Արցախի կառավարությունը պետք է ամբողջությամբ վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի կառավարությունը պետք է ամբողջությամբ վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

Արցախի կառավարությունը պետք է ամբողջությամբ վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը

Արցախի պետական համալսարանի ուսանողները «Արցախի շրջափակման ընթացքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով հոդվածների շարք են պատրաստել։

Այս անգամ ներկայացնում ենք մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Վահագն Խաչատրյանի հոդվածը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ի հայտ են եկել լրջագույն տնտեսական մի շարք խնդիրներ, դրանք են`

  • Արցախի պետբյուջեի 20 տոկոս  մուտքե ապահովող հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքի դադարեցումը,
  • Շինարարության դադարեցումը,
  • Ապրանքաշրջանառության դադարեցումը,
  • Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների խաթարումը,
  • Տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես ՓՄՁ սուբյեկտների փակումը,
  • Զբոսաշրջության արգելափակումը,
  • Ֆինանսական ոլորտում դրամաշրջանառության և փողի քանակի նվազեցումը,
  • Գործազրկության աճը,
  • Ինֆլյացիան,
  • Էներգետիկ համակարգի ճգնաժամը,
  • Պարենային անվտանգությունը և այլն։

Հանքարդյունաբերության ոլորտում Կաշենի հանքավայրի շահագործման դադարեցումը, հանգեցրել է  1 800 աշխատակիցների գործազրկության։ 

ՀՀ-ից ապրանքների ներմուծման դադարեցմամբ պայմանավորված 100-ավոր փոքր խանութներ և հատկապես գյուղատնտեսական արտադրանք վաճառող խանութներ փակվել են, ինչը զրկել է դրանց սեփականատերերին եկամտի աղբյուրից։ 

Արցախ ժամանող հյուրերի բացակայության պայմաններում լրջագույն վնաս է կրում զբոսաշրջության ոլորտը, մասնավորապես հյուրանոցային բիզնեսը։

Սննդի բացակայության պայմաններում լրջագույն վնասներ է կրում նաև ռեստորանային բիզնեսը։

Շինարարության ոլորտում աշխատանքների դադարեցման պարագայում գործազուրկ են դարձել 1000-ավոր քաղաքացիներ։

Սպառողների խուճապային վարքագծով պայմանավորված խանութները դատարկվել են, ի հայտ է եկել ապրանքների պահանջարկի աճ, որն էլ հանգեցրել է ինֆլյացիայի, իսկ ֆինանսական ոլորտում կրճատվել է փողի քանակը, պայմանավորված այն հանգամանքով, որ քաղաքացիներն իրենց ավանդները կանխիկացնում էին։

Գազամատակարարման դադարեցման արդյունքում էներգետիկ համակարգն ի վիճակի չէ երկար դիմակայելու, ի հայտ են գալիս ջեռուցման, թոնրատների աշխատանքների խաթարումներ։

Անհեռատես տնտեսական քաղաքականության արդյունքում Արցախում այսօր կա ազգային անտանգության բաղադրիչ հանդիսացող պարենային անվտանգության խնդիր։

Շրջափակումը ի բոլոր բացասական ազդեցություններով հանդերձ ցույց է տվել նաև ագրարային երկիր համարվող Արցախի գյուղատնտեսական ոլորտում առկա խիստ մտահոգիչ իրավիճակը, մասնավորապես՝ պետական ձախողված քաղաքականությունը՝ հետպատերազմյան շրջանում ջերմոցային տնտեսության զարգացմամբ պարենային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ։ Հազարավոր դոլարների ներդրումներն այս ոլորտում պատերազմից 2 տարի անց տեսանելի արդյունք չեն ապահովվել։

Արցախի միակ ճանապարհի փակումը հասկանալի է, որ Արցախի տնտեսությանը պետք է զգալի վնաս հասցներ և հանգեցներ ճգնաժամի փուլին, սակայն կան որոշակի քայլեր, որոնք անհրաժեշտ են կատարել ճգնաժամային այս իրավիճակում՝ առկա սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի չխորացնելու համար։

