Արցախ-Սիւնիքի փոխկապուածութիւնը

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խանլարյանը ֆեյբուքյան էջում գրել է.
«Ճակատագրական այս պարզ իրողութիւնը յատկապէս պէտք է գիտակցի հայ երիտասարդութիւնը, որ բնական մղումներով, ապրում է եւ պէտք է ապրի ապագայով։ Նա լաւապէս պէտք է գիտակցի, որ առանց Արցախ-Սիւնիքի, մութ ու դաժան է լինելու Հայաստանի ու Հայութեան ողջ ապագան։
Այս փոխկապուածութիւնը շատ դիպուկ կերպով է բնորոշել, ՀՀ Սիւնիքի գեներալ-կոմիսար՝ Սերգեյ Մելիք Եօլչեանն իր պատմական «կոչ»-ում, 1920թ․ մարտի 21-ին, որը խիստ այժմէական է հնչում այսօր, եւ նոյնութեամբ կը հնչի նաեւ վաղը․
«Տաճկա-ադրբէջանեան միութիւնը իր դիւային ծրագիրը առաջ է տանում: Չբաւականանալով Ագուլիսցիների գազանաբարոյ կոտորածներով եւ Զանգեզուրի վրայ արած մի շարք անյաջող յարձակումներով, նա այսօր զինուորական եռուն գործունէութիւնների է դիմել ճակատում եւ օղակելով Ղարաբաղի սահմանները ընդհանուր գինաթափութեան պահանջ է առաջադրել Ղարաբաղի հայութեան:
Գողթանի մի բուռ հայութիւնը հերոսաբար դիմադրում է, իսկ Ղարաբաղի ագատ լեռների արծիւները համարձակ կերպով մերժել են Ադրբեջանի պահանջները եւ դիմել են ապստամբութեան։ Այժմ Ադրբէջանը հաւաքելով Մուղանի և Բարդիւշադի վայրենաբարոյ հորդաներին՝ վեջին անգամ փորձում է ճնշել Ղարաբաղը, ոչնչացնել Զանգեզուրը եւ մեր երկրի փլատակների վրայով միանալ Տաճկաստանի հետ։
․․․ Ձեզ եմ դիմում վեջին անգամ եւ կոչում՝ Ի ԶԵՆ, պաշտպանելու մեր պատմական Զանգեզուր-Ղարաբաղը, որը ծածկուած է հայութեան դարաւոր կոթողներով, ցողուած է մեր փառապանց նախնիների արիւնով եւ ոռոգուած ձեր ամենօրեայ աշխատանքի քրտինքով»: (Սիւնիք, հասարակական, քաղաքական, տնտեսական եւ գրական թերթ, ՀՅԴ Զանգեզուրի ԿԿ-ի օրգան, Գորիս, 1920 մարտի 21, Ա էջ)»: