Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է 1, իսկ Սիրիայում՝ 2 հայ, ավերվել են եկեղեցիներ

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։
Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։
Էլազըգում (Խարբերդ) կան ավերված շենքեր, հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։
Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։
Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝ քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։ Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս վնասվել է։ Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան։
Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից, մտահոգող լուրեր այս պահին չկան։
Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։
Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշեց, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր:
«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:
Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:
«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել է, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակեց պատգամավորը: