Այս բազմահազարանոց հավաքը հենց վկայությունն է առ այն, որ մենք ոչ միայն արթնացել ենք, այլև միասնական ենք
Գլխավոր » Լրահոս » Այս բազմահազարանոց հավաքը հենց վկայությունն է առ այն, որ մենք ոչ միայն արթնացել ենք, այլև միասնական ենք

Այս բազմահազարանոց հավաքը հենց վկայությունն է առ այն, որ մենք ոչ միայն արթնացել ենք, այլև միասնական ենք

Մանկավարժ Սոնա Ադամյանի ելույթը՝ 2022թ. դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ․

«Ես եկել եմ Մարտակերտից, ոչ մի դժվարություն, ոչ մի արգելք չէր կարող ինձ խանգարել, որ լինեմ այստեղ։ Սիրելի հայրենակից, ես ու դու այսօր մի խրամատում ենք ու այդ խրամատը պատերազմից փոքրացած ու շրջափակված Արցախն է; մենք բոլորս այստեղ զինվոր ենք։ մեզ հետ են ծերեր, երեխաներ, հիվանդներ։ Բոլորս զինվոր ենք միմյանց օգնելու, աջակցելու, պաշտպանելու, հուսադրելու համար։ Ծայրահեղ իրավիճակներում արթնանում է մարդու ամենակենսական և հզոր բնազդը՝ ինքնապաշտպանության, գոյության պահպանման և ապրելու բնազդը։ Այս բազմահազարանոց հավաքը հենց վկայությունն է առ այն, որ մենք ոչ միայն արթնացել ենք, այլ միասնական ենք, բռունցքվել ենք ուժեղ ենք, ուստի անպարտ ենք։

Դիմելով աշխարհի առաջադեմ մարդկությանն ու կազմակերպություններին՝ հայտարարում եմ՝ դուք, չսանձելով Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, ուղղակի աջակցում եք հայաթափման և հայասպանման ծրագրերին՝ անտարբեր լինելով արցախահայության պահանջներին։ Գուցե ձեր մեծ շահերի կետերում մենք տեսանելի չենք, բայց կանք, կանք ու ապրում ենք որպես հզոր ուժ, որպես Արցախ։ Ո՞ւմ են պետք ձեր հզոր մրցանակներ շահած ֆիլմերը, որտեղ բարին հաղթում է չարին, իսկ այսօր աշխարհի մի կետում մի ժողովրդի նկատմամբ իրականացվող կենսական նշանակության խեղդմանն անտարբեր եք դուք, լուռ եք, չեք տեսնում, չեք լսում, չեք արձագանքում։

Մենք, փաստորեն, պատանդ, գերի ենք մեր տանը, մեր հայրենիքում, աշխա՛րհ, իսկ դու լուռ ես, իսկ դու կույր ես։ Կոչում եմ քեզ, նայիր ու տես բազմահազար արցախցիների պահանջը, կոչիր ու սանձիր թշնամու ձեռքերը արցախահայությունից ու Արցախից։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, 2020թ․ պատերազմի ժամանակ շրջափակման մեջ է ընկել որդիս իր ընկերների հետ: 70 օրը գուցե մեզ համար 700 էր, իրենց համար համոզված եմ ավելին առանց հաց, ջուր, առանց ուտելիք, առանց կապի ու ձմեռվա սառնամանիք։ Ես գիտեմ իմ ապրելու բանաձևը, որ ստացել եմ Աստծո հրաշքով փրկված որդուցս․ մենք հերոսություն չենք արել, մենք պայքարել ենք, որ ապրենք ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Այսօր դա իմ բանաձևն է։ Այսօր դա մեր բոլորի բանաձևն է․ ի հեճուկս բոլոր դժվարությունների, զրկանքների, բոլոր արգելքների մենք պետք է ապրենք, պետք է արարենք ու ապրելու ենք, հայ ենք մնալու, Արցախը հայ է լինելու, եթե ուզում ենք, եթե հավատում ենք»։

1