եթե իրավիճակը շարունակում է մնալ այսպիսին, ապա ՀՀ-ն պարտադիր պետք է դիմի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով, որ Ադրբեջանը կատարի դատարանի որոշումը: Այս ուղղությամբ պետք է երկկողմ աշխատանքներ տարվեն Անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ՝ նրանց դրական վերաբերմունքը և հարցի վերաբերյալ արդարացի և ճիշտ դիրքորոշումը երաշխավորելու և ապահովելու համար:

-Իսկ ինչ-որ ժամկետ կա՞ Անվտանգության խորհրդին այդ հարցով դիմելու համար:

-Եթե դատարանի որոշման մեջ կատարման ժամկետներ չեն նշվում, ապա դրանք անհապաղ իրագործման ենթակա են: Եթե դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է ապահովի ազատ տեղաշարժը միջանցքով, ապա հրապարակման պահից սկսած էլ Ադրբեջանը պետք է այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկեր: Վճռի գործադրման համար մյուս կողմի՝ Անվտանգության խորհուրդ դիմելու ժամկետ էլ չկա: Կարծում եմ, որ որոշակի ողջամիտ ժամկետ սպասելը ճիշտ էր, որպեսզի ավելի ամուր լինեն պնդումները, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել, բայց կարծես թե այդ ողջամիտ ժամկետն էլ է արդեն լրանում, և այդ ուղղությամբ պետք է գործողություն ձեռնարկել:

-Տեղյակ ենք, որ ՄԻՊ գրասենյակը ստեղծված իրավիճակի, ԱՀ երեք քաղաքացիների սպանության վերաբերյալ մի շարք զեկույցներ է պատրաստել: Որտե՞ղ են ներկայացվում այդ զեկույցները, և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

-Զեկույցների պատրաստմամբ երկու նպատակ ենք հետապնդում: Առաջինը՝ ՄԻՊ-ը, որպես անկախ պետական մարմին, փաստեր է հավաքագրում: Երկրորդն այն է, որ ահազանգ է հնչեցնում միջազգային հանրությանը առկա իրավիճակի մասին և առաջարկներ է ներկայացնում, թե ինչ ձևով կարելի է կանխել կամ ինչ միջամտություն պետք է ցուցաբերել:

Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո լավ պրակտիկա ենք որդեգրել, որ մարդու իրավունքների խախտումներին անմիջապես արձագանքենք զեկույցով, որովհետև նման իրադարձությունների ժամանակ ադրբեջանական քարոզչամեքենան սկսում է միջազգային հարթակներում իր նարատիվները տարածել և խեղաթյուրել իրականությունը: Դրա համար ամենահիմնավորը հստակ փաստերի արձանագրման հիման վրա զեկույցներ պատրաստելն է, և դա է պատճառը, որ դեպքից հետո մեկ-երկու օրվա ընթացքում պատրաստեցինք այդ զեկույցը, որ տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի կազմակերպությունները, տարբեր պաշտոնյաներ կարողանան ձեռքի տակ ունենալ նյութ, որը փաստարկված է և ցանկացած հանդիպման, խոսակցության ժամանակ ուղղակի դնեն զրուցակցի առաջ՝ նկարներով, տեսանյութերով, արձանագրված փաստերով՝ ցույց տալու համար, թե որտեղ է Ադրբեջանը ստում և որն է իրականությունը:

Բոլոր զեկույցներն ուղարկվում են միջազգային տարբեր կազմակերպություններ, տարածվում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ներկայացվում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, տրամադրվում են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ուղարկվում են Արցախի և ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք իրենց հերթին տարածում են իրենց երկրներում երկկողմ շփումների ժամանակ: Երեք ոստիկանների սպանության վերաբերյալ զեկույցն ուղարկել ենք նաև միջազգային լրատվամիջոցներին, որոնք և շրջափակման թեման են ինչ-որ ձևով լուսաբանել, և 44-օրյա պատերազմը: Այս թեմայի վերաբերյալ նաև հետադարձ հետաքրքրվածություն է եղել, շուրջ 6-7 հարցազրույցներ եմ վարել միջազգային մեդիայի ներկայացուցիչների հետ կոնկրետ թեմայով, որը դիտարկել ենք Արցախի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության համատեքստում:

Մենք  շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, (իհարկե, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին): Մեր առաջնային ֆունկցիան այս պահին բարձրաձայնելն է, իրազեկելն ու փաստեր ներկայացնելը:

 Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1