Ուսանողներն ուզում են այս իրավիճակը հաղթահարել ուսման միջոցով

Ի՞նչ խնդիրներ է հարուցել շրջափակումը բուհական կրթության համակարգում: Այս հարցի վերաբերյալ «Ապառաժ»-ը զրուցել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի հետ:
«Բնականաբար, շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած խնդիրները դժվարություններ են ստեղծել ինչպես մյուս ոլորտների աշխատակիցների, այնպես էլ ուսումնական հաստատությունների համար: Նախ, շեշտեմ այն հանգամանքը, որ մեր ուսանողներից, նույնիսկ աշխատողներից մի քանիսը դեռևս գտնվում են ՀՀ-ում և չեն կարողանում վերադառնալ: Ուստի, իրավիճակից ելնելով, այնպես ենք կազմակերպել ուսումնական գործընթացը, որ հնարավորինս ձերբազատվենք առաջացող խնդիրներից: Այս պահին առաջին կիսամյակի քննաշրջանի և հեռակա բաժնի ուսումնական գործընթացի ամփոփմամբ և երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը սկսելու նախապատրաստությամբ ենք զբաղված: Փետրվարի 7-ից առկա ուսումնական գործընթացը պիտի վերսկսվի, չգիտենք ինչ է լինելու, ինչպես է կազմակերպվելու, դեռևս իրավիճակը պարզ չէ, այն ժամանակ պարզ կլինի և տվյալ իրողությամբ էլ կառաջնորդվենք»,- իրավիճակն է ներկայացնում մեր զրուցակիցը:
Խոսելով ուսանողների տրամադրվածության մասին՝ նա նշում է, որ ուսանողները պատրաստակամ են՝ ներկայանալ, սովորել, նրանք ուզում են այս իրավիճակը հաղթահարել ուսման միջոցով: «Բնական է՝ հոգեբանական և տնտեսական ծանր իրավիճակում ենք հայտնվել, խնդիրներն առկա են, սակայն ցանկացած խնդիր հաղթահարելի է։ Մեր ժողովուրդն ուժեղ է, այս ամենին կդիմանա, որովհետև ապրում և պայքարում է իր հողի համար։ Մեր ուսանողներն ընկճված չեն, հիասթափված չեն, սա է կարևորը, իսկ դասախոսներն ամեն ինչ անում են, որպեսզի ուսանողներն իրենց լավ զգան»,- նշում է դասախոսը:
Անդրադառնալով վերջին մի քանի տարվա ընթացքում արտակարգ իրավիճակներում ուսում ստանալու մասին հարցին, Ալիսա Բաղդասարյանը նշում է, որ խնդիրն առավել ընդգծված է դպրոցներում: «Քանի որ ուսանողները հասուն մարդիկ են, խորհրդատվությունների, ինքնուրույն աշխատանքների միջոցով հնարավոր է նյութը տեղ հասցնել, իսկ աշակերտը ուղղորդվելու կարիք ունի: Դրա համար պետք է ուսուցիչները և ծնողներն աշակերտներին ուղղորդեն: Հիմա պետք է ուսուցիչ-ծնող փոխհամագործակցությունն ամուր և արդյունավետ լինի, որ երեխաները սովորեն, կրթություն ստանան: Դասախոս-ուսանող կապը մեզ մոտ շատ ընդգծված է. թե օնլայն միացումներով, թե առդեմ հանդիպումներով այն ավելի է ամրապնդվում: Իհարկե, ինչ-որ բան պետք է արվի, որ այս իրավիճակն այսպես երկար չշարունակվի: Հատկապես խնդրահարույց վիճակ է դպրոցների համար»,- կարծում է նա: