Իմ անբեկանելի սկզբունքը հանուն հայրենիքի հնարավորինս գործելն ու ծառայելն է

Ստորև ներկայացնում ենք «Ստեփանակերտ» շաբաթաթերթի հարցազրույցը Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանի հետ.
-Մանկությունից Ձեզ հետ Մեծ կյանք բերած մեծագույն արժեք. ո՞րն է դա:
— Եթե մանկությունից Մեծ կյանք, ապա մեծագույն արժեքը նախ և առաջ իմ ծնողներն ու ծննդավայրն են, որոնք մշտապես իմ ամենանվիրական հուշերում են:
-Տիկի՛ն Մելանյա, Դուք երկար տարիներ աշխատել եք Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում՝ որպես տնօրեն: Արտաքին աշխարհի հետ կապ, անշուշտ, ստեղծվել է՝ զբոսաշրջիկների այցելությունների հիման վրա: Հիմնականում ո՞ր երկրների քաղաքացիներ են այցելել նշյալ թանգարան: Ի՞նչ է տվել Արցախին այդ կապը:
— Թանգարանի պատմության մեջ թերևս այդ տարիներն են համարվում զբոսաշրջային ամենաբուռն զարգացման շրջանը, և գոհունակությամբ պետք է ընդգծեմ, որ ընդհանրապես Արցախի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների համար Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն առանցքային տեղ ուներ, ինչը բնավ պատահականություն չէր: Հենց թանգարանն էր այն բացառիկ վայրը, որտեղ հիմնավոր ու պատշաճ մակարդակով, ընդ որում՝ նաև օտար լեզուներով, ներկայացվում էր մեր ազգային պատմությունն ու մշակույթը: Թանգարան այցելած զբոսաշրջիկների աշխարհագրությունն էլ բավական ընդգրկուն էր՝ հեռավոր Արևելքից մինչև Եվրոպական ու Ամերիկյան երկրներ: Խոստովանենք, որ այցելուների շրջանում քիչ չէին նաև հենց քաղաքական նպատակներով Արցախի Հանրապետություն ժամանած քաղաքական գործիչները, լրագրողները, փորձագետները, նաև՝ պարզապես զբոսաշրջիկներ, որոնք, բնականաբար, կամ ամբողջությամբ անտեղյակ էին, կամ էլ միանգամայն սխալ պատկերացումներ ունեին մեր երկրամասի ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Եվ հենց թանգարանում հաղորդակից լինելով մեր երկրամասի, ժողովրդի իրական կենսագրությանը՝ այն նաև տարածել են ամենատարբեր երկրներում: Կարող եմ փաստել, որ թանգարանում մատուցված տեղեկատվությունը ոչ միայն կարևոր էր, այլև՝ պահանջված:
—Դուք պաշտպանել եք թեկնածուական թեզ՝ «Հայ Աղվանից եկեղեցին. սկզբնավորումից մինչև 15-րդ դարը» թեմայով: Անշուշտ, դա հայագիտական մեծ աշխատություն է: Թարգմանվա՞ծ է, արդյոք, այլ լեզուներով այն՝ հայրենաճանաչողական նկատառումներով:
— Նախ, ի սկզբանե շեշտեմ, որ թեկնածուական ատենախոսության թեմայի ընտրությունը ինքնանպատակ կամ զուտ նախասիրության հարց չէր: 1998-1999թթ. Ադրբեջանի կողմից առավել լայնամասշտաբ արշավ սկսվեց դեռևս խորհրդային ժամանակներից որդեգրված Հայ Առաքելական եկեղեցու անբաժան մաս հանդիսացող Աղվանից եկեղեցու պատմությունը խեղաթյուրելու, այսինքն՝ իրենց քաղաքական նպատակների տեսանկյունից ներկայացնելու, հետևաբար և այն ոչ հայկական ներկայացնելու ուղղությամբ: Պարզապես անհրաժեշտ էր աղբյուրագիտական հիմքով ներկայացնել Աղվանից եկեղեցու իրական ու հիմնավոր պատմությունը և այդ ուղղությամբ առաջին հրատապ նախաձեռնությունը, որը մենք իրականացրեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անմիջական աջակցությամբ, 1999թ. սեպտեմբերին Արցախում Հայ Աղվանից եկեղեցու պատմությանը նվիրված առաջին գիտաժողովի կայացումն էր: Այդ գիտաժողովին ունեցած զեկույցի արդյունքում էլ ես ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից առաջարկություն ստացա շարունակել գիտական աշխատանքը: Աղվանից եկեղեցու պատմությանը նվիրված գիտական հոդվածներս հրատարակվել են ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Հոկայդոյի համալսարանի համապատասխան հանդեսում, ՌԴ արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակված և Աղվանքի պատմությանը նվիրված գրքում, բնականաբար, համապատասխան լեզուներով: Ինչ վերաբերում է դեռևս 2009թ. հրատարակած «Հայ Աղվանից եկեղեցին» մենագրությանը, ապա այն արդեն ներկա դրությամբ լրամշակված ու թարգմանված է ռուսերեն լեզվով, ՀՀ ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ կհրատարակվի մոտակա ժամանակներում: Ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենագրության մեջ ներկայացված է նաև 2020 թ. մեր ժողովրդի համար ցավալի իրադարձությունից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ծավալներ ստացած էթնոմշակութային ցեղասպանական քաղաքականությունը: Ի վերջո, անկախ արդյունքներից, պետք է «քաղաքակիրթ աշխարհին» ներկայացնել Ադրբեջանի նախագահի հրահանգներով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման փաստերը, որոնք հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բացահայտորեն իրականացվող վանդալիզմի քաղաքականության աներկբա ապացույցներ են, իսկ Դադիվանքում, Ծիծեռնավանքում և Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված հայկական մյուս հոգևոր կենտրոններում ուդի «հոգևորականների» կողմից իրականացվող «եկեղեցական», իրականության մեջ՝ թատերական ներկայացումները, հայկական հոգևոր-կրոնական ժառանգության նենգափոխման ու անթաքույց յուրացման փաստեր են: Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ենթակայությամբ վաղ միջնադարյան ժամանակներից ի վեր գործող Հայ Աղվանից կաթողիկոսության հոգևոր կենտրոնների՝ Ծիծեռնավանքի, Սպիտակվանքի, Գտչավանքի, Դադիվանքի և բազում այլ եկեղեցիների պատերին առկա հայերեն բազմահազար վիմագրերն ու նրանց ներկայացրած տեղեկատվությունն այլևս ջնջելն անհնար է, իսկ դրանք ոչ հայկական ներկայացնելուն ուղղված բեմադրությունները՝ անիմաստ ու անտրամաբանական: Այս գաղափարներն են նաև ներկայացված գրքի ռուսերեն տարբերակում:
-Այսօր, քան երբևէ, մարգարեության պես են հնչում արևմտահայ արձակագիր, հրապարակախոս Արփիար Արփիարյանի իմաստուն խոսքերը. «Ժողովրդոց համար պատմության վշտալի դասերն ապագայի ամենեն լավագույն ուղեցույցներն են»։ Ի՞նչ դաս ստացանք մենք արցախյան պատերազմներից, ըստ Ձեզ, և ստացա՞նք, արդյոք: Սերտած դասերը սերունդների համար կհանդիսանա՞ն ապագայի ուղեցույց:
— Այո, մշտապես լսում ենք նաև, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի և դրանով կարծես թե մենք մեզ ենք փորձում մխիթարել: Իհարկե, կրկնությունը կլինի, եթե այդ պատմությունը մեր իսկ կողմից արհամարհված ու անտեսված է: Միանշանակ համամիտ եմ բանաստեղծի խորիմաստ մտքին՝ «Ժողովրդոց համար պատմության վշտալի դասերն ապագայի ամենեն լավագույն ուղեցույցներն են», բայց, արդյո՞ք, մենք այդ դասերը հավուր պատշաճի ենք յուրացնում, վերլուծում ու դարձնում մեր իսկ գործունեության հիմնաքարն ու «ուղեցույցը»: Ցավով պետք է արձանագրենք, որ արցախյան առաջին պատերազմի կարևորագույն դասը պատերազմի հաղթանակի համարժեք ամրապնդումը պետք է լիներ: Չէ՞ որ հենց մեր պատմությունը բազում փաստերով մատնացույց է անում, որ հատկապես նշանակալից հաղթանակներից հետո ունեցել ենք անդառնալի կորուստներ, որովհետև դասեր չքաղելով՝ նույն սխալներն ենք կրկնել, իսկ հետո ուղղակի ձևակերպել, թե «պատմությունը կրկնվելու հատկություն ունի», փոխարենը հասկանալու, որ մենք ենք մեր սխալները կրկնել շարունակաբար:
