Ռոստոմը Ղարաբաղում
Գլխավոր » Լրահոս » Ռոստոմը Ղարաբաղում

Ռոստոմը Ղարաբաղում

«1905 թուականը․ Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, քաղաքում զոհուեց Մարգար Ժամհարեանը, որ «Ապառաժ» կենտրոնական կոմիտէի բոլոր աշխատանքների մեծագոյն մասը տանում էր իր ուսերի վրայ: Չափազանց կարիք էր զգացւում պատասխանատու ընկերների։

Կենտրոնական Կոմիտէի մի նիստում, մեր Վարդանը հաղորդում է մեզ ամենքիս համար հաճելի մի լուր, որ ինքը նամակ է ստացել Ռոստոմից, թէ այս օրերս նա Թիֆլիսից մեկնում, գալիս է մեզ մօտ՝ Շուշի։

Ամենքը կենտրոնացան իսկոյն: Մեր ոգեւորութիւնը եւ ուրախութիւնը սահման չունէին: Ուրախանում ենք, որ կուսակցութեան հրամանատարն ու պարագլուխը պիտի աշխատի մեզ հետ: Հրճւում ենք, որ Բիւրօն լուրջ ուշադրութիւն է դարձնում մեր շրջանի՝ Ղարաբաղի վրայ, եւ գիտենք, քանի որ Ռոստումը մեզ հետ է լինելու, ուրեմն Թիֆլիսը պիտի իրագործէ մեր բոլոր պահանջներն ու խնդիրները:

Անցան 3-4 օր, բայց մենք դեռ չենք ակնկալում, որ Ռոստոմը կը հասնի, քանի որ Եւլախ-Շուշի ճանապարհը փակ է հայերի համար, ուստի եւ նա ստիպւած կը լինի Գանձակի վրայով լեռնային կամ, ինչպէս ասում էր ժողովուրդը, «դաշնակցականների ճանապարհ»-ով գալ:

Նստել էի «ինքնապաշտպանութեան շտաբ»-ում, մտնում է հանգուցեալ Լեւոն Աթաբէգեանը եւ հաղորդում է, որ Ռոստոմը եկել է։ Հարկաւ, ոչ ոք չի հաւատում նրան, որ Ռոստոմը կարող էր շուտով հասնել, բայց եւ այնպէս ամենքս մօտնում ենք նրան եւ խնդրում ենք, որ ճիշտն ասէ:

Մի րոպէ անց մտնում է Ռոստոմը՝ միայն իրեն յատուկ ժպիտը երեսին: Ծանոթները համբուրում են, շրջապատում են նրան, սկսում են հարցնել նրան, թէ ինչպէս եկաւ, իսկ անծանօթ ընկերները ներկայանում են նրան։

Եւ ի՞նչ ենք լսում: Պարզւում է, որ Ռոստոմը անցել է թաթարական շրջանով՝ խճուղով: Թաթար հրոսախմբերը նրան կանգնեցրել են․․․ բայց նրա պարզութիւնն ու ինքնավստահութիւնը, թէ թաթարները չպէտք է ձեռք տան նրան, քանի որ նա անզէն ճամբորդ է, նրան ազատել են։

Հետեւեալ օրը Ռոստոմն արդէն աշխատում էր դարբնանոցներում, իսկ 36 օր յետոյ մենք նրա հետ միասին քաղաքից դուրս եկանք՝ փորձելու նրա Շուշում պատրաստած հրթիռները, ռումբերն ու զանազան պայթուցիկ ապարատները:

Ռոստոմի գալով՝ բոլոր ընկերների եռանդը տասնապատկուեց եւ ամբողջ Ղարաբաղում աշխատանքը սկսեց եռալ»։

(Հատուած՝ Մ․ Արզումանեանի յուշերից, Յառաջ աշխատաւորական օրաթերթ, ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Թիֆլիս, 1919 յունուարի 29, էջ 2)

1