20 000 երեխաներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից
Գլխավոր » Երիտասարդական » 20 000 երեխաներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից

20 000 երեխաներ զրկված են կրթություն ստանալու իրավունքից

Մենք այն երջանիկներից ենք, ովքեր ունեցել են ուրախ ու անհոգ մանկություն։ Ճիշտ է, չունեինք խաղալիքներ, Արցախյան առաջին պատերազմից հետո ևս սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում էր ծանր մնալ, սակայն մենք մեզ անհոգ ենք զգացել ու երջանիկ, որովհետև հնարավորություն ենք ունեցել դպրոց հաճախելու, խաղալու ու շփվելու մեր հասակակիցների հետ։

Հետո եկավ 2020-ը, երբ խանութները լցված էին տարատեսակ խաղալիքներով, տարատեսակ էլեկտրոնային սարքավորումներով, կային  զվարճանքի վայրեր, հարմարավետ դպրոցներ։ Սակայն 2020թ. սկսված կորոնավիրուսի համավարակը, հետո 44-օրյա պատերազմը, այնուհետև Արցախի շրջափակումը զրկել են Արցախի 30 000 երեխաներին կրթություն ստանալու իրավունքից, զրկել են իրենց ուրախ խաղերից, կանգնեցրել սովի ենթարկվելու վտանգի առջև։

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանական քաղաքականությանը, ցավոք սրտի, զոհ են գնում նաև մեր երեխաները։

Ադրբեջանի կողմից գազի անջատման, հոսանքի չբավարարման, սնունդ չլինելու պատճառով Արցախի 20 000 դպրոցահասակ երեխաներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից, իսկ ստեղծված բարոյահոգեբանական վիճակը շատ բացասաբար է անդրադառնում  նրանց վրա։

Խոսելով  շրջափակման մասին՝ Մարթա Չիլինգարյանը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղից, ով այդ հազարավոր երեխաներից մեկն է, նշում է.

«Արցախի շրջափակումը կարծես թե կանգնեցրել է մեր կյանքի ընթացքը։ Փողոցներում այնքան քիչ ենք հանդիպում մեքենաների։ Դպրոց շտապող երեխաներ էլ չկան, որովհետև անորոշ ժամանակով դադարեցվել է դասագործընթացը։ Այլևս խանութներում չենք կարողանում գտնել մեզ անհրաժեշտ պարագաները, նույնիսկ դեղորայքի պակաս կա։ Փակ միջանցքի երկու կողմում շարունակում են կիսված ընտանիքներ մնալ։ Շարունակվող շրջափակմանն ուղեկցում են գազի և հոսանքի անջատումները։ Բնակարանները զրկվում են ջեռուցումից, հոսանքն էլ եղած դեպքում խնայողաբար ենք օգտագործում։ Շարունակվող շրջափակման մեջ հասկացել ենք, որ մարդիկ շատ բարի են, օգնում են միմյանց դժվարին պահերին, և հենց այդ ամենի միջոցով էլ մենք կկարողանանք հաղթահարել ներկայիս ճգնաժամային իրավիճակը»։

Շրջափակումից հետո Մարթան ավելի զգոն է դարձել, ավելի կարեկից ու սկսել է ավելի շատ արժևորել կյանքի ամեն մի վայրկյանը։ Նա հասկացել է, որ բոլորի կողմից սիրված Ամանորը ճոխ սեղաններով ու հրավառությամբ անցկացնելուց բացի, նախ և առաջ՝ ընտանեկան տոն է, երջանկություն, և բոլորս պետք է սկսենք արժևորել մեր ընտանիքի հետ ապրած յուրաքանչյուր վայրկյան, որովհետև փակված ճանապարհի այն կողմում հարյուրավոր երեխաներ ու ծնողներ կան բաժանված միմյանցից։

Մարթան դպրոցից ամենաշատը կարոտում է աշխարհագրության դասերն ու ընկերներին։

«Դպրոցը մեզ տալիս է կրթություն, որն էլ կարևոր է հատկապես մեր ապագայի համար։ Իսկ ներկայիս իրավիճակում մենք համոզվում ենք, որ ավելի ու ավելի շատ պետք է զինվենք գիտելիքներով, որպեսզի կարողանանք պայքարել մեր իրավունքների համար, որոնք անտեսվում են աշխարհի հազարավոր գիտնականների կողմից»,-ասում է Մարթան։

Չնայած շրջափակմանը և դպրոց չլինելուն՝ Մարթան չի սիրում նստել տանը և տխրել, որովհետև այն համոզմունքն ունի, որ յուրաքանչյուր մութ սենյակում կարելի է լույս գտնել: Պարզապես ցանկություն է պետք:

«Օրվա մեծ մասը տրամադրում եմ ընթերցանությանը, նաև ստեղծագործում եմ, գրում բանաստեղծություններ, կամ էլ շարադրում այն, ինչ զգում եմ այդ պահին։ Սկսել եմ նաև ուսումնասիրել տարբեր լեզուներ և ավելի խորացնել գիտելիքներս»,-ասում է Մարթան։

Նա բազմաթիվ  նպատակներ ունի, սակայն չի սիրում դրանց մասին խոսել:

