Պետական կառավարման համակարգում ամենամեծ խնդիրը արդյունավետ կառավարիչների խնդիրն է
Գլխավոր » Լրահոս » Պետական կառավարման համակարգում ամենամեծ խնդիրը արդյունավետ կառավարիչների խնդիրն է

Պետական կառավարման համակարգում ամենամեծ խնդիրը արդյունավետ կառավարիչների խնդիրն է

Նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը անդրադարձել է կադրային քաղաքականությանը:  Գլխավոր խնդիրը, ըստ նրա, կառավարման արդյունավետության բարձրացումն է, տվյալ դեպքում կադրերի ընտրության համակարգը բարելավելը, կադրերի աշխատանքի գնահատման, կադրերի առաջխաղացման համակարգ ստեղծելը, որոնք խորքային խնդիրների հետ են կապված: «Այս ուղղությամբ ես ցավում եմ, որ չեմ կարողացել լուրջ փոփոխություններ, բարեփոխումներ իրականացնել, իհարկե, դրա գլխավոր խնդիրը ժամանակի սղությունը, մարդկային ռեսուրսների, այդ թվում՝ պրոֆեսիոնալների, կառավարիչների լուրջ սղությունն էր: Պետական կառավարման համակարգում ամենամեծ խնդիրը արդյունավետ կառավարիչների առկայության խնդիրն է: Կրթական համակարգը արդյունավետ, հանրային կառավարիչներ չի պատրաստում»,- նշել է նա:

ԱՀ պետնախարարի խոսքով՝ կադրային արդյունավետ քաղաքականությանը խոչընդոտում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվ պատճառը որակյալ կադրերի սղությունն է: Հաջորդը համակարգի պատրաստ չլինելն է համակարգային լուծումներին, այսինքն՝ արդյունավետ ընթացակարգեր, չափորոշիչներ չկան և չեն կիրառվում: Սա արագ լուծվող խնդիր չէ և կրկին կադրերի հետ է կապված: Սուբյեկտիվ խնդիրը՝ ներքին բավականին լուրջ խնդիրներ, կաշկանդվածություն և այլն: Սա ինձ չի վերաբերում: Ես ամենաքիչ կաշկանդվող պաշտոնյաներից եմ»:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ նաև լիազորությունների խնդիր կա, հատկապես վերևի օղակի նշանակումների առումով ինքը շատ լիազորություններ չի ունեցել, և այդ որոշումները միշտ չեն միայն պրոֆեսիոնալիզմի սկզբունքով կայացվել: Այս տեսանկյունից շատ բան կա փոխելու և՛ օրենսդրությունում, և՛ պրակտիկայում:

1