-Մենք Շուշիի տարբեր թանգարաններում ունեինք պատմական հարստություններ՝ մշակութային արժեքների տեսքով: Դրանց քանի՞ տոկոսն է հաջողվել փրկել:
— Ցավով պետք է արձանագրենք, որ Շուշիի թանգարաններում պահպանվող պատմամշակութային ժառանգությունը հիմնական մասով չհաջողվեց փրկել: Եվ դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Ձեր նախորդ հարցը՝ պատմության դասերի վերաբերյալ, այստեղ էլ արդիական է: Պատմության «վշտալի դասերը» չկրկնվելու համար պետք է առերեսվել ճշմարտությանը, ոչ թե անտեսել:
-Մշակութային ժառանգություն: Արցախը հարուստ է պատմական այդ անխոս-խոսուն վկաներով, որոնց վրա դարերից մեզ հասած բազում հայատառ արձանագրություններ կան: Ինչու՞ համր, կույր ու խուլ աշխարհը՝ ըստ Ձեզ, չի «նկատում» այդ աղաղակող փաստը՝ համոզվելու և ուրիշներին համոզելու, որ Արցախը զուտ հայկական հողակտոր է: Միգուցե մենք արտաքին քարոզչության մե՞ջ ենք թերանում:
— Աշխատանքի բերումով հանդիպել ու հաճախ այդ հարցադրումն ինքս եմ կատարել տարբեր երկրներից Արցախ ժամանած քաղաքական գործիչներին, դիվանագետներին, փորձագետներին, և երբեմն նրանցից ստացել եմ նաև անկեղծ պատասխաններ: Այո, հաճախ են նրանք անկեղծացել ու խոստովանել, որ բնավ չեն կասկածում Արցախը Հայաստանի մաս հանդիսանալու, կամ ինչպես Դուք եք ասում, հայկական հողակտոր լինելու մեջ: Ամարաս, Դադիվանք, Ծիծեռնավանք, Գանձասար և ընդհանրապես, Արցախի ցանկացած մաս այցելած քաղաքական գործիչներն էլ, անկախ ազգությունից, խոստովանել են դա, բայց և ցավով ընդգծել, որ քաղաքականության հիմքում պատմությունը չէ, այլ հանրահայտ «շահը», բանաստեղծի լեզվով ասած «շահին միշտ գերի…» կարգախոսը: Այնպես որ, աշխարհը ոչ կույր է, ոչ էլ համր, այլ պարզապես յուրաքանչյուր երկիր, «քաղաքակիրթ» պետություն առաջնորդվում է իր պետական շահով: Այդ ճշմարտությունը մեզ ավանդել է նաև Մկրտիչ Խրիմյանը, ով սկզբում մտածում էր, թե «քաղաքակիրթ» երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Անգլիայի թագուհուն, ներկայացնելով մեր ժողովրդի ցավալի դրությունը՝ կշարժի նրա գութը և քաղաքակիրթ ու քրիստոնյա Անգլիայի թագուհին քայլեր կձեռնարկի «փրկելու» քրիստոնյա հայ ժողովրդին, սակայն թագուհին, որին անգամ հուզել էր մեր ժողովրդի անելանելի վիճակը, ուղղակի պատասխանել է. «Ես ցավում եմ հայ ժողովրդի համար, բայց ես Անգլիայի թագուհին եմ, որի շահը ինձ համար ամեն ինչից վեր է»: Պետք չէ պարզապես մտածել, թե քարոզչության ասպարեզում մենք թերանում ենք, և դա է հիմնական պատճառը: Թերացումներ, իհարկե, ունենք, բայց դա չէ վճռորոշը:
-Դուք դասավանդելու, նաև՝ դասախոսելու երկար տարիների փորձ ունեք: Այսօր անձի հոգեկերտվածքի ճշգրիտ ձևավորման գործում ո՞րն եք համարում ուսուցման անկյունաքարը: Ի՞նչ է պակասում ուսումնակրթական ոլորտում այսօր:
Ուսումնակրթական ոլորտում, ցավոք, այս 30 տարիների ընթացքում մենք, մեղմ ասած, առաջընթաց չենք արձանագրել, և դա ունի իր հիմնավոր պատճառները։ Նախ, արձանագրենք այն փաստը, որ մեզ մոտ ուսումնակրթական գործընթացում առ ներկա ժամանակներն իրականացված «բարեփոխումները» անձնավորված բնույթ են կրել, այսինքն, հիմնական մասով համապատասխան ոլորտի ղեկավարներն իրենց տեսանկյունով են հարցին մոտեցել և գրեթե առանց հիմնավոր ուսումնասիրության ու համարժեք շրջանակների հետ քննարկումների են դրանք իրականացրել, կամ, որոշ դեպքերում, եվրոպական երկրներում երկար տարիների ընթացքում ձևավորված համակարգն են ուղղակի կրկնօրինակել, առանց ազգային առանձնահատկություններն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաշվի առնելու, որի