Փորձում ենք հարմարվել նոր իրականությանը

Հնարավորինս փորձում ենք հարմարվել նոր իրականությանը, բայց խնդիրները շատ են, բազմաթիվ ու բազմապիսի՝ կապված դեղորայքի ներմուծման, դրանց քանակի, բազմազանության հետ: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը՝ խոսելով շրջափակման հարուցած խնդիրների մասին:
«Ձմեռվա սեզոնը հանդիսանում է սուր շնչառական վարակների ծաղկման շրջան, և հիվանդները միշտ ավելի շատ են լինում: Դեղորայքը հասնում էր մայր Հայաստանին կապող միակ ճանապարհով, իսկ մեր պաշարները, նախարարության պաշարները, նաև Կարմիր խաչի կողմից բերված դեղորայքը չի կարող լրիվ ծավալն ապահովել: Հիմա մաքսիմալ տնտեսման շրջանում ենք: Երկրորդ խնդիրը կապված է էներգակիրների պակասի հետ՝ բնական գազ, էլեկտրականություն: Հիվանդանոցի կաթսայատունն աշխատում է միայն բնական գազով: Եթե նույնիսկ գազը կա, այն աշխատացնելու համար հոսանք է պետք: Մի խնդիր է, երբ հոսանք չի լինում, և երկրորդ խնդիրն է, որ հոսանքի առկայության պարագայում այդ ծանրաբեռնվածության դեպքում չի ապահովում իր հզորությունը»,- ասում է տնօրենը: Արևային ջրատաքացուցիչները մեծապես խնայում են էլեկտրաէներգիան, սակայն հոսանքի բացակայության պարագայում գեներատորն աշխատում է գերծանրաբեռնվածությամբ, իսկ օգտագործվող վառելիքը հիմա խնդիր է:
Ստեղծված իրավիճակում ստիպված նույն հիվանդությունններով, լավացման շրջանում գտնվող երեխաներին տեղավորում են մի պալատում՝ հասկանալով հանդերձ, որ բոլորը ցանկանում են առանձին պալատներում լինել: Նոր գրաֆիկ են սահմանել՝ կրճատելով այն ծառայությունների աշխատաժամանակը, որը հնարավոր է կրճատել կամ տեղափոխել այլ ժամանակ:

«Պլանային վիրահատությունները դադարեցված են, բայց վիրահատության կարիք ունեցող երեխաների վիճակը ժամանակի ընթացքում վատթարանում է: Այդ պատճառով ռիսկային խմբում գտնվողներին հնարավորության դեպքում պետք է վիրահատել: Ում հնարավորություն ունեցանք հետաձգել, առանց իրենց առողջական վիճակին վնաս հասցնելու, հետաձգում ենք»,- նշում է Կ. Մելքումյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ վերակենդանացման և նորածնային բաժանմունքում 10 երեխա է բուժում ստանում, բայց շտապ ՀՀ տեղափոխման ցուցումով չկան: Շրջափակման օրերին հիվանդանոցից ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական մեկ երեխա: Նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդությունը: Կարեն Մելքումյանի խոսքով՝ երեխան հիմնական հիվանդությունից բացի՝ ուղեկցող այլ խնդիրներ ունի: Հիմնական հիվանդությամբ բուժումը շարունակում է, բայց պետք է նաև սրտի հետ կապված խնդիրների համար բուժում ստանա: