Մեկնարկվել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկվել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը

Մեկնարկվել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը

Ի գիտություն հանրապետության հողօգտագործողների՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել համաձայն որի՝ «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն, մարտի 1-ից մեկնարկվել է գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը.

Հաճարի և եգիպտացորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին կտրամադրվի 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ, իսկ հնդկացորենի, կտավատի, ոլոռի, ոսպի, սիսեռի, արևածաղկի, սոյայի, առվույտի և կորնգանի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին կտրամադրվի՝ 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ:

Գարնանացան մշակաբույսերի սերմերի մասնակի սուբսիդավորման (հողօգտագործողի կողմից վճարման ենթակա գումարը) գործընթացը Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից կիրականացվի նաև փոխառության տեսքով:

Սերմերը կտրամադրվեն ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:

Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից գյուղատնտեսության նախարարություն ներկայացված անվանական ցուցակները:

Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողատարածքը ցանքսին պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկանքով (ստորագրում է նաև համապատասխան տեղամասը սպասարկող գյուղատնտեսը):

Եգիպտացորեն, արևածաղիկ և առվույտ մշակաբույսերի մշակության դեպքում, բացառությամբ ծովի մակերևույթից 900 մ և բարձր գոտիներում ցանվող տարածքների, անհրաժեշտ է նաև ոռոգման ինքնահոս եղանակով հնարավորության, ոռոգման կաթիլային, անձրևացման և այլ համակարգերի առկայության դեպքում՝ ջրային համակարգերը շահագործող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

Բանջարեղեն մշակելու համար հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի 1 հեկտարի դիմաց միանվագ ֆինանսական աջակցություն (պարտադիր պայմաններ են հանդիսանում մեկ ամբողջական հողատարածքի մակերեսը ոչ պակաս, քան 0,1 հեկտար լինելը, ինչպես նաև ոռոգովի դաշտի առկայությունը, բացառությամբ՝ 900 մետր և բարձր գոտիներում ցանված կարտոֆիլի և սխտորի):

Սույն միջոցառման շահառու են համարվում փաստացի բերքահավաք իրականացրած հողօգտագործողները, բացառությամբ բնական աղետից տուժած տարածքների հողօգտագործողների:

1