Ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ. Ռուբեն Վարդանյան
Գլխավոր » Լրահոս » Ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ. Ռուբեն Վարդանյան

Ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ:

«Կանայք կյանքի խորհրդանիշ են: Նրանք կյանք են տալիս ու ապրեցնում ամենաբարդ իրավիճակներում: Նրանց մեջ անսահման ուժ ու կամք կա, որը հաճախ անտեսանելի է:

Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի կանգնած են տղամարդկանց հետ և պաշտպանում են մեր հայրենիքը, կյանքն ու արժանապատվությունը: Արցախ տեղափոխվելուց ի վեր ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, դժվարություններին դիմակայելու կամքով, մեր հաղթանակի հանդեպ հավատով։ Նրանք համարձակություն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները և դրա համար օգտագործում են բոլոր լեգիտիմ միջոցները՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, բողոքի ցույցեր կազմակերպելով ադրբեջանական ագրեսիայի դեմ և դրսևորելով իրենց հաստատակամությունը՝ մնալու Արցախում և պայքարելու մինչև վերջ։ Նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի իրենց երեխաները շարունակեն ստանալ կրթություն անգամ անմարդկային շրջափակման պայմաններում։

Սիրելի´ կանայք, իսկապես հիացմունքի է արժանի, թե ինչպես դուք կարող եք միաժամանակ լինել այսքան ուժեղ, անկոտրում և դա համատեղել բացառիկ հմայքի ու կանացիության հետ: Մենք իսկապես պարտավոր ենք ամեն ինչ անել ձեզ անվտանգ, արժանապատիվ ու երջանիկ կյանք ապահովելու համար: Ամենաբարդ պահերին անգամ դրան հասնելու ուժն ու էներգիան մենք ստանում ենք ձեզանից:

Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին: Մենք պարտավոր ենք կառուցել ապահով ու անվտանգ երկիր, որտեղ կանայք ամենաակտիվ մասնակցությունն ունեն հասարակական կյանքում և մեր ապագայի կերտման գործում»։

1