Կտրոնների տրամադրման գործընթացն իրականացվում է բնականոն հունով
Գլխավոր » Լրահոս » Կտրոնների տրամադրման գործընթացն իրականացվում է բնականոն հունով

Կտրոնների տրամադրման գործընթացն իրականացվում է բնականոն հունով

Հունվարի 18-ից Արցախի Հանրապետությունում մեկնարկել է կտրոնների տրամադրման գործընթացը, որն իրականացվում է առանց լուրջ խոչընդոտների, բնականոն հունով։

Հունվարի 20-ից արդեն սննդամթերքի որոշ տեսակներ, մասնավորապես մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը, շաքարավազն ու ձեթը քաղաքացիները խանութներից կկարողանան ձեռք բերել միայն կտրոններով։

ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց կտրոնների տրամադրման նպատակով քաղաք Ստեփանակերտում ու շրջկենտրոններում բացվել են թվով 26 սպասարկման կետեր:

ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի Վարձավճարների փոխհատուցման բաժնի պետ, կտրոնների տրամադրման առաջին դպրոցի տեղամասի պատասխանատու Զինա Գասյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ կտրոնների տրամադրման գործընթացի մեկնարկից հետո տեղամասերը աշխատել են հովհարային անջատումների գրաֆիկը հաշվի առնելով։

«Աշխատանքները սկսվել են ժամը 9-ին, և եղել են դեպքեր, երբ աշխատանքներն ավարտել ենք երեկոյան ժամը 8-ին, բայց օրվա մեջ 4 ժամ  չենք աշխատել՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի անջատումներով և կապի խափանումներով»,- ասել է Զ․ Գասյանը։

Համեմատության համար տեղամասի պատասխանատուն նշում է, որ այսօրվա համեմատ առաջին օրվա հերթերը շատ-շատ էին։

«Հերթերը կառավարելու համար տրամադրում էինք համապատասխան համարակալված կտրոններ՝ վեճերից խուսափելու համար։ Խնդիրներ ի հայտ էին եկել միայն առաջին օրը, որովհետև մենք աշխատանքները սկսել էինք առավոտյան ժամը 9-ին, բայց ժամը 7-ից արդեն հավաքվել էին հարյուրավոր քաղաքացիներ. այնուամենայնիվ այդ խնդիրը շատ արագ կարգավորվեց»,- նշել է Զ․ Գասյանը։

Իր խոսքում Զինա Գասյանը շնորհակալություն հայտնեց ԱՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության աշխատակիցներին, ովքեր տեղամասում ըստ պատշաճի ապահովել են կարգ ու կանոն։

ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի ղեկավար, սպասարկման առաջին կետի պատասխանատու Լիաննա Ավանեսյանը նշեց, որ հերթերում ուշադրություն էին դարձնում փաստաթղթերին, որպեսզի դրանց բացակայության պարագայում  քաղաքացիներն անիմաստ հերթում չսպասեն։

«Մեր կետում ընդունել ենք մեծամասամբ օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին։ Եթե ընտանիքի անդամներից մեկը խնդիր ուներ փաստաթղթերի հետ, հորդորել ենք, որ դիմեն միանգամից ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտե, որպեսզի այլ կետերում լրացնելիս փաստի առջև չկանգնեն։ Խնդրահարույց հարցերին լուծում է տրվել այստեղ»,- ասել է Լ․ Ավանեսյանը:

Նրա խոսքով հերթերը կարգավորվել են ՊՊԾ աշխատակիցների շնորհիվ, իսկ քաղաքացիներին սպասարկել են 10 օպերատորներ։

«Հերթեր գոյացել էին միայն գործընթացի մեկնարկի առաջին օրվա առաջին կեսին, դրանից հետո շատ հերթեր չեն նկատվել»,- նշել է Լ․ Ավանեսյանը։

Լիաննա Ավանեսյանն ընգծեց, որ համակարգը ներդրվել է, որպեսզի պետական պահուստային պաշարներից օգտվեն բոլոր քաղաքացիները, քանի որ առանց դրա բոլոր քաղաքացիներին չէ, որ բաժին էր հասնում սնունդը։

1