Սիրիայում Անկարան խաղում է Մոսկվա-Վաշինգտոն լարվածության թելերի վրա

Հյուսիսիային Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի իրականացրած «Սրի Ճանկ» գործողությունը շարունակություն ունենալո՞ւ է.
Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Թուրքական բանակը շաբաթ գիշերը հայտարարել էր, որ 20 օդային հարված հասցրել է Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հարձակմանը մասնակցել են 50 ռմբաձիգներ եւ 20 անօդաչու սարքեր:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց օդային գործողությունը իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության նպատակով: «Հաշվեհարդարի ժամը եկել է», ասված էր նախարարության հաղորդագրությունում։ Սրա շարունակությունն այն էր, որ Էրդողանը հայտարարեց՝ շուտով հնարավոր է նոր ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայում։
Կարծում եմ, որ «Սրի ճանկ»ը պատասխան է Ստամբուլի պայթյունին։ Անկարան անմիջաես հայտարարեց, որ պայթյունը իրականացրել են քրդերը, եւ մեղադրեց ԱՄՆ-ին «ահաբեկիչներ»ին սատարելու մեջ։
Այս գործողությունը լայնածավալ բնույթ չի ունենալու։ Կլինեն նման հարձակումներ, բայց պատերազմական այն լայնամասշտաբությունը, որը Անկարան ծրագրել է, չի իրականանա։ Դա ոչ միայն կզսպվի ԱՄՆ-ի, այլ նաև Մոսկվայի կողմից։
Էրդողանի հայտարարությունում դարձյալ սլաք կար ուղղված ԱՄՆ-ին, իբրև «ահաբեկիչներին» սատարող։ Սիրիական տարածքներում հակաքրդական գործողություններ իրականացնելու կոնտեքստում ռուսական համաձայնությունը ստանալու համար Անկարան շեշտում է քրդական գործողությունները ԱՄՆ-ի կողմից հովանավորված լինելու հանգամանքը՝ խաղալով Վաշինգտոն-Մոսկվա լարվածության թելերի վրա։
Այս գործողություններին առընթեր արձանագրենք, որ ընթանում են հետախուզական մակարդակով Անկարա-Դամասկոս միջգերատեսչական հանդիպումներ, բանակցություններ։ Դա ենթադրում է Մոսկվայի միջնորդական գործոնի առկայությունը։ Այս պայմաններում Դամասկոսը անպայմայն իր քայլերը կհամաձայնեցնի Մոսկվայի հետ․ գուցե այս պարագայում կիրականացնի Մոսկվայի պատվերը։ Գործընթացը պիտի դիտարկել Մոսկվա-Անկարա ռազմավարական համագործակցության շրջածիրում։
Ավելի լայնածավալ գործողության իրականացում, սակայն, չի բխում Մոսկվայի շահերից։ Համագործակցությունը շատ լարված ու զգուշավոր է ընթանում։ Համագործակցության նույն լարվածությունը սկսվել է նկատվել Հարավային Կոկվասում ևս։