Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

Արցախի հերոս Դավիթ Գրիգորյան

44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի հողի պաշտպանության համար ելել էին բոլորը՝ երիտասարդից տարեց, զինվորից սպա, ռամիկից մտավորական, ովքեր կարողացել են անձնազոհությամբ ցույց տալ իրենց նվիրվածությունը մայր հողին: Այդ նվիրյալներից էր նաև 20-ամյա Դավիթ Գրիգորյանը, ով, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է 44-օրյա պատերազմում աչքի ընկնել իր սխրագործություններով և արժանանալ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը:

Դավիթ Գրիգորյանը ծնվել է 2000թ. նոյեմբերի 17-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում։ Ընտանիքի միակ որդին էր։

2007-2018թթ. սովորել է Սարդարապատի միջնակարգ դպրոցում:

2006-2007թթ․ հաճախել է սպորտային մարմնամարզության, իսկ 2009-2010թթ.՝ կարատեի դասընթացների։

2008, 2010, 2011 և 2012 թվականներին Սարդարապատի միջնակարգ դպրոցի կողմից պարգևատրվել է գովասանագրերով գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։

2009-2010 թթ․ հաճախել է կարատեի դասընթացների։ 2010 թվականի փետրվարի 20-ին արժանացել է 2-րդ կարգի, նույն թվականի հուլիսի 17-ին Արմավիրի մասնաճյուղում, հոկտեմբերի 16-ին Հայաստանի կոմիտեի առաջնությունում՝ 3-րդ կարգերի։

2010, 2012, 2014 և 2015 թվականներին մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին։ 2010 թվականի մարտի 18-ին 52 միավորով գրավել է առաջին տեղը։

2011-2013 թթ․ հաճախել է շախմատի դասերի։ 2011 թվականին շախմատի մարզային առաջնությունում գրավել է 2-րդ տեղը։ 2012 թվականի հուլիսի 13-20-ը Վրաստանում մասնակցել է շախմատի 7-րդ միջազգային ֆեդերացիային։ 2011 թվականին շախմատից ստացել է 2-րդ կարգ։

2014 թվականի հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի պաուերլիֆտինգի պառկած հրում առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։

2018-ին ավարտել է դպրոցը և նույն թվականին շարունակելով մեծ քրոջ ` Հռիփսիմեի ուղին՝ ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019թ. հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6-ամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 2019թ. հուլիսի 1-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում։

Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 2020թ. ապրիլի 8-ին ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան երկրորդ պատերազմից մեկ ամիս առաջ, օգոստոսի 19-ին ստացել է ավագ սերժանտի կոչում, հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։

2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբեյլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։ Նոյեմբերի 2-ին Դավիթը և երեք ընկերները զոհվել են՝ նվիրելով իրենց կյանքը հայրենիքին։

Արցախի հերոս,  շարքային Դավիթ Լյովայի Գրիգորյանի մայրը՝ տիկին Սուսաննան, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի ծնվելու առաջին իսկ  պահից մի անբնական ուրախություն ու հպարտություն էր մտել իրենց տուն, և ոչ թե նրա համար, որ տղա էր ծնվել, այլ նրա համար, որ Աստված ընտրյալ զավակ էր ուղարկել, որը պետք է շատ ուշ հասկանային՝ պատերազմի օրերին:

Լուսանկարը hetq.am -ից

Տիկին Սուսաննայի խոսքով՝ Դավիթն իր հասակակիցներից միշտ տարբերվել է իր լրջությամբ և կարգապահությամբ: Մայրը չի հիշում, որ երբևիցե տղային նկատողություն արած լիներ կամ արգելեր ինչ-որ բան անել:

«Բանակ գնալուց առաջ ինքը զորակոչման թերթիկը վերցրել էր տրամադրված, որ պետք է գնա ու ծառայի, որովհետև իր ընտրած մասնագիտության համար նաև շատ կարևոր էր այդ 2 տարվա դպրոցն անցնելը։

