Մեր եռագույնը կրկին կծածանվի Շուշիում և բռնազավթված մյուս տարածքներում

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Անդրանիկ Չավուշյանի ելույթը՝ դեկտեմբերի 25-ին հրավիրված համահայկական հավաքին․
«Ես Անդրանիկ Չավուշյանն եմ, ծնվել եմ Սիրիայում՝ Ղամիշլի քաղաքում, նախնիներս ծագումով Արևմտյան Հայաստանից են՝ Սասունից։ Այնուհետև տեղափոխվել ենք Լիբանան, այնտեղից՝ Արցախ՝ մշտական բնակություն հաստատելու։ Աղավնո համայնքի համայնքապետն էի, Աղավնոն Արցախի դարպասն էր, պարիսպը։ Մեր իշխանությունների զիջողական դիրքի, սխալ քաղաքականության հետևանքով ունեցանք այս ժամանակավոր կորուստը։ Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այն սիմվոլ էր։ Ուզում եմ այլևս չունենանք ոչ մի զիջողական պահվածք։
Սփյուռքի մեր հայրենակիցները միշտ կապի մեջ են՝ վերանորոգելու ուխտը, որ մենակ չենք, իրենք մեր կողքին են։ Բայց դա միայն խոսքով չենք ուզում լինի, այլ նաև գործով։ Հավատում ենք, որ գալիք օրերին տեսնելու ենք այդ ամենը։
Հայաստանում, Սփյուռքում, Արցախում շատ ազնիվ հայորդիներ ունենք։ Հավատում եմ, որ կրկին մեր եռագույնը կծածանվի Շուշիում և բռնազավթված մյուս տարածքներում։ Մենք հաղթելու ենք մեր համախմբվածությամբ։ Մեր ճակատագիրը մեկն է, մեր փրկությունը մեր միասնականության մեջ է, և հաղթելու ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին»։