Այս խնդիրների լուծմանն հասնելու ուղղությամբ ԱՀ օպերատիվ շտաբն արդեն իսկ իրականացնում է մի շարք քայլեր, կարճաժամկետ լուծումների հասնելու համար, մասնավորապես կտրոնային համակարգի անցումը, կանխիկացման սահմանափակումները, հովհարային անջատումները, և այլն։

Կտրոնային համակարգին անցումը կատարվում է մի քանի տեսակի ապրանքների համար, սակայն պետք  է սահմանվեր առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքների ցանկ ևս և դրա բաշխումը նույնպես կազմակերպվեր կտրոնային համակարգով։ Պետությունը հնարավորինս մեծ թվով խանութների պետք է ապահովի ապրանքներով։ Ներկայումս անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվում այդ խանութները։

Երկարաժամկետ հատվածում մեր կարծիքով անհրաժեշտ է  ռուս խաղաղապահների կամ Կարմիր Խաչի միջոցով անհրաժեշտ գյուղմթերքների սերմեր ներմուծել Արցախ և այն հատկացնել գյուղացիներին, որպեսզի իրենց սեփական այգիներում իրենց անհրաժեշտ գյուղմթերքը կարողանան աճեցնել և ինքնաբավության հասնել, կազմակերպել դասընթացներ՝ դրանց ճիշտ մշակման համար։ Սա թույլ կտա նաև ինքնազբաղվածություն ապահովել։

Խոշոր գյուղատնտեսներին և հատկապես պետական սուբսիդավորմամբ կամ անհատույց ջերմոցային խոշոր տնտեսություն ունեցող անձանց վրա սահմանել վերահսկողություն և պետպատվերի շրջանակում կազմակերպել գյուղմթերքի ճիշտ մշակում և աճեցում։ Խոշոր ջերմոցային համակարգերը, որոնք բավականին ներդրվել են Արցախում, կարող են տարվա ընթացքում մի քանի անգամ բերք ապահովել։

Պետք է կատարել դիզվառելիքի ճիշտ բաշխում, հնարավորության դեպքում ներմուծում ռուս խաղաղապահների օգնությամբ՝ գարնանացանի աշխատանքները կազմակերպելու և ամռան շրջանում հատիկեղենի բերքահավաք կազմակերպելու համար։ 

Միաժամանակ, հնարավոր կորուստներից խուսափելու համար պետք է վերանորոգել հակակարկտային կայանները, ապահովել ոռոգումը։

Անասնապահության ոլորտում ձմռան ամիսներին անհրաժեշտ է հնարավորինս անասնակերը ճիշտ բաշխել, այդպիսով խուսափելով նաև կովերի գլխաքանակի կրճատումից, որը կհանգեցնի կաթնամթերքի շուկայում դեֆիցիտի, իսկ գարնան ընթացքում արդեն կբարձրանա նաև կաթնատվությունը և կաթնամթերային ապրանքներով կապահովվի շուկան։

Պետության կողմից պետք  է կատարվի վերահսկողություն՝ շուկայում սպեկուլյատիվ ինֆլյացիան բացառելու համար։ Պետք է կատարվի կոմունալ ծառայությունների սուբսիդավորում՝ պայմանավորված գործազրկության բարձրացմամբ և ընտանիքներում եկամուտների կրճատմամբ։

Ապաշրջափակումից հետո Արցախում առաջնային պետք է լինի այլընտանքային էներգիայի օգտագործման ապահովումը։ Համազգային ներուժը պետք է օգտագործել արևային էներգիայով տնային տնտեսություններին ապահովելու համար։

Դրամաշրջանառության առումով կարծես թե հնարավոր է եղել ապահովել ԱՀ դրամի մուտքը ՀՀ-ից, սակայն պետք է շարունակել կանխիկացման սահամանափակումների կիրառումը։

Ուսանող՝ Վահագն Խաչատրյան

Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող 

Դասախոս՝ Սուրեն Պարսյան

Արցախի պետական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․

1