Կենտրոնական զինվորական կոմիսարիատում նա քաշեց թերթիկ՝ 6 ամիս հակատանկային զորամասում ծառայություն, որից հետո՝ Արցախ։ Ես շատ  էի տխրել, իսկ ինքը՝ ոչ։ 6 ամիս ծառայեց Գյումրիում: Ոչ մի օր ինքը նեղված չի եղել, ոչ մի հարցով մեզ չի դիմել։  Մինչև Արցախ մեկնելը 10 օր արձակուրդ եկավ: Որ պետք է դուրս  գնար, ընկերների հետ ժամանակ անցկացներ, այդ ամբողջ ընթացքում Դավիթը համակարգչի դիմաց ուսումնասիրում էր Ֆագոտ զենքը, որը նրա զենքն էր։ Ամբողջ օրը հաշվարկներ էր անում ու զենքն ուսումնասիրում»,-ասում է հերոսի մայրը։ 

Դավիթը շատ բծախնդիր էր, հատկապես՝ մաքրության հարցում, որի համար էլ մտահոգվում էր մայրը:

«Նա թույլ չէր տալիս ինձ ծառայության հետ կապված հարցեր տալ։ Մենք խոսում էինք շատ կարճ. ո՞նց եք, և ի՞նչ նորություն կա հարցերի շուրջ։ Եթե չէր կարելի զանգել՝ Դավիթը չէր զանգում։ Նա չափազանց պատասխանատու մարդ էր, և պետք է օրինակ ծառայեր իր զինվորների համար»,- նշում է Սուսաննա Գրիգորյանը։

Ծնողները հետո Դավիթի զինվորական գրքույկից են իմացել, որ 2020թ. օգոստոսին ինքն արդեն ավագ սերժանտ էր․«Մենք ոչինչ չենք իմացել, որովհետև Դավիթը չէր սիրում իր հաջողությունների մասին բարձրաձայնել: Նա միշտ ասում էր՝ այն, ինչ ես վաստակում եմ, պետք չէ դրա մասին բարձրաձայնել. եթե ցանկություն ունենան, կտեսնեն ու կիմանան։ Ասում էր՝ ի՞նչ իմաստ ունի ժամանակից շուտ ինչ-որ բան ասելը։ Մարդ պետք է գործով ապացուցի։ Նա նաև երբեք իր պլանների մասին չէր բարձրաձայնում, որովհետև գիտակցում էր, որ միգուցե չստացվի: Նույնիսկ իր համալսարան ընդունվելու մասին մենք համացանցից ենք իմացել. ընդունվել էր ֆինանսներ բաժին, և երբ ես մի օր հարցրի, թե ինչո՞ւ չի ասել՝ պատասխանեց, որ կիմանայինք մի օր»։

Դավիթը շատ էր սիրում շախմատ խաղալ: Կարողանում էր կռահել խաղի ընթացքը՝ անգամ 10 քայլ առաջ: Սակայն տաղանդավոր ու համեստ երիտասարդի ճակատագիրն այլ ընթացք ունեցավ 2020թ. պատերազմի հետևանքով:

Տիկին Սուսաննայի խոսքով՝ սեպտեմբերի 27-ին իրեն աղջիկն է զանգահարել և տեղեկացրել, որ պատերազմ է, սակայն այդ ամբողջ օրվա ընթացքում նա չի կարողացել կապվել որդու հետ: Միայն երեկոյան է զանգել Դավիթը՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է:

