Հաջորդ սերունդներին փոխանցելու ենք անկախ, զարգացած հայրենիք
Գլխավոր » Լրահոս » Հաջորդ սերունդներին փոխանցելու ենք անկախ, զարգացած հայրենիք

Հաջորդ սերունդներին փոխանցելու ենք անկախ, զարգացած հայրենիք

Սա կադրային փոփոխություն չէ, ես հետագայում կնշեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս նշանակումը: Այս մասին նոյեմբերի 4-ին հրավիրված ընդլայնված նիստի ժամանակ նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կառավարության անդամներին ու տարբեր գերատեսչությունների պատասխանատուներին ներկայացնելով ԱՀ պետական նոր նախարար Ռուբեն Վարդանյանին:

Նա նախ շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին՝ դժվարին իրավիճակում նման պատասխանատվություն ստանձնելու և հետպատերազմյան ժամանակների առաջնահերթ խնդիրները լուծելու համար:

«Սա պաշտոն չէ, առաքելություն է, որը պարոն Վարդանյանը համաձայնել է ստանձնել: Մենք միասին պետք է հաղթահարենք այս ծանր փուլը, մեր սպասելիքները շատ մեծ են նրանից: Ամենակարևորն այն է, որ Ռուբեն Վարդանյանը հավատում է Արցախի ապագային: Նա համոզված է, որ Արցախում այժմ որոշվում է ողջ հայ ժողովրդի ապագան»,- ասել է Ա. Հարությունյանը:

Ռուբեն Վարդանյանն իր խոսքում նշել է, որ հանդիպել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ և պատրաստ է բոլորի կողքին կանգնել որպես զինվոր: «Մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում, ես հրաշքի չեմ սպասում: Ունենք 900-ից ոչ ավել օրեր, որը պետք է շատ արդյունավետ օգտագործենք լուծելու համար պետության, անվտանգության և զարգացման խնդիրները: Շատ աշխատանք ունենք ներսում և դրսում անելու, բայց ես վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները, վստահ եմ, որ Արցախը նորից ապացուցելու է, որ ոչ մի բան իրեն չի կարող ջարդել, մենք շարունակելու ենք ապրել մեր հողի վրա և հաջորդ սերունդներին փոխանցելու ենք անկախ, զարգացած հայրենիք»,- նշել է նորանշանակ պետնախարարը:

Արայիկ Հարությունյանը, դիմելով նշանակովի պաշտոններ զբաղեցնող անձանց, նշել է, որ նրանք ժամանակավոր են իրականացնում իրենց պարտականությունները, մինչև նոր կաբինետի ձևավորումը:

Վերջում Ռուբեն Վարդանյանը հակիրճ խոսել է Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերների մասին:

1