Հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին նիստ է հրավիրել: Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Նիստը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Ներկա էին հանձնաժողովի 3 անդամներ:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը որպես Հաշվեքննիչ պալատի անդամ առաջարկեց Միքայել Մուսայելյանի թեկնածությունը: Նա Հաշվեքննիչ պալատի գործող անդամ է, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին: Ներկաները դրական արտահայտվեցին թեկնածուի մարդկային ու մասնագիտական որակների մասին:
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը որոշում ընդունեց հարցը խորհրդարանի հերթական նիստի օրակարգ մտցնելու վերաբերյալ:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին