Մշակութային ժառանգության պահպանությունն Արցախում

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը դեկտեմբերի 6-ին կազմակերպել է «Մշակութային ժառանգության պահպանությունն Արցախում» թեմայով առցանց քննարկում: Թեմայի վերաբերյալ խոսել են ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դասախոս Հայկուհի Մուրադյանը:
Հայկուհի Մուրադյանի խոսքով՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը կապված չէ անկախության տարիների հետ, այլ ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետության կազմավորման առաջին օրվանից։ «Արցախահայ մշակութային ժառանգության յուրացումը ադրբեջանական քաղաքականության անբաժան մասն էր դարձել 1920-30-ական թվականներից, որին նպաստում էր Խորհրդային Միության աթեիստական գաղափարախոսությունը՝ բռնայուրացնելով հատկապես կրոնական շինությունները, ոչնչացնելով կամ դրանք օգտագործելով տարբեր աշխարհիկ շինությունների մեջ։ Այդ քաղաքականությունն ավելի համակարգված դարձավ հենց 1950-60-ական թվականներին։ Ադրբեջանը սկսեց բռնայուրացնել հայկական մշակութային ժառանգությունը, և այս դեպքում բռնայուրացում ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն ֆիզիկական ոչնչացումը, այլ նաև ինքնության ոչնչացումը՝ այն վերագրելով իրենց ինքնահնար նախնիներին՝ աղվաններին, ներկայացնելով որպես իրենցը կամ ժառանգության վրայից ջնջելով միայն հայկական ինքնությանը պատկանող տարրերը»,- նշեց նա։
Մշակութաբանը փաստում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման քաղաքականությունը հնարավոր եղավ փաստագրել ազատագրական պայքարից հետո, երբ ազատագրված տարածքներում վավերագրվեցին նման դեպքերը։ Այդպիսի դեպքերից են օրինակ Ծարի ադրբեջանական դպրոցի պատերի մեջ սուրբ Սարգիս եկեղեցու փորագրված քարերի օգտագործումը, Գետամեջի վանքի քարերով կառուցված տունը, գոմի վերածված Չարեքտարի եկեղեցին:
«Արցախյան առաջին պատերազմից հետո համեմատաբար խաղաղ պայմաններում սկսվում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման փուլը, որի ընթացքում Արցախի իշխանությունները, թեև ունենալով անվտանգության հետ կապված առաջնահերթ խնդիրներ, միաժամանակ նաև սկսում են վերականգնել մշակութային ժառանգությունը, ակտիվանում է մշակութային կյանքը, բացվում են նոր թանգարաններ։ Դրա վառ օրինակներ են Տիգրանակերտի, Քաշաթաղի, Շուշիի թանգարանները»,- նշեց Հայկուհի Մուրադյանը։
Բռնայուրացման քաղաքականությունը հատկապես արտահայտվեց 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ «44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո կրկին տեսնում ենք, որ մշակութային ժառանգության բռնայուրացման ադրբեջանական ձեռագիրը ոչ միայն չի փոխվել, այլ նաև ավելի ինտենսիվ է դարձել։ Ամենաակնառու օրինակը հոկտեմբերի 8-ին երկու անգամ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումն էր, որին նաև ՅուՆԵՍԿՕ-ն է արձագանքել։ Դրան հետևեց եկեղեցու հետագա աղավաղումը, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը։ Ադրբեջանը 30 տարվա ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը համարում է ոչնչացման համար լեգիտիմ. դրա ամենավառ օրինակը Մեխակավանի Զորավար սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումն է։ Ավելի մեծ ինտենսիվությամբ ոչնչացվում են ազատամարտի հուշահամալիրները, Ցեղասպանությանը նվիրված կոթողները, քրիստոնեական կառույցները։ Այստեղ կարևոր է փաստել Շուշիի պատմական գերեզմանոցի, Հադրութի շրջանի Մեծ թաղերի, Ասկերանի շրջանի Սղնախի գերեզմանոցների ոչնչացումը։ Ադրբեջանը ցանկանում է լեգիտիմացնել իր ներկայությունն այդ տարածքում և ոչնչացնում է հայերի բազմադարյա ժառանգությունը»,- ասաց Հայկուհի Մուրադյանը։
Լեռնիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այժմ ընթանում է կորսված մշակութային ժառանգության հավաքագրման, ցուցակագրման աշխատանք․ «Մեր նպատակը միայն ցուցակագրելը չէ, այլ ուզում ենք ճշտել պաշտոնական տվյալները, որպեսզի այդ հիմնավորված, փաստագրված տվյալները ներկայացնենք հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային համապատասխան կառույցներին։ Այդ ցանկերը կարևոր են նաև օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մոնիտորինգի համար»:
Նա հավելեց, որ վանդալիզմի առումով երկու դիմում է ներկայացվել մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից դեռ պատասխան չկա․ «Այս հարցում պետք է շատ ճիշտ աշխատել։ Ադրբեջանն էլ հակընդդեմ հայցեր ունի՝ իբր իրենց մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված, որին ևս պետք է պատասխան տալ։ Նախկինում էլ նման դեպքեր կային։ Օրինակ 1992թ․ մայիսի 11-ին Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Շուշիի իբր ադրբեջանական մշակույթի հուշարձանների պահպանության հարցով, և մայիսի 14-ին արդեն այդ նամակը գտնվում էր ՀՀ ԱԳՆ-ում։ Այնտեղ 9 նյութական մշակութային հուշարձանների ցանկ կար, որից 5-ը իրականում գոյություն չուներ։ Այսպիսի դեպքեր ևս լինում են, որին պետք է պատրաստ լինել»։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հայերն իրենց 68 մզկիթներից 64-ը ոչնչացրել են։ Դա աբսուրդ է։ Այդ տարածքներում այդքան մզկիթ չի եղել։ 1968թ․ Ադրբեջանական ԽՍՀ-ի նախարարների խորհրդի թիվ 140 և 1988թ․ Ադրբեջանական ԽՍՀ-ի թիվ 148 որոշումներում, որոնք վերաբերում էին Ադրբեջանական ԽՍՀ-ի մշակութային հուշարձանների պետական ցուցակին, նախկին ԼՂԻՄ տարածքում 1968թ․ նշված էր 5 մզկիթ, որից մեկը գտնվում էր Աջափնյակ թաղամասում, մյուս 4-ը՝ Շուշիում, իսկ 1988թ․ Շուշիի մզկիթների թիվը հասել է 9-ի։ Մյուս տարածքներում էլ բոլոր մզկիթները իրար գումարելով նույնիսկ այդ թվին մոտ չի ստացվում։ Օրինակ, Նոր Շահումյանի շրջանում գոնե մեկ կրոնական պաշտամունքային հուշարձանի չենք հանդիպել, նույնը՝ Քաշաթաղի հյուսիսում¦,- փաստում է փոխնախարարը՝ կարևորելով այդ մանիպուլյատիվ հայտարարություններին փաստերով հակադարձելը։
Մշակութաբան Հայկուհի Մուրադյանը նաև ներկայիս Արցախի տարածքի մշակութային հուշարձանների խնդրին է անդրադարձել։ Նրա խոսքով՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության խնդիրների բարձրաձայնման կողքին ոչ պակաս կարևոր է նաև Արցախի ներկայիս տարածքում գտնվող հուշարձանների ֆունկցիոնալության պահպանման խնդիրը։ Բազմաթիվ հուշարձաններ կան սահմանային կարգավիճակ ստացած գյուղերում, որոնք գտնվելով ադրբեջանական դիտակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, չեն կարողանում իրենց մշակութային դերն ունենալ համայնքներում։
Անդրադառնալով կատարվելիք աշխատանքներին՝ Հ․ Մուրադյանն առանձնացրել է Արցախի մշակութային ժառանգության մասին հրապարակումների թվի ավելացումը։ «Ադրբեջանը կեղծ գիտական թեզերով հիմնավորված բազմաթիվ լեզուներով որակյալ հրապարակումներ ունի, ու շատ քիչ են Արցախի մշակութային ժառանգության մասին հրապարակումները։ Պետք է բոլոր հնարավոր ռեսուրսներով հանրայնացնել այս խնդիրը, տարբեր գիտական հրատարակությունների, հանրամատչելի գիտական գրականության, հրատարակումների միջոցով հասանելի դարձնել հնարավորինս շատ մեծ լսարանի։ Այս թեմայով քննարկումներ կազմակերպել, հասկանալ խնդիրները և, համախմբելով բոլոր ուժերը, հնարավորինս կանխարգելել Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը»,- կարծում է մշակութաբանը։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով էլ՝ նյութական և հատկապես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության առումով աշխատելը ոչ միայն պետության, այլև ողջ հասարակության խնդիրն է։ Այստեղ կարող են ակտիվ դերակատարություն ունենալ նաև սփյուռքահայ մեր կառույցները։
ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը շարունակելու է թեմայի վերաբերյալ քննարկումները՝ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու ավելի արդյունավետ ու թիրախային մոտեցումներ ի հայտ բերելու համար։
Տաթևիկ Աղաջանյան