Սրա սկիզբն ու վերջը չի երևում

«Ինչպե՞ս է շրջափակումն անդրադառնում Ձեր աշխատանքի վրա»: «Շատ վատ»,- պատասխանում է Ստեփանակերտի կենտրոնական շուկայում աշխատող Ջուլիետա Գասպարյանը: «Մարդիկ սովորության համաձայն արթնանում, գործի, դպրոց են գնում, բայց ոչ մի բան չեն հասկանում այս կյանքից: Սրա սկիզբն ու վերջը չի երևում»,- ասում է նա:
Նրա խոսքով՝ շուկան որոշ չափով աշխատում է, բայց շատ մարդիկ անգործ են մնացել, խանութները լրիվ դատարկվել են, ռեստորաններ են փակվել: «Ոչ մի բան չենք թանկացրել: Որոշ ապրանքներ՝ պանիր, ձու, գյուղից հատուկենտ բերում են, չնայած գինն էլ բարձրացել է, չենք հասցնում գնել գյուղացուց: Բոլորի տանն էլ ուտելիքի որոշ պաշար կա: Խնդիրը նրանում է, որ երեխան միրգ, բանջարեղեն չի ուտում»,-շարունակում է Ջուլիետան:
1993թ. Քարվաճառի ազատագրման մարտերից հետո Ջուլիետան իր ամուսնուն չի տեսել, վերջինս համարվում է անհետ կորած: 1996-ից շուկայում աշխատող Ջուլիետան նշում է, որ այն ժամանակ էլ դժվարություններ կային, ապրանքներ դժվարությամբ էինք գտնում, սերտ կապեր չկային դրսի հետ: «Բայց առաջին պատերազմից հետո մարդիկ լավ են ապրել, թեկուզ հարցը լրիվությամբ չի լուծվել, թեկուզ ընտանիքները դժվարություն են քաշել, զոհեր են տվել, բայց ցավի հետ համակերպված լավն ենք տեսել, պայքարել ենք: Հիմա մի տեսակ թևաթափ ենք, հուսահատված: Պահի տակ ուզում ենք լավը մտածել, բայց լավ բան չենք տեսնում, վախենում ենք «հետո»-ից»,- նշում է նա:
Ասում է՝ Ռուբեն Վարդանյանի հետ որոշ հույսեր էինք կապում, հիմա տարբեր բաներ են ասում մարդիկ: Արդեն չգիտես՝ լա՞վը մտածես, թե՞ վատը: «Ես մտածում եմ, որ եթե թուրքերը նրա դեմ են, նշանակում է՝ թուրքերի կողմից չէ: Չգիտեմ, մեզ համար բաներ ենք հորինում ու հավատում, մեր կյանքից մենք էլ բան չենք հասկանում»,- ասում է Ջուլիետան:
