Հաղթի՛ր ինքդ քեզ, և բոլորը կխոնարհվեն քո առջև. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

2022թ. դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը սկսվեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միասնական տերունական աղոթքով, ապա Սրբազան հայրը իր խոսքն ուղղեց հանրահավաքի մասնակիցներին, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր մենք հերթական անգամ համախմբվել ենք մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի, Ազատության հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ և ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը և կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք։ Սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը։ Այս նեղությունները մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ փնտրելու, բայց այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է դառնա գործնական ու շոշափելի քայլերի։
Հոգևոր իրականության և մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված ճշմարտություններ, որ բավականին արդիական են նաև մեզ համար։
Առաջինն ասում է՝
-Փրկի՛ր ինքդ քեզ, և քո շուրջը կփրկվեն շատերը։
Իսկ երկրորդը՝
-Հաղթի՛ր ինքդ քեզ, և բոլորը կխոնարհվեն քո առջև։
Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում մենք հաղթեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությոնների առջև, ուզում եմ, որ մենք կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ։ Ցավոք սրտի, մեր ազգը շատ հաճախ է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնում։ Երբ 30 տարի առաջ երկիրը գտնվում էր կործանման եզրին, համախմբվեցինք, ազգովի ապաշխարեցինք և կերտեցինք մեծամեծ հաղթանակներ, բայց իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո, երբ անհրաժեշտ է խոհեմություն և շրջահայացություն հոգեկան հավասարակշռությունը պահելու համար։ Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել, հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և ութերորդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, ու փչանում է մեր նկարագիրը, մոռացվում են աստված և եկղեցի։ Ներկան համարելով որպես մնայուն մի վիճակ՝ բոլորը սկսում են աշխարհի գանձերը վերադասել երկնային գանձերից։ Ահա այս շրջապտույտից դուրս գալը պետք է լինի կյանքի հիմնական խնդիրը, և եթե կարողացանք հաղթել մեր ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամին չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ։ Իսկ ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։ Մեր հավատքի զորագլուխ Հիսուս Քրիստոսը 2000 տարիներ ի վեր գրկաբաց կանչում է բոլոր անհատներին, ազգերին՝ տալով նրանց ճշմարիտ հաղթանակի և փրկության բանալին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, երբ Արցախը թշնամու կողմից ենթարկվել է ֆիզիկական շրջափակման, բոլոր ճանապարհները փակ են, մեր հայացքները ուղղենք դեպի վերև և տեսնենք, որ դեպի երկինք տանող ճանապարհները միշտ բաց են։
Աշխարհից մեկուսացված լինելու այս օրերը առիթ են մեր ինքնամաքրման և միասնականության վերականգնման համար, ուստի սկսենք իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել, որովհետև բոլորս էլ նույն նավի մեջ ենք, և բոլորիս մտածումներն ու հոգսերը նույնն են։
Արցախի ապագան այսօր կրկին դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։ Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր ազգի, հոգու և խղճի զարթուցիչը։
Օգտվելով այսօրվա մեր համախմբման ընձեռնած հնարավորությունից և զգալով մեր ներքին մտածումները՝ որպես Արցախի թեմի առաջնորդ ցանկանում եմ դիմել մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված Արցախցիներին՝ այո՛, Արցախը ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր սեփական ծոցից ծնված զավակների։
Արցախն այսօր՝ իր համար աղոթելուց, արցախցի լինելու հանգամանքով հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը։
Ուստի, սիրելի՛ արցախցիներ, նայե՛ք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե աստծո մոտ այս կյանքից շահեք ի՞նչ պիտի շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը:
Խնդրում եմ և հորդորում ՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին։
Արցախում, նախքան պատերազմը, եթե ունենայինք առնվազը կես միլիոն հյություն 2020թ․ պատերազմի ժամանակ կունենային լրիվ այլ պատկեր և մի գուցե պատերազմ էլ չիներ։ Այս ամենին զուգահեռ մենք մեր խոնարհումն ու աղոտքն ենք առաքում առ Աստված մեր հերոս նահատակների հիշատակի համար, մեր երախտիքն ու օրհնությոնն ենք բերում բոլոր այն արցախցիներին, որ այսքան դժվարություններից հետո կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին։
Դուք հերոսական ժողովուրդ եք, և ձեր հիմքի վրա են կերտվելու մեր ապագա հաղթանակները։
Արցախի պետականության, գոյութենապայքարի այս ընթացքում մենք բարձր ենք գնահատում Արցախի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻ նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի առաքելությունը;
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախցիների այս համախմբման առիթով ձեզ ենք փոխանցում Նորին Սուրբ օծություն տեր տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունն ու ողջ մեր եկեղեցու աջակցությունը Արցախի արդար պայքարին:
Հայոց եկեղեցին այսօր անում է հնարավորն ու անհնարինը թե՛ մեր ժողովրդին իր աղոթքով գոտեպնդելու և Արցախի հարցում համախմբելու համար և թե՛ միջազգային տարբեր հարթակներում արցախցիների ձայնը լսելի դարձնելու հարցում։
Այսօր կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ ծննդյան տոնը։ Ուստի այս առիթով մեր կոչն ենք ուղղում համայն քրիստոնյա աշխարհին՝ վեր կանգնելու քաղաքական շարժառիթներից և քրիստոնեական սիրուց մղված Արցախում ապրող իրենց հավատակից քույրերի ու եղբայրների մարդկային տարրական իրավունքների պահպանության հիմնախնդրից, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք լիարժեք և խաղաղ պայմաններում տոնելու Սուրբ ծննդյան հրաշափառ տոնը։
Սիրելինե՛րս, մեր ուղին օրհնված է, որովհետև Աստված մեզ հետ է և ինչպիսի փորձություններ էլ լինեն դրանք, անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքին համաձայն սիրով ծառայենք միմյանց։
Թող Աստված օրհնի Արցախ աշխարհը և նրա ժողովրդի արդար պայքարը։
Ամեն»։