Ոչ ոք իրավունք չունի երեխային զրկելու կրթություն ստանալու իրավունքից

Հունվարի 19-ից Արցախում դադարեցվել է նաև դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանումն է։
ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչանի և Ղազանչիի Կարեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում, որ 2020թ. հետո կորոնավիրուսային համավարակի, պատերազմի, համավարակի նոր ալիքի, այժմ էլ շրջափակման հետևանքով անընդհատ ուսումնական գործընթացը տուժել է, ինչը աշակերտների վրա խիստ զգացվում է:
Ճիշտ է, փորձում են հավելյալ պարապմունքներով, տեղեկություններ տրամադրելով, տարբեր միջոցառումների միջոցով ծրագիրը նորից կրկնել, որպեսզի աշակերտները գոնե կորցրածի մի մասը ստանան, վերհիշեն, բայց դա բավարար չէ: «Հունվարի 24-ին նշվում է կրթության միջազգային օրը, բայց մենք այդ օրը նույնիսկ կրթությունը դպրոցում վերականգնելու հնարավորություն չունենք: Իմ կարծիքով՝ պետք է միջազգայնացնել խնդիրը, շեշտել, որ Արցախի երեխաները զրկված են նաև իրենց կրթության իրավունքից: Ոչ ոք իրավունք չունի երեխային զրկելու կրթություն ստանալու իրավունքից»,- նշում է Զ. Աբրահամյանը:

Խոսելով այս օրերին ուսուցիչների և աշակերտների տրամադրությունների մասին՝ նա նշում է, որ բոլորը նույն հոգեվիճակում են գտնվում և ցանկանում են օր առաջ վերականգնված տեսնել ուսումնական գործընթացը: «Ծնողներից ենք անընդհատ դիմումներ ստանում, թե ինչ է լինելու, երբ են վերաբացվելու դպրոցները. բոլորին հուզում է այդ հարցը: Դպրոցներ կան, որոնք էլեկտրականությամբ ու գազով էին ջեռուցվում, դա հասկանալի է, բայց կարելի էր ինչ-որ ձևով կազմակերպել, որ թեկուզ կարճ ժամով դասապրոցեսը շարունակվեր կամ փայտով ջեռուցվող դպրոցներում բնականոն հունով կազմակերպվեր: Այս հարցը բարձրաձայնել ենք, ասացին, որ քննարկում են: Երևի ինչ-որ որոշում կլինի մոտ ժամանակներում, կոնկրետ տեղեկություն չունենք»,- նշում է տնօրենը:
Խոսելով դասերը առցանց կազմակերպելու տարբերակի մասին՝ նա տեղեկացրեց, որ այդ հարցը չեն քննարկել, քանի որ գյուղում ինտերնետ կապը թույլ է. «Հոսանքի հովհարային անջատումներից հետո էլ մի քանի ժամ, մինչև ինտերնետը կարգավորվում է, արդեն հաջորդ անջատման ժամն է մոտենում: Բացի դրանից, քանի որ ամեն օր տարբեր ժամերի են հոսանքը անջատում, հնարավոր չէ հստակ դասացուցակ պահել: Ունենք նաև տեխնիկական խնդիրներ: Բազմազավակ ընտանիքներ կան, որոնց բնակմակերեսը չի հերիքում, որպեսզի աշակերտները զբաղեցնեն տարբեր սենյակներ և մասնակցեն դասերին»:
Զորայր Աբրահամյանը նաև հավելեց, որ տրանսպորտի, վառելիքի հետ կապված խնդիր կա, որի պատճառով 2 ուսուցիչ չէին կարողանում Առաջաձոր համայնքից ժամանել աշխատանքի, իսկ մեկ աշակերտ էլ գտնվում է ՀՀ-ում և շրջափակման հետևանքով չի կարողանում վերադառնալ գյուղ: