Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։Այս մասին հայտնում է Sputnik  Արմենիան։

Բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 296-ը, դեմ՝ 1-ը։

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։ Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության (ընդունվել է 1945 թվականի հունիսի 26-ին) 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969 թվականի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

Աղբյուրը՝ Sputnik  Արմենիան

1