ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավարի հետ


ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 14-ին Մոսկվայում հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։
Իր խոսքում Սերգեյ Միրոնովը նախ հիշատակել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշարտության» և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների համագործակցությունը` 2007 թ. ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը։
Արմեն Ռուստամյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնալում է ավելի ակտիվ գործողություններ։
Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։


