Արցախյան շարժման ակտիվիստների խոսքը՝ շարժման 35-ամյակին նվիրված տոնակատարությանը

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ ամեն բան սկսվեց, երբ որ ակնհայտ դարձավ, որ կոմունիստական կուսակցությունը, հետևելով Լենինի ցուցումներին, հարցը չլուծելու համար հանձնաժողովներ էր ստեղծում, և գործը տեղից չէր շարժվում։
«1988թ․ վերջին առաջ քաշվեց նոր նախաձեռնություն, որը նույն թվականի փետրվարի 1-ին Նորագյուղի գաղտնի ժողովում ընդունվեց և Իգոր Մուրադյանի ու Վաչե Սարուխանյանի օգնությամբ տարածվեց մարզի հայկական բնակավայրերում։
Նորագյուղում ընդունված որոշման օրինակելի նախագիծն աննախադեպ է 1921թ.-ից հետո, որովհետև առաջին անգամ ձեռնամուխ եղանք ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորման հանրային քննարկմանն ու մայր հայրենիքին վերամիավորման հռչակմանը»,-նշել է Ս․ Առուշանյանը։
Համլետ Գրիգորյանն էլ հիշեց այն պահը, երբ նստաշրջանը սկսելու համար լրացավ անհրաժեշտ պատգամավորների քանակը։

Այդ պահին ամբողջ հրապարակը թնդաց, փոքրիկ երկրաշարժ տեղի ունեցավ և դրանից հետո հայ ու ադրբեջանցի իշխանավորները ստիպված էին գալ նստաշրջանին ու լսել նախագահությանը։ Ֆանտաստիկ միաբանություն կար 80-ականներից մինչև 90-ականների առաջին կեսի վերջը։ Ցավոք սրտի, դաժան երևույթներ սկսվեցին այդ միաբանության մեջ, երբ որ Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը՝ նույն մոր երեխաները, դարձան խորթ երեխաներ, որն առ այսօր էլ շարունակվում է։
Համլետ Գրիգորյանը իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախի ժողովուրդը, որակեց ծանր, սակայն ոչ ծանրագույն։ Նա ներկաներին հիշեցրեց, 1992թ․ պատերազմական իրադարձությունները, երբ գնդակոծվում էին Գանձասարն ու Խաչենագետի ափերը, Ստեփանակերտում ջուր չկար, բոլորն ընկել էին այն միջանցքը, որն այսօր Լաչինի միջանցք են անվանում և նման էր 1915թ․ ցեղասպանությանը՝ Եփրատ գետի ափերին։
«Այսօրվա վիճակը շատ ավելի փափուկ ենք անցկացնում։ Գուցե դա իշխանությունների աշխատանքի արդյունքն էր, բայց մենք այնքան ենք կորցրել մեր հավատը, որ լավ գործին էլ չենք հավատում արդեն»,-ասել է Հ․ Գրիգորյանը։
Նա նշեց, որ այսօր ժողովուրդը չի հասկանում իրավիճակի համար ում մեղադրել, ում դեմ բողոքել և հարց ուղղեց իշխանություններին, թե արդյո՞ք հնարավոր չէր չհանել մեր բանակը Փառուխի դիրքերից, որպեսզի թշնամին չգար ու հայտնվեր Քարագլխի բարձունքներում, ինչպե՞ս է ստացվել, որ պատերազմից հետո գրավվել են Մեծ Թաղերն ու Խծաբերդը, հնարավո՞ր չէր Աղավնոյի բանակցություններում գոնե էլեկտրականության մասով ինչ-որ շահի հասնել։
Համլետ Գրիգորյանը այդ ամենի մեջ տեսնում է ոչ թե թուրքերի կամ Հայաստանի մեղավորությունը, այլ այն, որ մենք ոչ թե պայքարել ենք ու պարտվել, այլ համաձայնել ենք։
Խոսքի վերջում Համլետ Գրիգորյանը շնորհավորեց շարժման այն ակտիվիստներին, որոնք իրենց կյանքը չեն խնայել մեր այս օրվա համար։ Նա նշեց, որ շարժման ակտիվիստները մոռացության են մատնված, և կոչ արեց հիշել բալոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրվել են սեփական ժողովրդին։ Նա համոզմունք հայտնեց, որ արցախցին շարունակելու է ապրել իր հողի վրա այնպես, ինչպես որ ապրել է դարերով։
Շարժման ակտիվիստներից Կամո Սաֆարյանն էլ բոլորին մաղթեց այն ամուր ոգին, որն ուներ մեր ժողովուրդը 1978-1988թթթ․, որպեսզի որևէ մեկը չկարծի, թե թշնամին կամ ինչ-որ ուժեր կարող են մեր ոգին կոտրել։

Նրա խոսքով՝ Արցախյան շարժումն ավելի մեծ թափ ստացավ 1988թ․ փետրվարին, որից հետո սկսվել են նաև բռնաճնշումները, իրենց կամքը թելադրելը, սակայն միշտ այդ ժամանակներում ժողովուրդը պոռթկացել է։
«Կոլտնտեսությունների այն ժողովները, որոնք հաշվետվությամբ հանդես էին գալիս, օրակարգ մտցրին առաջինը Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը։ Երբ փորձում էին ճնշել, իրենք ավելի ուժեղ սկսեցին դիմադրել ու այդպես էլ փետրվարի 11-ի դեպքից հետո, փետրվարի 12-13-ին Ադրբեջանի Կենտկոմի 2-րդ և 3-րդ քարտուղարները գործուղվեցին Ստեփանակերտ ու Մարտունի։ Ու դրանից ավելի ավելի ուժեղ դարձանք մենք»,-ասել է Կ․ Սաֆարյանը։
Նա նշեց, որ շարժման ընթացքում իրեն, Արկադի Ղուկասյանին, Ռազմիկ Պետրոսյանին և այլ առաջամարտիկների փորձեցին կեղծ մեղադրանքներով բանտարկել, բայց ոչինչ չկարողացան անել, ու բանտերից վերադառնալով՝ նրանք 1988թ․ վերջին սկսեցին ձևավորել ինքնապաշտպանական խմբեր, որովհետև հասկացան, որ թուրքի հետ ուրիշ ձևով խոսել հնարավոր չէ։
Շարժման առաջամարտիկներից Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ շարժումը հեշտ չէր ձևավորել, որովհետև սովետական միության մեջ էին, և շատ բան գաղտնի է արվել։

«Մեր շարժումը իսկական ազատագրական պայքար էր․ և՛ կոմունիստներն են պայքարել, և՛ շարքայիներն են պայքարել, և՛ առանձին բանվորներն են պայքարել»,-ասել է Ռ․ Պետրոսյանը։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ շատ սխալներ ենք գործում։
«Երբ որ մի արտասահմանցի էր փորձում գալ, ռուսներն անմիջապես զանգում ու ԱԳՆ-ից կամ ղեկավարությունից էին հարցնում՝ բա՞ց թողնել, թե՞ ոչ։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ռուսական զորքը կանգնած ադրբեջանցիները փակեցին ճանապարհը, ոչ մեկը ոչ մի բան չիմացավ։ Ես ուզում եմ սա հասկանալ»,-ասել է նա։
Նրա կարծիքով այսօր մենք չենք պայքարում, իսկ պայքարելու համար պետք է միավորվել ու առաջարկեց Արայիկ Հարությունյանին, եթե չի կարողանում ղեկավարել՝ հեռանա, ու նոր նախագահ ընտրեն։
Նա ընդգծեց, որ արցախյան գոյապայքարին ամենաշատ վնաս հասցնողները եղել են Հայաստանի իշխանությունները։