Մենք իրավունք չունենք դավաճանելու տղաների շիրիմներին. Արմեն Ասրյան
Գլխավոր » Լրահոս » Մենք իրավունք չունենք դավաճանելու տղաների շիրիմներին. Արմեն Ասրյան

Մենք իրավունք չունենք դավաճանելու տղաների շիրիմներին. Արմեն Ասրյան

2022թ. դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքում ելույթ ունեցավ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Մինչև խոսքս սկսելը ցանկանում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ուշադրությունը հրավիրել այս բազմամարդ արցախցիների վրա: Հոկտեմբերի 30-ին ասում էիք՝ Հայաստանից են եկել, իսկ հիմա որտեղի՞ց են եկել, տեսեք՝ Արցախը կա, լինելու է, պայքարելու է իր այստեղ ապրելու համար, օ՛ղ արեք ձեր ականջներին:

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 14 օր է՝ տոտալ շրջափակման մեջ ենք գտնվում, բայց այդ զրկանքները կրում ենք պատվով՝ իսկական արցախցուն վայել ձևով: Մենք շատ լավ գիտենք՝ էկոակտիվիստ կոչվածների անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որպեսզի հասնի իր նպատակին՝ հայաթափել Արցախը:

Դիմում եմ էկոակտիվիստ կոչեցյալներին.

Գնացե՛ք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գնացեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության դեմ պայքարեք, կարո՞ղ եք անել, չե՛ք կարող, որովհետև դուք չունեք այդ ձայնի ազատությունը ձեր տոտալիտար երկրում, դուք ձայնազուրկ եք այնտեղ, հիմա եկել և կապիկություններ եք անում, չի ընդունվելու դա:

Ասենք ո՛չ էկոակտիվիստներին:

Մենք շատ պարզ հասկանում ենք, որ Ադրբեջանը բնապահպանության անվան տակ շատ ավելի մեծ հեռանկարներ ունի, բայց եթե մենք զիջում ենք, թույլ ենք տալիս էկոլոգ կոչվածների անարգել մուտքը այդ տարածքներ, հետագայում կառաջանան նաև այլ պահանջներ, այլ խնդիրներ, և ճանապարհը կրկին փակելը ամենևին էլ դժվար չի լինի:

Հետևաբար ձեզ եմ դիմում, սիրելի՛ հայրենակիցներ, պատրա՞ստ ենք մենք թույլատրելու նրանց մուտքը Արցախ: Իհարկե, ո՛չ:

Դրա համար մենք ավելի շատ պետք է պատրաստ լինենք պատվով դիմակայելու այս զրկանքներին ու դժվարություններին այնպես, ինչպես դա անում էինք 1991-1992թթ.: Ինչո՞ւ է դա մեզ հաջողվել այն ժամանակ. որովհետև եղել ենք միասնական, կար գաղափար և հավատ, հիմա այդ  նույնը պետք է լինի մեր մեջ: Համոզված եմ՝ կարողանալու ենք այդքանը հաղթահարել:

Բոլորս գտնվում ենք մի նավի մեջ, ուստի պետք է ունենանք մեկ նավապետ և բոլորս համախմբվենք նավապետի շուրջ: Որպեսզի նավը չխորտակվի, այդ նավում չպետք է լինեն արտոնյալներ:

Ժողովրդի հետ պետք է լինել անկեղծ, պետք է ժողովուրդը վստահ լինի, որ իր մեջքի հետևում հարցեր չեն լուծվելու: Պետք է բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու գործիչները մի կողմ դնեն բոլոր անձնական, քաղաքական տարաձայնություններն ու ամբիցիաները և համախմբվեն մեկ գաղափարի շուրջ:

Արցախի բոլոր ժամանակների իշխանությունները թույլ են տվել սխալներ և նրանք հիմա այստեղ են, պետք է վերանա իշխանություն-ժողովուրդ անդունդը, դրա համար պետք է վստահություն, իսկ վստահությունը արդարության և օրենքի գերակայությունն է:

Արցախյան գոյապայքարի ժամանակ կորցրել եմ ծնող, եղբայր, որդի, ունեմ շատ հարցեր ու մեղադրանքներ՝ կապված 44-օրյա պատերազմի, պաշտոնյաների, հրամանատարների վերաբերյալ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա մենք մի գերակա խնդիր ունենք՝ Արցախի գոյության ապահովումը, և այս գաղափարի շուրջ մենք պետք է կենտրոնացնենք մեր ներուժը, պետք է Արցախի ձայնը, Արցախի ապրելու և ինքնորոշվելու իրավունքը բոլոր ատյաններում լսելի դարձնենք, այս առումով մենք շատ անելիքներ ունենք:

Կոչ եմ անում Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ Արցախը վտանգված է, Արցախի համար պետք է պայքարել՝ օգտագործելով ողջ ներուժն ու լծակները. անտարբերությունը մահացու է լինելու բոլորիս համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան գոյապայքարի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեր երկրի, մենք իրավունք չունենք դավաճանելու տղաների շիրիմներին:

Այստեղ ենք ապրելու մենք, Արցախը կա, արցախցին ուժեղ է և արցախցին ապրելու է այստեղ, կեցցե՛ Արցախը, փառք մեր հերոսներին»:

1