«Եթե խոսել, ապա դրանց հասնելուց հետո։ Ինչ Նպատակ էլ որ ունեմ, միանշանակ կապված է Արցախի անկախացման, ճանաչման և զարգացման հետ։ Այն գիտելիքների պաշարը, որ ես ունեմ և պետք է դեռ ավելացնեմ, փոխանցելու եմ Արցախի ապագա սերունդներին, որովհետև կյանքը շարունակվում է, և սերունդների այս հերթափոխում մենք պետք է արժանի հետնորդ և նախնի լինենք»,-նշում է Մարթա Չիլինգարյանը։

Քաղաք Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ադամյանը նշում է, որ մեզ պատուհասած և արդեն մեկ ամսից ավել շարունակվող աղետը մի օր պիտի ավարտվի, որովհետև արցախցին պայքարող է, նրա կամքին հնարավոր չէ բռնանալ, և արդար է, որովհետև այս հողը հայկական է, և այստեղ ապրելու իրավունքը հայերին է պատկանում:

«Ես վստահ եմ,որ եթե այս ամենը շարունակվի թեկուզ տարիներ էլ` մենք կդիմանանք, կհաղթահարենք, քանզի մենք հայ ենք և Աստծո ընտրյալ ազգն ենք, իսկ Աստծո կամակատարներին հաղթել չի լինի, քանի որ մեզանում հավատ կա, իսկ մեր հոգին պայքարող ու ազատ է: Մենք պատրաստ ենք ցանկացած զրկանքներով ապրելու, միայն թե պաշտպանենք ու հայկական պահենք այն հողը, որի համար հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել»,-ասում է Մերին։

Մերին շատ երազանքներ ուներ մինչև շրջափակումը, դրանք այսօր էլ ունի իր մտքում պահած, սակայն չի բարձրաձայնում, որովհետև այսօր անհատական երազանքների մասին ոչ ոք չի խոսում, բոլորը մեկ հավաքական նպատակ ունեն՝ հաղթահարել այս դժվարություներն ու սեփական հողում ապրել ազատ ու երջանիկ։

«Իմ բազմաթիվ երազանքների կողքին իմ ամենամեծ երազանքը Արցախում՝ իմ հողում ապրելն է»,- նշում է նա։

Նա կարոտում է իր հարազատ դպրոցը, դասընկերներին, ուսուցիչներին, և շատ անհամբեր է, թե երբ պիտի սկսեն նորից դպրոց գնալ, գիտելիք ստանալ, իսկ մինչ այդ փորձում է իր օրերը հետաքրքրությամբ լցնել. ինքնակրթությամբ է զբաղվում, գրքեր է կարդում, ֆիլմեր դիտում։ Նա համոզված է, որ դպրոցում ստացած գիտելիքներն են օգնում այս դժվարին իրավիճակում, և պետք է ամեն պարագայում շարունակել կրթվել ու զարգանալ։

17-ամյա Արսեն Գևորգյանն Արցախի ապագա զինվորն է, նրա պաշտպանը։ Նա համոզված է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը նպատակ ունի Արցախը հայաթափելու, սակայն կարծես թե լավ չեն ճանաչում արցախցիներին:

«Նրանք չեն հասկանում, որ շրջափակված Արցախում ոչ ոք միտք չունի լքել իր հայրենի հողը: Հակառակը, այս դժվարությունները մեզ միասնական են դարձնում, ուժ տալիս և էլ ավելի մեծացնում թշնամու հանդեպ ունեցած վրեժի մեր զգացումը»,-նշում է Արսեն Գևորգյանը։

Արսենն այն հարյուրավորներից մեկն է, ով ոչ միայն զրկվել է կրթություն ստանալու իրավունքից, այլև արդեն 44 օր է, ինչ բաժանված է իր մայրիկից, ով գտնվում է երևանում։

«Շրջափակումից հետո կյանքս 180 աստիճանով փոխվել է։ Մայրս մնացել է Երևանում և չի կարողանում վերադառնալ։ Տան հիմնական գործերը ես եմ անում։ Ամբողջությամբ փոխվել է աշխարհայացքս։ Այս դժվարին պահերին մենք հասկացանք, որ միջազգային հանրությունը չի օգնում  մեզ, որովհետև տարբեր երկրներ մեզնից որևէ շահ չունեն»,-ասում է Արսենը։

Արսենը նույնպես կարոտում է իր դպրոցը, ուսուցիչներին, ընկերներին, որոնց հետ հնարավորություն ուներ դպրոցում շփվելու։

Նա նաև լավ նկարում է, և նպատակ ունի մինչև բանակ գնալը իր անհատական ցուցահանդեսը կազմակերպել, որի հիմնական թեման Արցախը կլինի, իսկ զորացրվելուց հետո էլ նպատակ ունի դիզայներ դառնալ և իր փոքրիկ ներդրումն ունենալ Արցախը շենացնելու և ճանաչելի դարձնելու գործում։

«Այս օրերին, արդեն նշեցի, հիմնականում տնային աշխատանքներով եմ զբաղված, իսկ եթե ազատ ժամանակ եմ գտնում, նկարում եմ։ Եթե հասցնեմ, մեր իրավիճակի հետ կապված նկար եմ նկարելու»,- նշում է Արսենը։

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1