Մեկ տարի առանց ընկեր Աշոտի

Մեկ տարի առաջ՝ 2021թ․ նոյեմբերի 23-ին, երկրային կյանքին հրաժեշտ է տվել ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեի ներկայացուցիչ, հայրենիքի համար ամենադժվար ժամանակաշրջաններում կուսակցական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, նվիրյալ ընկեր Աշոտ Պետրոսյանը։
Ստեփանակերտի գերեզմանատանը Աշոտ Պետրոսյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նրա ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամներն ու ընկերները։
Արցախյան վերջին պատերազմում երկու հերոսացած զավակների հայր, Աշոտ Պետրոսյանի կուսակցական ընկեր Միքայել Հաջյանի խոսքով՝ այն կսկիծը, որ ընտանիքը և բոլորն ապրել են Աշոտի վախճանվելու կապակցությամբ, մշտապես է լինելու, որովհետև Աշոտի նման մարդու, ընտանիքի հոր, ամուսնու, որդու, ընկերոջ, բարեկամի, նվիրյալ արցախցու կերպարը միանգամայն ուրիշ է, և նրա կորստյան ցավը շատ ավելի խորն է։ «Աշոտն անմոռաց է, չի մոռացվելու ոչ միայն ընտանիքի սրտում, այլև բոլոր նրանց համար, ովքեր իրեն գիտեին, ովքեր իրեն թեկուզ մեկ անգամ հանդիպել են։ Ինքը տարիքով ինձնից բավական փոքր էր, բայց ես ակամա պատկառանքով էի լցվում ինձնից տարիքով փոքր մարդու հանդեպ, այնքան ազդեցիկ էր, խարիզմատիկ, բայց ջերմ, ուշադիր և պահանջկոտ միաժամանակ։ Այդ ցավը մինչև վերջ ուղեկցելու է մեզ»,- ընկերոջ գերեզմանի մոտ նշել է Մ․ Հաջյանը։
Աշոտ Պետրոսյանն իսկական արցախցու կերպար էր՝ պատերազմի ժամանակ խիզախ զինվոր, խաղաղ ժամանակ՝ անխոս աշխատող, շինարար։ Իր հողին ու ջրին նվիրված Աշոտի հիշատակը միշտ վառ է լինելու, իսկ նրա կիսատ թողած գործը վստահաբար շարունակվելու է։


