Մանկապարտեզների աշխատողները սպասողական վիճակում են

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Գազի մատակարարման վերականգնմամբ պայմանավորված՝ հունվարի 30-ին ԱՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ վերսկսվել է Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00) դասագործընթացը։
Հայ օգնության միությունը Արցախում չորս «Սոսե» մանկապարտեզներ ունի, որոնք նույնպես շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, հանրապետության մյուս մանկապարտեզների նման, այս օրերին չեն գործում: «Սոսե» մանկապարտեզները համակարգող Արտեմիս Գրիգորյանի խոսքով՝ այս օրերին մանկապարտեզների աշխատողները սպասողական վիճակում են, ներքին ծրագրերով են զբաղվում, որպեսզի աշխատանքները վերսկսելուց հետո գործն առաջ գնացած լինի:
«Պահեստներում մաքրություն ենք անում, ներքին աշխատանքներ կատարում: Աշխատել չենք կարողանում, քանի որ ջեռուցման ու սննդի խնդիր կա»,- ասում է Արտեմիս Գրիգորյանը՝ հավելելով, որ շրջափակման հետևանքով վերանորոգման մեջ գտնվող Ակնաբերդի մանկապարտեզում շինարարական աշխատանքները դադարեցված են: