Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր կողմից իրականացված մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր կողմից իրականացված մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից

Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր կողմից իրականացված մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծ հաղորդագրությանը.

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:

Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար։

1