Արցախցի Վարանդյանից մինչեւ Իշխանյան Սոցինտերնի համաժողովներում
ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետոթւյան Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին: Համաժողովին Դավիթ Իշխանյանի մասնակցությանն անդրադարձել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Արցախցի Վարանդյանից մինչեւ Իշխանյան Սոցինտերնի համաժողովներում
Օրերս մի ուշագրավ տեղեկություն շատ էլ հանրային արձագանք չստացավ։ ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցինտերնի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։ Ավանդաբար միջազգային այս խոշոր համաժողովին Դաշնակցության ներկայացուցիչները, իբրեւ այդ կառույցի մնայուն անդամ կուսակցության պատվիրակներ մասնակցում են։ Սակայն այս անգամ ուշագրավ, եթե չասեմ՝ պատմական եւս մեկ խորհուրդ կա։ Դաշնակցության պատվիրակության կազմում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության խորհրդարանի անդամ Դավիթ Իշխանյանը։
Ի դեպ, արցախցիների սա արդեն երկրորդ մասնակցությունն է սոցիալիստական համաշխարհային շարժման համաժողովներում։ Ներկայիս Սոցինտերնի իբրեւ գաղափարական հենք հանդիսացող եւ աշխարհի սոցիալիստական գրեթե բոլոր կուսակցությունները համախմբող 2-րդ Ինտերնացիոնալում 1907 թվականից Դաշնակցության ներկայացուցիչն էր ծնունդով Ասկերանի Քյաթուկ գյուղից, հայտնի տեսաբան Միքայել Վարանդյանը։
Հիմա Կոնգրեսի և խորհրդի նիստերը Սոցինտերնի գլխավոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության նոր ղեկավարություն, ճշտվում են առաջիկա տարիների գործունեության քաղաքական առաջնահերթությունները։ Սույն նստաշրջանին մասնակցում են շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ, այդ թվում Իսպանիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի վարչապետները, Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եվս մեկ հարթակ արցախյան հարցի մասին խոսելու ու բարձրաձայնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը։