Սարինե Աբրահամյանը մասնակցեց Պոլիս քաղաքում Ը.Ե.Մ.Մ.-ի լիագումար նիստին
Փետրվարի 3-5ին Հ.Յ.Դ. երիտասարդ անդամ, Ը.Ե.Մ.Մ.-ի փոխնախագահ Սարինե Աբրահամյանը մասնակցեց Պոլիս քաղաքում Ը.Ե.Մ.Մ.-ի նախագահության լիագումար նիստին:
Ժողովը կազմակերպել էր Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպության կողմից, որը Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում է դիտորդական կարգավիճակով:
Ժողովի ընթացքում ճշտվեցին Ը.Ե.Մ.Մ.-ի անելիքները 2023ին և որդեգրվեց Միջազգային Միության քաղաքական և կազմակերպական աշխատանքային քարտեզը:
Ընկերուհի Սարինեն Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին բարձրաձայնեց իր մտահոգությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես Հայաստան Ադրբեջան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դերակատարության և տարածաշրջանում խիստ ապակայունացնելու նպատակների մասին: Սարինե Աբրահամյանը ներկայացրեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորապես վտանգվեցին հատկապես Թուրքիայի բացահայտ միջամտության պատճառով 44-օրյա պատերազմին, ավելացնելով, որ հայ հասարակությունը ունի բացասական վերաբերմունք հայ-թուրքական հարաբերությունների վերականգման վերաբերյալ:
Սարինե Աբրահամյանը, հանդիսանալով Սև Ծովյան տարածաշրջանի պատասխանատու, ներկայացրեց տարածաշրջանում կարևորագույն քաղաքական զարգացումների մասին ու նաև մանրամասն զեկուցեց Արցախի շրջափակման և տիրող հումանիտարային ծանր իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2022թ-ի դեկտեմբերին IUSY-ն պաշտոնական հայտարարությամբ խիստ դատատապարտել էր Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը և կոչ արել անհապաղ և առանց նախապայմանների վերաբացել Բերձորի (Լաչինի) Միջանցքը:
Ը.Ե.Մ.Մ.-ի փոխնախագահը նաև այցելեց Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչներին, երիտասարդական թևի ներկայացուցիչներին և նաև Թուրքիայի խորհրդարանի HDP-ի անդամներին: Սարինե Աբրահամյանը HDPի ներկայացուցիչների հետ քննարկեց Թուրքիայում HDP կուսակցության անդամների և ընդհանրապես փոքրամասնությունների խնդիրների և դժվարությունների մասին և նրանց նկատմամբ հետապնդումներ և ճնշումներ իրականացնելու նկատմամբ:
Հ.Յ.Դ. անդամը նաև հանդիպել է Ակօս-ի գլխավոր խմբագրին՝ Բագրատ Էստուկյանին և այցելել է հայկական թաղամաս, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պեզճյան մայր վարժարան:
Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