Կոնգրեսմեն Սանչեսը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՄՆ-ի Հայ դատի անդամների և Արցախում արգելափակված Հայ դատի ներկայացուցչի հետ
Գլխավոր » Լրահոս » Կոնգրեսմեն Սանչեսը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՄՆ-ի Հայ դատի անդամների և Արցախում արգելափակված Հայ դատի ներկայացուցչի հետ

Կոնգրեսմեն Սանչեսը տեսակոնֆերանս է անցկացրել ԱՄՆ-ի Հայ դատի անդամների և Արցախում արգելափակված Հայ դատի ներկայացուցչի հետ

Այս շաբաթ Կալիֆոռնիա նահանգից կոնգրեսական Լինդա Սանչեսը տեսաքննարկում է անցկացրել, որին մասնակցել է նաև Կալիֆոռնիա նահանգի Մոնտեբելլո քաղաքի բնակիչ Գև Իսկաջյանը, ով արդեն 45 օր է՝ արգելափակված Արցախում է, որը ենթարկվում է Ադրբեջանի կողմից սեփական հայրենիքում բնիկ ժողովրդից ազատվելու ցեղասպան քաղաքականության: Մեկ տարուց ավել է` Իսկաջյանն աշխատում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Հայ դատի գրասենյակում՝ որպես պրոֆեսիոնալ օգնական:

«Հաշվի առնելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասշտաբները` հպարտ եմ, որ իմ կոնգրեսականը` Լինդա Սանչեսը, արդեն քայլեր է ձեռնարկել և խոստացել է աջակցել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան բլոկադայի դադարեցմանը», — հայտարարել է Իսկաջյանը կոնգրեսմենի և Կապիտոլիումում նրա ավագ օգնականի հետ տեսակոնֆերանսի ժամանակ: «Քանզի Արցախի ժողովուրդը իր գոյությանն ուղղված վտանգ է տեսնում, ես անհամբերությամբ սպասում եմ կոնգրեսմեն Սանչեսի և նրա կոլեգաների հետ աշխատանքի շարունակությանը Սենատում և Ներկայացուցիչների պալատում, որպեսզի ճնշում գործադրվի Բայդենի վարչակազմի վրա` պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին` Արցախի դեմ ագրեսիայի և բլոկադայի համար», — հավելել է Իսկաջյանը:

Ավելի վաղ այս տարի կոնգրեսմեն Սանչեսը սոցցանցերում հրապարակել էր հայտարարություն առ այն, որ «դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է միակ ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ՝ թողնելով հազարավոր հայերին առանց սնունդ, բժշկական մատակարարումների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների: Այս գործողությունները անմարդկային և անթույլատրելի են: Ես միանում եմ իմ կոլեգաների կոչին` բլոկադայի անհապաղ վերացման վերաբերյալ»:

Սանչեսի և Իսկաջյանի միջև տեսազանգին մասնակցել են նաև Հայ դատի հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը, Հայ դատի` կառավարության հետ կապերի գծով տնօրեն Թերեա Յերմիյանը և Հայ դատի ծրագրային տնօրեն Ալեքս Գալիցկին: Սանչեսը, ով առաջին անգամ կոնգրեսական է ընտրվել 2002 թ. ներկայացնում է հազարավոր ամերիկահայերի, որոնք ապրում են Կալիֆոռնիայի 38-րդ ընտրական շրջանում, որի մեջ է մտնում Մոնտեբելլո քաղաքը, որտեղ 20-րդ դարում ձևավորվել է առաջին հայկական համայնքը Լոս Անջելեսում:  

«Կոնգրեսմեն Սանչեսի շրջանը հանդիսանում է տուն հպարտ հայ-ամերկյան համայնքի համար, իսկ Մոնտեբելլոն առաջին վայրն էր Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ հայերը ապաստանեցին Հայոց ցեղասպանությունից հետո», — նշել է Աիդա Դիմեջյանը. «Քանզի հայ ժողովուրդը դարձյալ կանգնել է ցեղասպանության առջև, շնորհակալ ենք Սանչեսին մեր համայնքի ձայնը բարձրացնելու համար` ցեղասպան բլոկադան դադարեցնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու համար:

Բլոկադայի առաջին իսկ օրվանից Հայ Դատի ամերիկյան գրասենյակը աշխատում է Սպիտակ տան, Պետդեպի և Կոնգրեսի առաջնորդների հետ` կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը և Արցախ ուղարկել հումանիտար օգնություն:

yerkir.am

1