Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը փաստում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու որևէ պահանջ չկա
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը փաստում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու որևէ պահանջ չկա

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը փաստում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու որևէ պահանջ չկա

Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևը կարող է վարակիչ օրինակ դառնալ, և շատ հնարավոր է, որ Եվրամիության առաջատար երկրի այդ քայլին հետևեն այլ երկրներ ևս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«Սա նոր դուռ է բացում նաև դիվանագիտական դաշտի համար։ Բանաձևը, բացի հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիան փաստելուց, նաև արձանագրում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու ոչ մի պահանջ չկա։ Այն Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին և վերին պալատների որոշումների շարունակությունն է և կրկին փաստում է Արցախի հիմնախնդրի առկայության, լուծված չլինելու մասին, որքան էլ որ Ադրբեջանը հայտարարի, թե հարցը փակված է և փորձի հասնել նրան, որ Արցախի կարգավիճակի հարցը փակվի»,-ասաց Բալայանը։

Արցախի ԱԺ պատգամավորը չի բացառում, որ տեսանելի ապագայում Ֆրանսիան Արցախում իսկապես հումանիտար գրասենյակ փորձի բացել։
«Եթե Ֆրանսիական կողմը վճռականություն ցուցաբերի, ապա գրասենյակ էլ կարող է բացվել։ Համենայդեպս, տպավորություն կա, որ Ֆրանսիան տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու հավակնություններ առանձնապես չունի և այս տեսանկյունից չի հակադրվում Ռուսաստանին, ինչ-որ տեղ անգամ լրացնում է խաղաղության պահպանմանն ուղղված ծրագիրը։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ ռուսական կողմից հակադրություն չի լինի»,-նշեց Բալայանը։

Չթերագնահատելով դիվանագիտական աշխատանքի դերը Սենատի այդ բանաձևի ընդունման հարցում՝ մեր զրուցակիցը շեշտում է հնարավոր բոլոր ոլորտներում միջազգային գործընկերների հետ աշխատանքն ակտիվացնելու կարևորությունը։

«Արցախի Խորհրդարանում բարեկամական խմբեր են գործում մի շարք երկրների հետ․ Ֆրանսիայի հետ դեռևս տարիներ առաջ է ստեղծվել նմանատիպ խումբ, որն, ավելի շուտ, շրջանակ է, որում բացի խորհրդարանականներից, ընդգրկված են նաև մտավորականներ, հասարակական գործիչներ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք միմյանց հետ ու դեռ ավելի ակտիվ ու նախաձեռնող պետք է լինենք։

Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ասպարեզներն ու հնարավորությունները։ Ի դեպ, Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքների հետ Արցախն ունի քույր քաղաքներ։ Դա ևս սերտացնում է Արցախ-Ֆրանսիա կապը»,-եզրափակեց Վահրամ Բալայանը։

arfd.am

1