Արևային ջրատաքացուցիչներ՝ Մարտունու շրջանի 75 ընտանիքների համար

Արցախյան վերջին պատերազմից հետո ընտանիքով Արցախի Մարտունի քաղաքում հաստատված ՀՅԴ անդամ Շանթ Չարշաֆճյանը շրջանում մի շարք կարևոր նախաձեռնություններ է իրականացրել: Հերթականը Մարտունու շրջանում 5 և ավելի երեխաներ ունեցող 75 ընտանիքների արևային ջրատաքացուցիչներ հատկացնելու ծրագիրն է: «Անհրաժեշտ գումարը հանգանակվեց, նախատեսել եմ մի քանի տարբեր ընկերությունների հետ աշխատել, որ աշխատանքը արագ ընթանա, բայց դժբախտաբար սահմանը փակվեց: Միայն մի ընկերության պահեստում կար հարմար չափի արևային ջրատաքացուցիչ համակարգ, որն էլ տեղադրեցինք Եմիշճան գյուղի 7 երեխա ունեցող ընտանիքի տանը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է Շանթ Չարշաֆճյանը:

Նրա խոսքով՝ պետք է Արցախը ամեն առումով ինքնաբավ դառնա: «Պետք է փորձենք մեր հնարավորությունների սահմաններում Արցախն անկախ դարձնել՝ հատկապես գազի, հոսանքի անկանխատեսելի անջատումները հաշվի առնելով: Նաև շատ երեխաներ ունեցող ընտանիքների կյանքն ավելի հեշտացնել, որ մարդիկ ջուր տաքացնելու համար գումար չծախսեն կամ էլ ծառերը կտրեն»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ անցած տարի այս օրերին Շանթ Չարշաֆճյանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի միջոցով Մարտունու գյուղերում մանկական թատերական ներկայացումներ են բեմադրվել:

