Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին
Գլխավոր » Լրահոս » Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին

Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է  շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։

Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա այդ իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև,-ասել է նա: — Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»:

Պետնախարարը նկատել է, որ չնայած ճգնաժամի ու շրջափակման դժվարություններին` այն նաև ցույց է տվել, որ Արցախում մարդիկ պատրաստ են պայքարի և անտարբեր չեն. «Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ ուժեղ ժողովուրդ ունենք: Երբ կա հավատ, մարդիկ պատրաստ են դիմանալ ամեն ինչի: Արցախցու դիրքորոշումն օգնեց ոչ միայն արցախցուն, այլ ամբողջ Հայկական աշխարհին։ Այդ առումով մենք պետք է հասկանանք, որ այս միասնությունը, որը դրսևորվեց այս օրերին, մեր հաջողությունն է, և մենք պետք է կարողանանք դա պահպանել»»,-ասված է հաղորդագրության մեջ։

1