Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ կապահովվեն
ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով. «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծով առաջարկվում է հետ վերադարձնել ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը` ԼՂՀ տարածքում վերջին 5 տարիների ընթացքում բնակարանի ձեռք բերման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Փոփոխության նպատակն է թեթևացնել հիպոթեքային ծրագրից օգտվող քաղաքացիների բեռը:
Կառավարության որոշմամբ՝ ավելացված արժեքի հարկից կազատվեն գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող մթերքներից ալյուրը, հացը և լավաշը: Մեկ այլ որոշմամբ՝ գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին կփոխհատուցվի ապրանքի իրացումից առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը: Սրանով պետությունը աջակցում է արտադրողներին` իրենց արտադրանքը Հայաստանում իրացնելու և արտադրությունը զարգացնելու գործում: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թեթև արդյունաբերության զարգացման համար ևս նման գործիքներ մշակել ու կիրառել:
Կառավարության հավանությանն է արժանացել ԼՂՀ-ում կերարտադրության և անասնաբուծության զարգացման 2015-2017թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բոլոր շրջաններում գյուղատնտեսության ճյուղերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովել` հանրապետությունում նաև կերային կայուն բազա ստեղծելու համար:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ մասնակիորեն կսուբսիդավորվի մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի արժեքը: Մասնավորապես՝ պետությունը կվճարի արտեզյան ջրհորից մատակարարվող 1 խ.մ ջրի համար ծախսված էլեկտրաէներգիայի արժեքի և ինքնահոս ոռոգմամբ 1 խ.մ ջրի սակագնի տարբերությունը:
Կառավարությունը հաստատել է 2015 թվականի պետական բյուջեով իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Դրանց համար հատկացվելու է մոտ 3մլրդ 342մլն դրամ:
Նիստում հաստատվել են ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության, ուսումնասիրման և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Ըստ ծրագրի՝ հանրապետությունում շարունակելու է պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման գործընթացը ` մեծացնելով պատմամշակութային արժեքների դերը զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Հաստատվել են նաև 2015 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: