Էրդողանը մարդասիրական աղետի անվան տակ ընտրաքաղաքական գործընթացներ է սկսել

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
-Ըստ մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել։ Արդյո՞ք ընտրությունները կանցկացվեն նախանշված ժամկետներում, թե՞ երկրաշարժի պատճառով հնարավոր է հետաձգում։ Ինչու՞ է շտապում Էրդողանը․ այս փուլում կկարողանա՞ ցանկալի արդյունքի հասնել՝ հաշվի առնելով ստեղծված հումանիտար աղետի գործոնը։
-Չի բացառվում, որ ընտրությունները հետաձգվեն․ եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել, որից անմիջապես հետո, ըստ որոշված թվականի, լինելու են նախագահական ընտրություններ։ Չեմ կարծում, թե այդ ժամանակահատվածում ընտրարշավը նորմալ պայմաններում կընթանա։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար Էրդողանը թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններով մեծ աշխատանքներ է կենտրոնացնում։ Թուրք հասարակությանը պիտի համոզի, որ ամենաօպերատիվ եղանակներով և մեթոդներով աշխատում է փրկել կյանքեր, կազմակերպել որոնողափրկարարական աշխատանքներ, իսկ արտաքին առումով՝ միջազգային օժանդակությունների աշխարհագրությունը ընդլայնելով փաստել, որ տարբեր երկրների հետ լուծում է պրոբլեմները։ Մարդասիրական աղետը լիարժեք օգտագործվում է քաղաքական նպատակներով․ այս դեպքում նաև՝ նախընտրական քարոզարշավի մղումներով։ Էրդողանը մարդասիրական աղետի անվան տակ ընտրաքաղաքական գործընթացներ է սկսել։
-Թուրքիայի նախագահի փոփոխությունը որքա՞ն հավանական եք համարում, թե՞, այնուամենայնիվ, կրկին գործ ենք ունենալու Էրդողանի հետ։
— Վաղ է հաստատել՝ կփոխվի Թուրքիայի նախագահը, թե ոչ։ Որքան հակաէրդողանյան տրամադրություններ կան թուրք հասարակությունում, այնքան նաև՝ Էրդողանի քաղաքականությունը կիսող լայն շրջանակներ։ Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների արդյունավետությունը կամ անարդյունավետությունը կազդի ընտրությունների արդյունքների վրա։ Կարծում եմ, մեծ հաշվով, նաև կախված է Վաշինգտոն -Անկարա հարաբերությունների ելևէջներից։ Եթե ԱՄՆ-ն նախապատրաստում է հետէրդողանական ժամանակաշրջան, ականատես կլինենք ֆինանսական նոր ճգնաժամի, ինչը կտրուկ կազդի ընտրությունների արդյունքների վրա։ Եթե այդ գործիքակազմը չօգտագործվեց, կնշանակի, որ Էրդողանի հետ լարվածությունը ավելի դեկլարատիվ բնույթ ունի։
-Իրանական կողմը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց մասնակցությամբ լուծվեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ է ցանկանում ասել Իրանը։
-Իրանը հասցեական չի ասում, թե ովքեր պետք է դուրս մնան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացից։ Սակայն պարզ է իրանյան մոտեցման սկզբունքները։ Իր սահմանը ՀՀ-ի հետ չի փոխվելու, և այդ շրջածիրում չի հանդուրժելու, որ իր սահմանամերձ շրջաններում տեղակայվեն երրորդ կողմի ուժեր՝ դիտորդական, քաղաքացիական, թե ռազմական տեսքով։
-Արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումը ձեռնտու է Իրանին, թե՞ նրանց ևս չի ուզենա տեսնել։
-Իրանի հիմնական նպատակը իր ապաշրջափակումն է ՀՀ-ի և Վրաստանի վրայով դեպի Սև Ծով և Եվրոպա։ Դա լինի էներգակիր խողովակների ճանապարհով, թե Պարսից ծոց-Սև ծով ցամաքային տարանցիկություններով։ Դրա համար այլ ուժերի ներգրավվածությունը կարող է խանգարող լինել։ Այստեղ որոշակի համընկնումներ կան իրանական և հավաքական Արևմուտքի շահերի միջև։ Պարսից Ծոց-Սև Ծով ճանապարհի մասին վաղուց առաջադրանքներ կային․ Ուկրաինայի պատերազմից հետո է, որ տեսանելի են դառնում այդ ցամաքային տարանցիկ ուղու հարթման նախապատրաստական աշխատանքների նախադրյալները։
Հայկ Մագոյան
radar.am