«Ասաց՝ մամ, գիտես, որ իմ զենքը շատ հեռվից է կրակում: Նա երբեք չի խաբել, որովհետև տանել չէր կարողանում սուտը։ Այդ օրն էլ չխաբեց, պարզապես ասաց՝ մամ, ես առաջնագծում չեմ, իսկ ես  էլ այդ պահին հաշվի չէի առել, թե ինչքան հեռվից և որտեղից է կրակում։ Ես հեռախոսը փոխանցեցի եղբորս տղային՝ մտածելով, որ ինչ-որ բան կասի նրան և ես տեղեկացված կլինեմ։ Նա եղբորս տղային ասել էր, որ 4 տանկ է խփել արդեն, սակայն հորդորել էր ինձ բան չասել, որովհետև կհասկանայի, որ առաջնագծում է։  Միշտ նույն ժամին էր զանգում և 2 բառ խոսում՝ ո՞նց եք և հանգի՛ստ եղեք։ Ես էլ ինձ թույլ չեմ տվել հարցեր տամ՝ գիտակցելով վտանգի աստիճանը։ Մինչև հոկտեմբերի 4-ը հարցնում էր՝ մամ, ի՞նչ են ասում, բայց հետո, երբ որ 4-ին ստացավ Արցախի հերոսի կոչում, իմ նշած պատասխանատվության է՛լ ավելի բարձր զգացումով իսկական հերոսի նման էր իրեն պահում և չէր հարցնում, թե ինչ են ասում: Երբ նրան ասացի՝ հերոսս, նա ասաց՝ մա՛մ, ես ընդամենը իմ ծառայությունն եմ անում»,- նշում է տիկին Սուսաննան։

Դավիթը, մինչև ծառայության մեկնելն անգամ, հասկանում էր հայրենի հողի գինը:

«Դավիթս 18 տարեկան էր, բայց դեռ բանակ չգնացած՝ ասում էր, եթե մենք կորցնենք Արցախը, այլևս ոչ մի բան չենք ունենալու։ Ինչ գնով էլ լինի՝ մենք պահելու ենք Արցախը։ Իմ 18 տարեկան տղան ավելի հեռատես էր, քան շատ շատերն այսօր, որոնք նույնիսկ հիմա չեն գիտակցում այդ ամենը։ Ես շատ-շատ կուզեի, որ շարունակվեր Դավիթի և իր ընկերների գործը, ետ բերեինք մեր հողերը, ու  կուզեի, որ դա առաջնային նպատակ լիներ նրանց համար, ովքեր հիմա կան, ովքեր հիմա ապրում են, ովքեր պատերազմից վերադարձել են Դավիթի շնորհիվ։ Չեմ երկմտում նման բան ասել, որովհետև շատերից եմ լսել, որ Դավիթը փրկել է հազարավոր կյանքեր։ Դավիթի շնորհիվ այսօր կանգուն է Ճարտար քաղաքն ու հարակից բնակավայրերը»,-ասում է Ս. Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այսօր պայքարող տեսակի խնդիր ունենք, իսկ այն սերունդը, որին կորցրինք, հենց այն սերունդն էր, որ պիտի պայծառ, լուսավոր, ազատ Հայաստան կերտեր։

«Հիմա էլ ունենք լավ ու հայրենասեր տղաներ, ուղղակի այս անտարբերությունն ու  անհոգությունը ինձ մի տեսակ չի տանում լավատեսության։ Ես կուզեի, որ սա իմ սխալ կարծիքը լիներ, որովհետև մենք իրավունք չունենք Արցախին միայնակ թողելու և տղաների գործը չշարունակելու։ Հայրենասեր տղաներն անպայման շարունակողն են լիելու Դավիթի ու իր ընկերների կիսատ թողած գործի, որովհետև մենք դեռ ունենք յան ազգանունին արժանի սերունդ։

Ես շնորհակալ եմ, որ պատիվ ունեմ հերոսի մայր կոչվելու, հերոս Դավիթի, ով 18 տարեկանում հասկանում էր Արցախի արժեքն ու գինը, ով  19 տարեկանում արժանիորեն վաստակեց Արցախի հերոսի կոչումը և արեց այն ամենը, ինչ դրված էր նրա ուսերին, հավատարիմ մնալով իր երդմանը՝  գնաց մինչև վերջ իր հողի, իր հայրենիքի և իր ազգի համար։ Այժմ իմ Դավիթը դարձել է բոլորինն ու Արցախինը»,-այսպես եզրափակեց իր խոսքը տիկին Սուսաննան։

Վահագն Խաչատրյան

1