արդյունքում էլ այսօր փաստացի կանգնել ենք լրջագույն մարտահրավերների առաջ։ Հարցազրույցի ձևաչափից ելնելով՝ թերևս հնարավոր չէ ուսումնակրթական ոլորտում մեր հրատապ անելիքները, ռազմավարությունը ներկայացնել։ Միայն կարող եմ ընդգծել, որ այս ուղղությամբ արմատական վերանայումներն ու փոփոխությունները խիստ պահանջված են։ Ձեր նախանշած «անձի հոգեկերտվածքի ձևավորման» գործընթացում առանցքային տեղ ունի ուսումնակրթական ընթացքում մատուցվող գաղափարախոսական ուղղվածության մեր ազգային արժեհամակարգի ճշգրիտ ու հիմնավոր մատուցումը։
-Խորհրդային տարիներին մշտապես և՛ դպրոցականների, և՛ ուսանողության շրջանակներում իրականացվում էր միասնական գաղափարախոսություն՝ ազգապահպանության, հոգևոր ամրության, ազգային արժեքների վերաբերյալ: Այսօր այդ գործընթացը բացակայում է, որի արդյունքում ունենք այն խառնաշփոթը, ինչ բոլորին է ի տես, ասել է, թե շատ դյուրին է դարձել «Բաժանիր՝ տիրիր» կարգախոսի իրականացումը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
— Պետականության ամրապնդումը, ազգային անվտանգության համակարգի արդյունավետությունն ուղղակի իմաստով կախված են հանրության գաղափարախոսական դաշտի բնութագրից։ Ժողովրդավարական համակարգը ենթադրում է բազմագաղափարախոսական հանրային դաշտ, սակայն այն չպետք է հանգեցնի գաղափարախոսական ճգնաժամի, որպիսին որ մենք ստացանք իրականության մեջ: Թե՛ ուսումնակրթական, թե՛ ընդհանուր առմամբ հանրության շրջանում՝ մեր երկրում հատկապես անկախության տարիներին իրականացված քաղաքականության ասպարեզում թույլ տրված սխալների շարքում, պետք է ընդունենք նաև այն անխոհեմ քայլերը, որոնց արդյունքում այսօր ոչ միայն առկա է միասնական գաղափարախոսության բացակայությունը, այլև Ձեր իսկ մատնանշած խառնաշփոթը: Ցանկացած պետության գոյության ու հզորության հիմնաքարը ազգային կայուն արժեհամակարգի վրա հիմնված գաղափարախոսությունն է, որն էլ ենթադրում ու պայմանավորում է պետական նպատակասլաց քաղաքականության ռազմավարությունը: Վերջին իրադարձություններն ակնհայտորեն մատնանշեցին, որ բազմակուսակացական այն համակարգը, որ մեր երկրում արհեստականորեն կիրառվեց, ոչ միայն խորթ է մեր ազգային արժեհամակարգին, այլև՝ կործանարար: Կուսակցական մոլուցքով տարված՝ մենք անտեսեցինք ու արհամարհեցինք մեր իրական մտավոր ներուժը և տարիներ շարունակ իրականացված ոչ համարժեք կադրային քաղաքականությամբ մեր երկիրը հասցրեցինք այս վիճակին:
—Հին հույն պատմիչ Թուկիդիտեսն ասել է. «Պատմությունը փիլիսոփայությունն է օրինակներով»: Համաձայ՞ն եք, արդյոք: Ո՞րն է Ձեր պատմական փիլիսոփայությունը:
— Ինձ համար պատմական փիլիսոփայությունը, երևի թե նաև մասնագիտության առումով, մեր ազգային անցյալի ինչպես ամբողջական շղթայի, այնպես և առանձին, հատկապես՝ կարևորագույն նշանակության պատմական իրադարձությունների փիլիսոփայական կամ տրամաբանական վերլուծությունն ու համապատասխան եզրահանգումներ կայացնելն է:
—Ձեր անբեկանելի սկզբունքը կյանքում և կյանքի կարգախոսը: Ձեր անգնահատելի ձեռքբերումը կյանքում:
— Իմ անբեկանելի սկզբունքը հանուն հայրենիքի հնարավորինս գործելն ու ծառայելն է։ Իսկ կյանքիս կարգախոսը մշտապես եղել է՝ «Մասնագիտական կայացումը, նախաձեռնությունն ու նպատակայնությունը հաջողության բանալին են»: Անգնահատելի ձեռքբերումը, եթե անձնական կյանքում, ապա ես այն համարում եմ իմ ընտանիքը, զավակներս։
-Ձեր կոչը՝ համայն մարդկությանը:
-Կարծում եմ, մարդկության համար ամենաերանելին խաղաղությունն է, և այդ գիտակցումով էլ պարզապես խաղաղության կոչ կանեի։